Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մեղադրանքը մի բան է, Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելը՝ այլ. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատրաստվում վիճել՝ նշելով, որ Հայաստանը փոքր երկիր է նման քայլերի համար, և որ հենց ընդդիմությունն է իր հայտարարություններով փորձում լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ նախկինում բազմիցս հնչել են թե՛ Փաշինյանի, թե՛ իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ են պարունակել Ռուսաստանի հասցեին տարբեր հարցերի շուրջ։

– Այո՛, Հայաստանի իշխանությունները տարբեր հարցերում բազմիցս մեղադրել են Ռուսաստանին, բայց պետք է մի բան հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մեղադրանքը մի բան է, Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելը՝ այլ: Այդ դեպքում հայկական պետությունն է տուժելու, ու հասկանալով Ռուսաստանից եկող վտանգները, նրա հավանական քայլերը Հայաստանի դեմ, փորձում է մեղմել այդ ռիսկերն ու վտանգները: Բայց որ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքները հիմնավոր են, ու լուրջ հակասություններ կան Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, դա ևս փաստ է: 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նկատելի է, որ նրանք շատ հաճախ անում են քայլեր, որ իբր իշխանությանը վնասեն, բայց ավելի շատ պետականությանն են վնասում, նման օրինակները շատ են: Օրինակ՝ երբ ԵՄ դիտորդներին Փաշինյանը տեղակայեց Հայաստան-Ադրբեջան սահմանին, իրականում դա մեծ խնդիր առաջացրեց Ադրբեջանի ու Ռուսաստանի համար, իսկ ընդդիմության մի մասը սկսեց ռուս-ադրբեջանական թեզեր շրջանառել, իբր այդ դիտորդները եկել են, որ Ռուսաստանին վնաս տան, Իրանի դեմ են գործելու: Նման շատ օրինակներ կան: 

 – Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության պատճառը արդյո՞ք վերջին շրջանում Ռուսաստանից հնչող հայտարարություններն են: 

– Առնվազն անադեկվատ պետք է լինես, որ մտածես, թե Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնել, դա կործանարար է լինելու, ու բոլորն են դա հասկանում: Փաշինյանը շատ լավ գիտի Ռուսաստանից եկող վտանգների մասին ու գիտի, որ Ռուսաստանը շատ լուրջ վտանգներ կարող է հասցնել Հայաստանին ու փորձում է մեղմել դրանք: Մյուս կողմից էլ՝ 2020-2023 թվականներին Հայաստանի ու Արցախի հետ կապված դեպքերից հետո Հայաստանը փորձում է փոխել իր արտաքին քաղաքականության պարադիգմը, արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացիայի է ենթարկում, ու այս փուլում գնում են Ռուսաստանից կախվածությունն աստիճանաբար թուլացնելու: 

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, սակայն զուգահեռաբար իշխանությունները ակտիվ քայլեր են անում Եվրամիության հետ ինտեգրման ուղղությամբ, այդ թվում՝ խոսելով ԵՄ անդամակցության գործընթացի մասին։

– Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը շատ երկար ճանապարհ պետք է անցնի, առնվազն տասը տարի է հարկավոր, եթե չլինի քաղաքական որոշում: 

Եթե հիմա հայտարարի, որ գնում ենք ԵՄ, դա մեզ համար խնդիրներ է առաջացնելու այն առումով, որ Հայաստանի նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ առումով, երկար ժամանակ ռազմավարական մտածելակերպ չեն ցուցաբերել ու չեն մտածել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը թուլացնելու մասին: 

Ուստի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում, ու եթե հիմա հայտարարի ԵՄ-ին անդամակցելու մասին, հետևանքները շատ ծանր են լինելու տնտեսական առումով: Դրա համար էլ առայժմ չի գնում այդ քայլին, փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, մտածել այլընտրանքներ ստեղծելու մասին, հետո միայն, երբ Հայաստան-ԵՄ հարաբերությունները արդեն ավելի շատ կխորանան, ու կգա որոշում կայացնելու պահը, Փաշինյանը կհայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am