«Արցախին օդ ու ջրի պես իշխանափոխություն պետք է, մենք վճռական ենք մեր նպատակներին հասնելու մեջ ցանկացած գնով». Արցախի նախագահի թեկնածու

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, նախօրեին ձեր կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվեցիք որպես Արցախում նախագահի թեկնածու։ Հաշվի առնելով, թե ինչպիսի ընտրապայքար է ընթանալու, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից, «Միացում» կարգախոսի ներքո կարողանալո՞ւ եք միացնել արցախահայությանը։

– Համոզված եմ, որ կարողանալու ենք համախմբել արցախցիներին։ Մեր հիմնական դժվարությունն այն է, որ ժողովրդին պետք է հասկացնենք, տեղեկացնենք, որ մեր կուսակիցները տասնամյակներ շարունակ Հայաստանում և Արցախում գոյություն ունեցող ռեժիմի դեմ պայքարի փորձ ունեն։ 

Մեր թիմը միակն էր, որ անդուլ պայքար էր տանում ռեժիմի դեմ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Դա ապացուցման կարիք չունի, դա գիտեն բոլորը, այդ թվում՝ սփյուռքում։ Այստեղ կարևորն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը Արցախ չի հասել, սակայն հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ արցախահայության մեջ կան հեղափոխական գաղափարն ու միտքը։ 

Արցախում դեռևս գոյություն ունեցող ռեժիմին, որը Հայաստանի նախկին իշխանության կցորդն ու շարունակությունն է, մենք միշտ էլ դեմ ենք եղել, և իրական ընդդիմությունը մենք ենք։ Այդպես եմ ասում, որովհետև այսօր իշխանական բոլոր կուսակցությունները փորձում են ընդդիմության դիրքերից խոսել։ 

Նույնիսկ նախկին իշխանության մաս կազմողները, որոնք դուրս էին մղված իշխանությունից, երկրում չէին ապրում, նրանք էլ են փորձում զոհի կարգավիճակով հանդես գալ և խոսել ընդդիմության դիրքերից։ 

Իհարկե, տեղ-տեղ այդ բախտախնդիր մարդկանց հաջողվում է գրավել ընդդիմության տեղը, բայց մենք արդարացիորեն ժողովրդի օգնությամբ կարողանալու ենք դուրս մղել նրանց և ասպարեզ բացել մեր ժողովրդի առջև, որ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի, համախմբվի մեր շուրջը՝ որպես իրեն հավատարիմ մնացած միակ քաղաքական ուժի։ 

Մեր ուժն է միայն, որ կարողանալու է ժողովրդին վերադարձնել իր իրավունքները, ժողովրդի ամբողջ ընդերքը, հարստությունը, ջրերի ու ընդերքի օգտագործման ձևերն ու մեթոդները։ 

Մեր ուժն է միայն, որ կարող է արդարացի ձևով, ինչպես պատերազմն ենք հաղթել, այնպես էլ տնտեսությունը կարող ենք այնպես կազմակերպել, որ մարդիկ չարտագաղթեն, լինի ներգաղթ, լինի զարգացում, ժողովրդագրության դրական փոփոխություն, ազատագրված տարածքների բնակեցում և դրանով պաշտպանության ամրապնդում, և որպեսզի արցախցին իրեն անվտանգ զգա իր հողում, և կարողանա լավ հայրենիք փոխանցել իր հետնորդներին։ Եվ դա լինելու է մեկ պետության մեջ, մեկ հզոր Հայաստանի մեջ։ Սա՛ է հիմնական խնդիրը, որ մենք պետք է կատարենք։

– Ձեր կարծիքով՝ Արցախում հեղափոխությունը մո՞տ է, շատերը հավանական են համարում Արայիկ Հարությունյանի ընտրվելը։ Դուք որքանո՞վ եք նրան մրցակից համարում, որքանո՞վ թեժ կլինի պայքարը։

– Ես չեմ ուզում մեկ առ մեկ անդրադառնալ հավանական թեկնածուներին, գուցե հետո դրա անհրաժեշտությունը լինի, հիմա չկա այդ անհրաժեշտությունը։ Մյուս բոլոր թեկնածուներն ընդամենը ցանկանում են վերարտադրել իշխանությունը։ Ի դեմս շատ թեկնածուների՝ իշխանությունները փորձում են վերարտադրվել։ 

– Այսինքն՝ եթե Արայիկ Հարությունյանն ընտրվի, իշխանափոխություն չի՞ լինի։

– Ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլև իշխանական մյուս բոլոր թեկնածուների ընտրվելուց հետո Արցախում կլինի ոչ թե հեղափոխության ոգուն համապատասխան իշխանափոխություն, այլ իշխանափոխանցում։ 

– Դուք մտադիր եք գյուղ առ գյուղ շրջել և կփորձեք համոզել, որ հեղափոխությո՞ւն է անհրաժեշտ Արցախում։ 

– Այո՛, մենք պետք է ընտրողներին համոզենք, և դրա բոլոր նախադրյալները կան։ Հիմա նախորդ ռեժիմի պայմանները չեն, որ բանակը խառնվի, որ իշխանական լծակների օգտագործում լինի լայն ձևով։ Իհարկե հիմա էլ նման երևույթներ կան, իշխանությունները փորձում են վերարտադրության ձևով ինչ-որ տեխնոլոգիաներ անուղղակիորեն կիրառել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք իշխանությունների վերարտադրություն։ 

– Կարծում եք՝ մրցակցությունն այս անգամ մե՞ծ է լինելու։

– Այո՛, մրցակցությունը լինելու է մեծ, համեմատաբար ավելի արդար են լինելու ընտրությունները։ Անարդարությունը հիմա այն է, որ իշխանությունները հիմիկվանից փորձում են կեղծել ընտրությունները։ 

Սրա դեմը պետք է փակել, պետք է այս հարցում օգնել Արցախի ժողովրդին և հատկապես մեր քաղաքական ուժին։ Արցախի ժողովրդին այս հարցում պարտավոր է օգնել Հայաստանի կառավարությունը, որովհետև օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ապահովելու է անկաշառ, թափանցիկ, արդար ընտրություն։ 

Սակայն արդեն իսկ Արցախի իշխանության կողմից աղավաղված է ընտրությունը, և կխնդրեի, որ ՀՀ իշխանությունները դրան ուշադրություն դարձնեն։ Ես ունեմ կոնկրետ փաստեր, եթե անհրաժեշտ լինի՝ դրանց առաջիկայում կանդրադառնանք։ 

– Որքանո՞վ դուք կունենաք Հայաստանի իշխանությունների աջակցությունը։

– Ես անձամբ ՀՀ իշխանությունների աջակցության կարիքը չունեմ, բայց կուզեմ, որ ՀՀ իշխանություններն ուշադրություն դարձնեն իմ նշած այն անարդարություններին, այն կեղծումներին, որ հիմա կատարում են Արցախի իշխանությունները։ 

Խոսքն այն մասին է, որ իշխանությունները 14-15 տարի առաջ քաղաքական դաշտն ավերել են, վերացրել են ընդդիմությունը։ Ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժերին կա՛մ ոչնչացրել են, կա՛մ սերտաճեցրել իրենց հետ։ 

Իսկ այս տարվա մեջ իշխանությունները մոտ երկու տասնյակ կուսակցություններ են ստեղծել, փորձում են արհեստական քաղաքական դաշտ ձևավորել։ Այդ մարտադաշտ են նետել այսպես կոչված ֆեյք կուսակցություններ, որոնք փորձում են հանդես գալ ընդդիմության դիրքերից և դրանով փոշիացնել իրական ընդդիմության դիրքերը։ 

Ոչինչ չեն խնայում դրա համար, մեծ գումարներ են ծախսում, մեծ կեղծումներ անում։ Այս մասին պետք է մտածի ՀՀ իշխանությունը և թույլ չտա։ Իմ ամենամեծ ակնկալիքը ՀՀ իշխանություններից սա է, ոչ թե անմիջական աջակցությունը կոնկրետ մեզ, որ կարողանանք հաղթել։ 

Մեր քաղաքական ուժն է միայն, որ սատարել է հեղափոխությանը, որ սրտանց հեղափոխության կողքին էր դեռևս հեղափոխությունը չսկսված։ Մենք տասնամյակներ շարունակ մեր կաշվի վրա կրել ենք ողջ այդ հալածանքները, հետապնդումները ընդհուպ մինչև 2018-ի ապրիլը։ 

Մենք առաջին օրերից հեղափոխության կողքին ենք եղել, սատարել, աջակցել ենք և ամեն կերպ ներդրում ենք ունեցել հեղափոխության հաղթանակի գործում։ Իհարկե, տրամաբանական և արդարացի կլիներ, որ ՀՀ իշխանությունները, որ եկել են նաև մեր աջակցությամբ, իրենք էլ գոնե 1-2 տոկոսի չափով աջակցեին մեզ։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը արդարացիորեն ճնշում կգործադրի կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա, որ նա մեր քաղաքական ուժին սատարի։ 

Նա էլ մեզ չի խնդրել, որ կանգնենք իր կողքին, մենք կամավոր գնացել ենք, որովհետև գտել ենք, որ Հայաստանին օդ ու ջրի պես իշխանափոխություն է պետք։ Դրա մասին տասնամյակներ բարձրաձայնել եմ։ Հիմա էլ Արցախին օդ ու ջրի պես իշխանափոխություն պետք է։ 

Դա պետք է զգա և իմանա անձամբ Նիկոլ Փաշինյանը և պետք է ոչ թե փնտրտուքների մեջ լինի, թե իշխանություններից ո՛ւմ աջակցի, և սխալ դուրս գա, այլ փորձված ուժերին և անհատներին պարտավոր է աջակցել։ Եթե չաջակցի, մենք խնդիր չունենք, մենք գնալու ենք մեր ճանապարհով, շարունակելու ենք մեր պայքարը ընդհուպ մինչև մեր նպատակների իրագործումը, ընդհուպ մինչև միացյալ Հայաստանի կերտումը, մեկ պետության կազմավորումը։ Մենք վճռական ենք մեր նպատակներին հասնելու մեջ ցանկացած գնով։

Մանե Հարությունյան  

MediaLab.am