Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների,  լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի 8 միլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ  Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի  դուստրը, ծնվել է  2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանի տեղեկացմամբ՝  արդեն աշխարհի 8 միլիարդերորդ բնակիչ համարվող Արփիի հայրը զբաղված է արտագնա աշխատանքով, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ Արփին այս ընտանիքի երրորդ ու սպասված երեխան է: Առաջին երկու երեխաները տղաներ են։