Սերժ Սարգսյանին ընտրելուց մինչեւ ստրկությունից դուրս գալու միլիոնանոց երթ. ըստ Արշակ Զաքարյանի` «կարեւորը նպատակն է»

Սերժ Սարգսյանին ընտրելուց մինչեւ ստրկությունից դուրս գալու միլիոնանոց երթ. ըստ Արշակ Զաքարյանի` «կարեւորը նպատակն է»
Սերժ Սարգսյանին ընտրելուց մինչեւ ստրկությունից դուրս գալու միլիոնանոց երթ. ըստ Արշակ Զաքարյանի` «կարեւորը նպատակն է»

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ մեկ միլիոնանոց երթ անցկացնելու առաջարկությունը բուռն քննարկումների թեմա է այս օրերին: 2008 թվականի Սերժ Սարգսյանին ընտրած, իսկ այսօր կեղծված ընտրությունների դեմ պայքարող կինոռեժիսորն Ազատության հրապարակում հավաքված և հրապարակից դուրս հայերին առաջարկում է համախմբվել ու ստրկությունից դուրս գալու համար խորհրդանշական 1 միլիոնանոց երթ անցկացնել ապրիլի 8-ին: Դա, ըստ կինոռեժիսորի, կկանխի պաշտոնական տվյալներով նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունը:

«Ապրիլի 8-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով բարձրանում նախագահի աշխատավայր՝ հայտնելու մեր անվստահությունը ներկա իշխանություններին: Եթե իրոք կա այդքան դժգոհություն, ապա միացեք, եթե ոչ, ապա մի դժգոհեք և շնորհավորեք նորընտիր նախագահին հաջորդ օրը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպես է ներկայացված նախաձեռնությունը: Սա հարուցել է հասարակության մի մասի դժգոհությունը, ոմանք Արշակ Զաքարյանին սադրիչ են որակում՝ նշելով, որ խորհրդանշական երթը ոչ թե ապրիլի 8-ին, այլ 9-ին պետք է անցկացվի:

«Օրն էական չէ, կարևորը` բոլորը մեկ նպատակ ունեն: Հենց այս հարցում պառակտում մտցվեց, ուրեմն պարտված ենք: Եթե պետք լինի, ես չունեմ էդպիսի իղձ՝ դառնալու առաջնորդ, կարող եմ ժողովրդի համար մի կողմ դնել ցանկացած նախաձեռնություն: Եթե որոշվի, որ ապրիլի 9-ն է ճիշտ ժամանակը, իհարկե, ես բոլորին, ովքեր միացել են ինձ, կոչ կանեմ, որ երթի դուրս գանք ապրիլի 9-ին»,- «Մեդիալաբին» ասում է նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ մեկ միլիոնանց երթերն աշխարհում նորություն չեն, տարբեր երկրներում նման երթերը համակարգային փոփոխություններ են մտցրել: Արշակ Զաքարյանը պատմում է, թե ինչպես ծնվեց նախաձեռնությունը. «Երբ ժողովուրդն ասեց՝ կոնկրետ քայլ ենք ուզում, ես` որպես ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, իմ կարծիքը դրեցի համացանցում: Հատուկ մշակված չի եղել, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ է սա, ոչ մեկի դեմ չէ: Ես իմ կարծիքն ասեցի, ու ստացվեց, որ դա ժողովրդին դուր եկավ, ու սկսեցին հավաքվել այդ կարծիքի շուրջ»:

Կինոռեժիսորն ասում է՝ քանի որ ժողովրդի ընտրած նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ապա ինքն իր պարտքն է համարել գալ Ազատության հրապարակ ու հանրությանը տեղեկացնել նախաձեռնության մասին: Իսկ որոշում կայացնողը ժողովուրդն է, նաև որպես առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թե որքանո՞վ է հայ ժողովուրդը պատրաստ մեկ միլիոնանոց երթով փրկելու երկիրը ստրկությունից, ինչպես ժամանակին արվեց ԱՄՆ-ում, հարցին Արշակ Զաքարյանը դեռ հստակ պատասխան չունի: Նա արձանագրում է, որ հայերն սկսել են վախենալ ու չարտահայտել իրենց կարծիքը: «Պետք է գանք այն վիճակին, որ ոչ մեկս չվախենանք ճիշտն ասելուց»,- նշեց նա:

Արշակ Զաքարյանը նշում է, որ եթե այս իշխանությունները խոստացված բարեփոխումների կեսը կյանքի կոչեին, ապա այսօր իրավունք կունենային ասելու՝ տվեք մեզ ևս 5 տարի, որպեսզի մյուս կեսն էլ անենք: «Բայց եթե բարեփոխումների ոչ միայն կեսը, այլև ոչ մեկը չի արվել, մի բան էլ վատթարացել է վիճակը, ապա նրանք իրավունք չունեն ընտրողից պահանջելու: Ես եմ մեղավոր, որ ինքն ընտրվել է, ես էլ իրեն ասում եմ, որ պետք է իջնես ներքև, պահանջատեր եմ»,- ասում է նա:

Նա կարծում է, որ այս շարժումը չի մարի, եթե բոլորն իրենց «ես»-ը մի կողմ դնեն ու գան Ազատության հրապարակ: Ըստ կինոռեժիսորի՝ չկա աշխարհում որևէ ռեժիմ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել: «Նայեք Ասադի ռեժիմը, Մուբարաքի ռեժիմը, դրանցից ուժեղ ռեժիմներ կայի՞ն, ոնց տապալվեցին, որովհետև ժողովուրդը միացավ: Հիմա մենք կոչ ենք անում, քանի որ դա չի հաջողվել կուսակցություններին, մենք` քաղաքացիներս, ենք կոչ անում՝ միացեք»,- նշեց նա:

Անդրադառնալով որոշ մտավորականների պահվածքին՝ կինոռեժիսորը նշեց, որ ոմանք

ջայլամային քաղաքականություն են վարում երկու պատճառով: Առաջինն այն է, որ երբ մտավորականները դուրս են գալիս հարթակ ու իրենց կարծիքը հայտնում, հասարակության մի մասը նրանց քարկոծում է: «Ոմանք էլ ուղղակի վախենում են, նրանց տաքուկ աթոռներ են տվել, գնացել են ու կորել են մեր մտավորականները»,- «Մեդիալաբին» ասում է Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է Արշակ Զաքարյանի նախաձեռնությունը և հայտարարել , որ դեմ չէ ապրիլի 8-ի երթին, քանի որ իրավունք չունի երբևէ քաղաքացիական նախաձեռնության դեմն առնելու: Նա միաժամանակ հիշեցրել է, որ եթե չլիներ փետրվարի 18-ը, նման երթ անցկացնելու անհրաժեշտություն էլ չէր լինի:

© Medialab.am