«ՄՄ անդամագրվելու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԼՂ հարցում կտրուկ բարձրացել է ՌԴ դերակատարությունը». ՀԱԿ

«ՄՄ անդամագրվելու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԼՂ հարցում կտրուկ բարձրացել է ՌԴ դերակատարությունը». ՀԱԿ
«ՄՄ անդամագրվելու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԼՂ հարցում կտրուկ բարձրացել է ՌԴ դերակատարությունը». ՀԱԿ

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Մաքսային միությանը միանալուն, եւ այլ կարեւոր ոլորտների եւ զարգացումների  է անդրադարձել Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՀՀ Արտաքին քաղաքականություն 2013 թվականի ամփոփման» մեջ: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հատվածն ամբողջությամբ:  

«Մտահոգիչ զարգացումներ են նշմարվում նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Գրեթե երկու տարվա դադարից հետո տեղի ունեցած Սարգսյան- Ալիև հանդիպումը ավելի շատ հարցեր է առաջ բերել, քան նախկինում:  Հրապարակային հաղորդագրություններից պարզ չի դառնում, թե արդյոք կողմերը եկե՞լ են համաձայնության, թե ո՞ր փաստաթղթի շուրջ պետք է ընթանան բանակցությունները, թե՞, այնուամենայնիվ, անգամ այս հարցում տարաձայնությունները դեռ հաղթահարված չեն: Զավեշտն այն է, որ Հայաստանը ջանում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան փաստաթղթի շրջանակ, Ադրբեջանն էլ փորձում է ամրագրել իր համար ավելի շահեկան մի փաստաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակը կանխորոշվում է Ադրբեջանի կազմում:

Ինչպես նախկինում նշվել էր, բացի նրանից, որ չկա համաձայնություն սեղանի վրա դրված փաստաթղթի շուրջ, հիմնավոր տարաձայնություններ կան նաև հանրաքվեի անցկացման և Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ:  Այսպես, կողմերը չեն կարողանում պայմանավորվել հիմնական հարցերի շուրջ. ե՞րբ է անցկացվելու հանրաքվեն, ո՞վ է մասնակցելու հանրաքվեին, ի՞նչ իրավական  ուժ է այն ունենալու, ո՞ր մարմինն է անցկացնելու հանրաքվեն, ինչպիսի՞ հարց (էր) է դրվելու հանրաքվեին: Այս հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ միայն միամիտները կարող են հավատալ, որ Սերժ Սարգսյանն ու Ի. Ալիևը դրանք կհամաձայնացնեն բանակցային սեղանի շուրջ՝ առանց դրսի գործուն միջամտության: Հեռու գնացող դատողություններ անելու կարիք չկա՝ պարզելու համար, թե հակամարտող կողմերից ո՞ր մեկի դիմադրողականությունն է այս փուլում առավել հզոր:

Նույնքան խնդրահարույց է նաև Լաչինի շրջանի, իսկ ավելի ճիշտ՝ միջանցքի հարցը. Մադրիդյան սկզբունքների 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն՝ Լաչինի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Մեզ մնում է միայն միջանցք, որի լայնքը ու ապագա կարգավիճակն անհայտ են: Սույնով ամփոփվում է բոլոր շրջանների անհատույց փոխանցումը Ադրբեջանին: Ավելորդ է նշել, որ փասատթղթի դրույթների համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ որեւէ տարածք հայկական կողմերը չեն ստանում:

Այս մասին բազմիցս գրվել է և, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների տարբերությունը՝ կարելի է վստահությամբ պնդել, որ առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի լինելու: Հարկ ենք համարում նշել, որ չի լինելու կամավոր առաջընթաց, և Սարգսյան-Նալբանդյան զույգը անելու է ամեն բան՝ գաղտնիության քողի ներքո ձգձգելու համաձայնության գալու գործընթացը՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Միևնույն ժամանակ նշենք, որ ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում 2013թ. ընթացքում Հայաստանում առաջ եկած բարդությունները մտահոգիչ են դարձնում ԼՂ հարցում առկա փակուղու հեռանկարը: Ինչպես Ս. Սարգսյանը մարտին պնդում էր, որ ռուսները մեզ չեն պարտադրում դառնալ Մաքսային միության անդամ, բայց մի քանի ամիս անց մենք հայտարարեցինք ՄՄ անդամ դառնալու ցանկության մասին, այնպես էլ այսօր Ս. Սարգսյանը կարող է Ղարաբաղի վերաբերյալ մի հայտարարություն անել, և երեք օր անց անել դրան հակառակ մի քայլ: Դրա օրինակը կա՝ հիշենք Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթը, որի համաձայն՝ նա խոստանում էր ապահովել ընդհանուր սահման Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Այսօր սահմանի փոխարեն խոսվում է Հայաստանը ԼՂՀ-ին կապող միջանցքի մասին:

Մաքսային Միությանը անդամագրվելու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԼՂ հարցում կտրուկ բարձրացել է ՌԴ դերակատարությունը: Այնպիսի տպավորություն է, որ Մինսկի խմբի այլ միջնորդներ նույնպես համակերպվել են, որ այս տարածաշրջանում նրանց ազդեցության լծակները, ներգրավվածության մակարդակը զգալիորեն զիջում է Ռուսաստանին, և վերջինիս առաջնորդությունը այլևս չի էլ վիճարկվում: Հաշվի առնելով ՌԴ նախագահի խիստ վերապահումներով վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ մենք պետք է ուշի ուշով հետևենք ստի մեջ մխրճված այս իշխանության յուրաքանչյուր քայլին ԼՂ հարցում:

Թեև իշխանամետ վերլուծաբանները փորձեցին Ս.Սարգսյան-Ալիև հանդիպման որպես դրական զարգացում ներկայացնել հռետորաբանության մեղմացումը, ադրբեջանցիների ռազմատենչ հարձակումները երկար սպասել չտվեցին: Ալիևի վիրավորական գնահատականներին հայկական կողմի (ՀՀ փոխարտգործնախարարի մակարդակով) պատասխանները համարժեք չէին, ինչին հետևեցին Ալիևի հերթական մեղադրանքներն ու անհիմն պնդումները: Առաջիկայում սպասվող բարձր մակարդակի հանդիպումը կրկին տեղի է ունենալու նման բացասական ֆոնի ներքո»:

© Medialab.am