«Արագիլների աղտոտվածության նվազում չկա, միայն Արարատում հաշվառվածների 60%-ը աղտոտված է». Լուսինե Աղաջանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Գերմանիայի բնության պահպանության միության» հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանը

– Տիկի՛ն Աղաջանյան, Արարատի մարզում ավարտել եք արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքները՝ ահազանգելով տարածաշրջանում էկոլոգիական աղետի մասին: Ի՞նչն է նման ահազանգի հիմք հանդիսացել, կխնդրեմ՝ մանրամասնեք:

– Նմուշառել ենք մեծ թվով արագիլներ, թե՛ մաքուր, թե՛ կեղտոտ փետուրներ ենք հավաքել: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի կրկին ուղարկելու ենք և՛ Հայաստանի, և՛ արտերկրի տարբեր լաբորատորիաներ, որպեսզի հասկանանք աղտոտվածության հիմնական պատճառը: 

Անցյալ տարի թե՛ Հայաստանի, թե՛ Ավստրիայի լաբորատորիաներից ստացանք նույն պատասխանը, ըստ որի՝ այդ աղտոտիչ նյութի հիմնական մասը իրենից ներկայացնում է խառնուրդ, որը բաղկացած է բուսական յուղերից, լվացող միջոցներից և սննդային հավելումներից: Այլ տեսակի նյութեր ևս կան, բայց շատ քիչ են, հիմնականը սրանք են:

Եթե այս տարի էլ ստանանք նույն պատասխանը, կկենտրոնանանք ավելի կոնկրետ ուղղվածության վրա:

– Այս տարվա ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել: Աղտոտված արագիլների քանակը նվազե՞լ է:

– Նվազում չկա: Այս տարի դեռ հասցրել ենք ավարտել միայն Արարատի մարզում աշխատանքները, որի ամփոփ պատկերը ցույց տվեց, որ հաշվառված արագիլների 60%-ը աղտոտված է, ինչն էլ մեր անհանգստության և ահազանգի հիմքն է:

Արմավիրի մարզում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, սկսել ենք մեկուկես շաբաթ առաջ, ամսվա վերջին ծրագրում ենք ավարտել: Երկու մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա էլ կունենանք Արարատյան դաշտի ընդհանուր պատկերը:

Արագիլների աղտոտվածության նվազման միտում չկա, հակառակը՝ գուցե նաև ավելացել է, բայց սա հստակ կարող ենք ասել, երբ ունենանք Արմավիրի մարզի ուսումնասիրության պատկերը՝ համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ: Բայց անզեն աչքով աղտոտվածության աճ է նկատվում:

– Միայն այդ երկու մարզո՞ւմ եք հաշվառում իրականացնում:

– Այո՛, Լոռու մարզում, Արագածոտնի, Շիրակի մարզերի որոշ գյուղերում էլ կան արագիլներ, սակայն այդ տեղերում ճշտել ենք, որ այդպիսի դեպքեր չեն նկատվում, քանի որ աղտոտվածության դեպքեր չեն նկատվում, իմաստ չենք տեսել այցելել: Մեր խնդիրը հիմնականում Արարատյան դաշտի աղտոտվածության պատճառը բացահայտելն էր:

Տիկի՛ն Աղաջանյան, արագիլների աղտոտվածության մեկ հիմնական պատճառ կարո՞ղ եք ասել, թե՞ դրանք մի քանիսն են:

– Մի քանի վարկած կա, որոնցից ոչ մեկը չենք բացառում այս պահին: Անցյալ տարի շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ ասաց, որ աղտոտվածությունը գալիս է ձկնաբուծարանների թափոններից, որոնք Մասիսի աղբավայր են թափվում, ինչն արագիլների համար սննդի հեշտ միջոց է: Մենք սա չենք բացառում, բայց մեր լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ աղտոտվածության հիմքում բուսական ծագման յուղեր են, ոչ թե կենդանական: Ամեն դեպքում նաև ձկնաբուծարանների հետ կապված ուսումնասիրությունները շարունակում ենք: 

Աղտոտվածության երկրորդ հնարավոր աղբյուրը աղբավայրերն են, մենք քարտեզագրության աշխատանքներ ենք իրականացնում, որից հետո երբ ընտրենք այն աղբավայրերը, որոնք կարող են կապ ունենալ աղտոտվածության հետ, կգնանք այդտեղ, կփորձենք հասկանալ՝ որքանո՛վ է հավանական, որ աղտոտվածությունը հենց աղբավայրերից լինի:

Թռչնաբուծական ֆաբրիկաները ևս վարկածներից մեկն է, որ միգուցե այս ֆաբրիկաների թափոնների հետևանքով կարող է աղտոտվածություն տեղի ունենալ:

Կարծում ենք, որ աղտոտվածության հիմք կարող է լինել նաև ջրերի ու ջրանցքների աղտոտված լինելը, ինչը ևս ուսումնասիրում ենք, մասնավորապես՝ Հրազդան գետն ու դրանից դուրս եկող ջրանցքները: 

Հետևաբար հստակ ասել, թե կոնկրետ պատճառը սա է կամ նա, չենք կարող:

– Այնուամենայնիվ, ճի՞շտ է աղտոտվածության կոնկրետ մեկ աղբյուր նշել, օրինակ՝ ձկների թափոնները, ինչպես նշում են շրջակա միջավայրի նախարարությունը և այլ մասնագետներ:

– Մենք չենք կենտրոնանում միայն ձկների թափոնների վրա, որովհետև անցյալ տարի, երբ քարտեզագրեցինք ու հասկացանք, թե որ հատվածն է աղտոտված արագիլների թեժ կետը, պարզ դարձավ, որ դա չի կարող լինել միայն Մասիսի աղբավայրը և չի կարող լինել կոնկրետ այս կամ այն ձկնաբուծարանը՝ ինչպես մատնանշում են, որովհետև աղտոտվածության տարածքը շատ ավելի մեծ է: 

Բացի այդ, Էջմիածնի տարածաշրջանից արագիլը պետք է թռչի հասնի Մասիսի աղբավայր, իսկ գրականության տվյալների համաձայն՝ արագիլները հեռանում են 5-10 կմ: Այս տվյալները ստուգելու համար այս տարի հինգ արագիլի վրա, որոնց թվում են նաև աղտոտվածները, տեղադրել ենք GPS տրեկերներ, որպեսզի հասկանանք նրանց լոկալ թռիչքը Հայաստանի տարածքում: Տվյալներն ամփոփելուց հետո արդեն պատկերն ավելի հստակ կլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am