«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»անդրադարձը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2012 թ. դեկտեմբերի 17-ի դիմումի և ՀՀ քաղաքացի Նիկողոսյանի` 2012 թ. ներկայացրած երեք դիմումների հիման վրա հարուցվել է վարույթ` այն ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

ԹԻՀԿ-ը մասնավորապես խնդրել է պարզել Գ. Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների («Ալեքսերվ» Ապեյրոն» ՍՊԸ-ն, «Մեգաֆուդ» ՍՊԸ, «Գալաքսի» սուպերմարկետ, «Մեգա մոթորս» ՍՊԸ, «Սանտա ֆե» սրճարան, «Գալաքսի» հացի գործարան, «Մեգա սպորտ» խանութների ցանց, «Խրոնոգրաֆ», «Չիմեգ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:

Ս.թ. մայիսի 3-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը և կայացրել է որոշում, որով հաստատել է եզրակացությունն այն մասին, որ դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում»: