Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի շուրջ, կատարվում է իր գիտությամբ ու կարգադրությամբ. Նորայր Նորիկյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանի ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպումից հետո հնչեցին կարծիքներ, որ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական հոդված հարուցելու վերաբերյալ ուղիղ ակնարկ արեց: Դուք նկատեցի՞ք նման ակնարկ, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հանդիպման հանրային ձևաչափը:

– Երևույթն արտառոց է այն առումով, որ եթե անգամ այդ կազմակերպությունում եղել են հնարավոր չարաշահումներ կամ Քրեական օրենսգրքով արգելված դեպքեր, միայն այն հանգամանքը, որ վարչապետի մակարդակով ժամանակավոր կառավարչի հետ տեղի է ունենում հրապարակային մակարդակում, դա վկայում է այն մասին, որ այս խնդիրն ուղղակի դառնում է քաղաքական խնդիր, քաղաքական պատվեր Փաշինյանի կողմից այս կառույցում ինչ-որ խնդիրներ լուծելու համար: 

Կրկնում եմ, եթե նույնիսկ այդ ընկերությունում եղած լինեն ինչ-որ չարաշահումներ, ինչը բացառված չէ, բայց միայն այն, որ վարչապետ Փաշինյանը շահագրգռված է այս գործով ու ցուցաբերում է նման համառություն ու նման եզրահանգումների է գալիս, քրեական ինչ-որ մեղադրանքի հասկացություն է դնում շրջանառության մեջ, ինքն է որոշում, թե ի՛նչ հանցակազմ է առկա, այսինքն՝ մոտավորապես տալիս է քրեական հետապնդման ընդհանուր բնութագիրը, դա նշանակում է, որ նա ուղղակի պատվեր է իջեցնում իրավապահ մարմիններին՝ իրականացնել կոնկրետ քրեական հետապնդում քաղաքական բաղադրիչով: 

Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածն առաջին օրվանից ես գնահատել եմ քաղաքական խնդիր, ուրիշ բացատրություն չկա, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է իր ամբողջ զբաղմունքը թողնի ու ամեն օր այս կամ այն մասնավոր ընկերության ստուգումներով զբաղվի ու հայտնաբերված խնդիրների մասով կոնկրետ հրահանգներ իջեցնի: 

Հատկանշական է, որ Սահմանադրության 6-րդ հոդվածով գործադիր իշխանության ղեկավարին նման իրավասություններ վերապահված չեն, քանիցս արձանագրել եմ, որ վարչապետ Փաշինյանը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները ու խառնվում է այնպիսի գործընթացների, որոնց սահմանադրական լիազորությունը չունի, սա շատ վտանգավոր նախադեպ է: Եթե նույնիսկ ժամանակավոր կառավարիչը իր գործունեության ընթացքում ՀԷՑ-ում հայտնաբերել է չարաշահումներ, ապա պարտավոր է այդ մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում՝ Գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունն է միակ սահմանադրական մարմինը, որը կարող է քրեական հետապնդում հարուցել այս կամ այն անձի նկատմամբ, վարչապետը դրա իրավունքը չունի:

– Վարչապետի այս հայտարարության մեջ տեսնո՞ւմ եք անմեղության կանխավարկածի հնարավոր խախտում։

– Իհարկե, Սահմանադրության 66-րդ հոդվածի կոպիտ խախտում է անմեղության կանխավարկածի խախտումը, իհարկե, կոնկրետ անձանց անուններ չեն հնչեցվում, բայց ի սկզբանե պարզ է, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է: Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի շուրջ, կատարվում է իր գիտությամբ ու կարգադրությամբ, այսինքն՝ ինքը շատ բաց է խաղում այս գործընթացում ու բացահայտ ցույց է տալիս, որ այս ամենի հետևում կանգնած է ինքը և այս ամենով քաղաքական խնդիր է լուծում: 

– Ձեր կարծիքով՝ վարչապետի այս գործողություններում իրավական խախտման նշաններ կա՞ն: 

– Բացեք Սահմանադրության 6-րդ հոդվածը ու տեսեք, թե ՀՀ վարչապետը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ի՛նչ իրավասություններ ունի: Չեմ կարծում, թե Հայաստանում դուք կգտնեք որևէ իրավաբանի, որը կարող է ասել, թե ՀՀ վարչապետը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին որևէ ցուցում տալու կամ Քրեական օրենսգրքով արգելված որևէ արարքի վերաբերյալ մատնացույց անելու, կամ որևէ մեկին մեղավոր ճանաչելու սահմանադրական լիազորություն ունի: ՀՀ վարչապետը չունի նման լիազորություններ, իսկ այն պետական կառավարման մարմինը ու նրա ներկայացուցիչը, եթե կատարում է Փաշինյանի հրահանգը, բնականաբար, դա ՀՀ օրենսդրությամբ արգելված արարք է, որը ենթադրում է պատասխանատվություն: 

– Այսինքն՝ ընդդիմության այն պնդումը, թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է որոշում, թե ո՛վ պատժվի, ո՛վ արդարացվի, հիմք ունի՞:

– Ես չորս տարի առաջ եմ ասել, որ Հայաստանը վերածվել է մեկ մարդու կառավարման պետության, ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է: Այս ամենը նաև խորհրդարանական ընդդիմության անփառունակ գործունեության հետևանք է, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է այսքան անվերահսկելի, որովհետև ընդդիմության գործառույթը պետք է լինի իշխանություններին զսպելը, վերահսկելի դարձնելը, իսկ մենք դա չենք տեսնում, ընդհակառակը՝ իշխանությունն է մատ թափ տալիս ընդդիմության վրա: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am