«Այն դիրքերը, որ գրավել էին, այս գիշեր մեր բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ վերցրեցինք». Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Պարոն Հյուսնունց, ինչպիսին է իրավիճակն Արցախում: Լայնածավալ պատերազմը շարունակվո՞ւմ է:

– Այո, շարունակվում է: Առաջին իսկ գրոհը Ադրբեջանն սկսեց լայնամասշտաբ, իր ողջ ռազմական զինանոցով՝ «Սմերչով», ուղղաթիռներով, ավիացիայով, Ստեփանակերտը ռմբակոծեցին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, բոլոր շրջկենտրոնները: Սակայն այն դիրքերը, որ գրավել էին, այս գիշեր մեր բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ վերցրեցինք: 

Եթե Ադրբեջանը այսպես շարունակի, մենք ռազմական գործողությունները տեղափոխելու ենք իր տարածք: Թող դա իրենց ականջներին օղ անեն: Հիմա կայուն պատերազմական վիճակ է, այսինքն՝ որևէ տեղ կոնկրետ բան չկա, ուղղակի ռմբակոծում են: 

– Փաստորեն մենք բոլոր դիրքերը կարողացե՞լ ենք հետ բերել:

– Գրեթե բոլոր: Թալիշում ենք դիրքեր ազատագրել, հարավային մասում ենք հետ վերցրել: Հիմա կայուն վիճակ է, ամեն ինչ վերահսկողության տակ է: 

Անձամբ Արցախի Հանրապետության նախագահն է ղեկավարում ամբողջ պրոցեսը, նրա վերահսկողության տակ է, և, կարծում եմ՝ մենք հերթական անգամ ապացուցելու ենք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, մեր ժողովուրդը միասնական է, շատ կամավորականներ են եկել Հայաստանից, գրեթե 20 հազար հայեր Ռուսաստանից են ուզում գալ: Հազարավոր մարդիկ դիմում են, որ գան և կանգնեն Արցախի պաշտպանության համար:

– Ըստ էության հայերը վճռական են և պատրաստ են գնալ մինչև վե՞րջ:

– Մենք կորցնելու ոչինչ չունենք, նրանց համար Արցախը տարածք է, մեզ համար՝ Հայրենիք: 

– Մենք տեսնում ենք, թե հայկական կողմը որքան զինտեխնիկա է խոցում, սակայն զոհերի թիվը մեծ է, դա մտահոգիչ չէ՞:

– Շատ մտահոգիչ է, բայց պատերազմը վատ բան է և իր վատ օրենքներն ունի: Տասնյակ զոհեր ունենք, իրենք հարյուրավոր զոհեր ունեն: Պատերազմ է, ինչ կարող ես անել: 

– Նրանց զոհերը որքա՞ն են կազմում:

– Նրանք իրենց լրատվամիջոցներում գրում են, որ 450-ից ավելի է: Մենք 100-ից մի քիչ ավելը գիտենք, բայց վերջնականը չգիտենք: 

– Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից կամավորներ են գալիս Արցախ: Այս պահին անհրաժեշտություն կա՞ նրանց այդտեղ լինելու:

– Ամբողջ մեր ժողովուրդը, աշխարհազորը կանգնած են բանակի թիկունքին, բանակի հետ հերթափոխում են, կռվում են: Մեր փորձառու բոլոր հրամանատարները հավաքվել են նախագահի շուրջը, բոլոր նախկին ու ներկա գեներալները, և նախագահի ղեկավարությամբ շտաբը գործում է: 

Կարծում եմ՝ այդ ամենի արդյունքը մենք շատ շուտ կտեսնենք, շատ շուտով Ադրբեջանը գիտակցելու է, որ այլևս ռազմական ճանապարհով Արցախի խնդրի լուծման փորձ չպետք է անի: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր ամբողջ օրը առաջխաղացում ենք ունեցել: 

– Մեր զորքը հիմա հաստատուն կանգնած է, Ադրբեջանին չի հաջողվել որևէ տեղ ճեղքում գրանցել, ու հիմա ուղղակի երկուստեք ռմբակոծում են: 

– Ստեփանակերտը դարձյա՞լ թիրախում է:

– Ոչ, ընդամենը այսօր առավոտյան Ստեփանակերտում անօդաչուներով 2-3 բան գցեցին: Հիմա հանգիստ է:

– Միջազգային հանրության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, երբ բոլորը կարծեք թե հավասարության նշան են դնում:

– Այդպես չէ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները արձագանքել են, իհարկե, երկուստեք պետք է հայտարարեին, բայց մենք հիմա իրենց կանգնեցնելու խնդիր չունենք, իրենք պետք է հասկանան, կանգ առնեն: Իսկ եթե խելքի չգան, տուժելու են, հերթական տարածքներն են կորցնելու: 

Միայն մեկ ափսոսանք ունենք, որ մեր երիտասարդներն են զոհվում: Մնացած առումներով մարտունակ ենք, ամեն ինչ ունենք՝ ռազմական արսենալով, պատրաստականությամբ: Բոլոր գեներալները՝ նախկին ու ներկա, հավաքվել են Արցախի Հանրապետության նախագահի շուրջը և վարում են այս ամբողջ պատերազմական գործողությունները: Մեզ հաղթել չի լինի:

Մանե Հարությունյան

MediaLab.am