Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն կմնա կալանավորված․ վերաքննիչ բողոքը մերժվեց․ Factor.am

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը։ Վերաքննիչ դատարանը չէր բեկանել այն՝ որոշելով, որ Գալստյանը կմնա կալանավորված, գրում է Factor.am-ը։

Factor.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը նշեց, որ որոշումն իրավական առումով իրենց համար անսպասելի էր, քանի որ կալանավորման որևէ հիմք և հիմնավոր կասկած քրեական գործում չկա։

«Ոչ իրավունքի տեսանկյունից՝ եթե նայենք, թե ով է ձեռքով մակագրել բողոքի քննությունը, ապա լրիվ սպասելի էր մերժման որոշումը։ Թեև սպասելիք առանձնապես չունենք, բայց պատրաստվում ենք բողոքարկել Վճռաբեկ դատարան, որ նաև հիմք ունենանք դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշեց Անդրիկյանը։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։