Հեղափոխության օրերին տրված խոստումներից հրաժարվելը բարենպաստ պայմաններ է ստեղծում պղտոր ջրում ձուկ որսալ սիրողների համար. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, հոկտեմբերի 8-ին երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը», որոշել են հանրահավաք անել՝ հստակ չնշելով օրակարգը: Հաշվի առնելով գործազրկության թվի մեծացումը, սոցիալական վիճակի խորացումը, արդյոք նրանք կարո՞ղ են հանրային աջակցություն ակնկալել հանրահավաքի ժամանակ: Արդյոք նրանք իրենց հույսը դրա վրա՞ են դրել:

– Դժվար է ասել, թե նրանք միասին, կամ նրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած իրենց հույսն ինչի վրա է դրել, բայց այն, որ կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական խնդիրները ու կառավարող ուժի կողմից հեղափոխության օրերին տրված խոստումներից հրաժարվելը բարենպաստ պայմաններ են ստեղծում պղտոր ջրում ձուկ որսալ սիրողների համար՝ ակնհայտ է։

Ես կոնկրետ այս մի հանրահավաքով կամ դրանում առկա օրակարգերի հետ կապված առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում, բայց, վստահաբար, եթե ռեֆորմներ չեղան, ապա շատ հնարավոր է, որ կառավարող ուժի դեմ դուրս գան նաև նրանք, ովքեր ամեն ինչ արել են, որ այս ուժը գա իշխանության։

Դա մեկ բառով կարող եք անվանել ռևանշ, կարող ենք անվանել հակահեղափոխություն, հնի վերադարձ, ինչպես կուզեք, բայց այն մեզ կարող է հետ գցել ևս մի քանի տասնամյակ։ Ինչը, կարծում եմ՝ էս ամբողջ պատմության մեջ ամենատխուր վերջաբանը կլինի։

– Հանրային ինչպիսի աջակցություն ու վստահություն նրանք կարող են ունենալ՝ հաշվի առնելով նրանց քաղաքական անցյալը:

– Այս փուլում մեծ սպասելիքներ պիտի որ չունենան։ Իսկ թե հաջորդիվ ինչպես կզարգանան իրադարձությունները, մեծապես կախված է կառավարող ուժի կատարելիք ռեֆորմների որակից ու ինտենսիվությունից։

Եթե նրանք հասցնեն ռեֆորմներն ավելի արագ անել, քան ժողովուրդը կհիասթափվի նրանց անգործությունից, և եթե չանեն այնպիսի ճակատագրական քայլեր, որոնք կարող են իրենց դեմ ձևավորել համաժողովրդական բողոքի շարժում, ապա կարծում եմ՝ հաջորդ ընտրությունները կլինեն հերթական։

– Որևէ ձևաչափով դուք հնարավոր համարո՞ւմ եք այսպիսի հանրահավաքին ձեր մասնակցությունը: 

– Ո՛չ, չեմ համարում։ Եթե մենք մի օր փողոց դուրս գանք, դա կլինի մեր օրակարգով և մեր հստակ ձևակերպված պահանջով, որին կարող են միանալ այլ ուժեր, կարող են չմիանալ։ Կոնկրետ հների հետ համագործակցությունը բացառում եմ, քանի դեռ, իմ սուբյեկտիվ կարծիքով, նորերի կողմից թեկուզ սխալ վարած քաղաքականությունը ավելի քիչ վնաս կարող է հասցնել մեր երկրին, քան հների հնարավոր վերադարձը։

– Առհասարակ այս փուլում որքանո՞վ են հնարավոր արտահերթ ընտրությունները:

– Կարծում եմ՝ այս փուլում հնարավոր չեն։

– Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ինչպե՞ս եք գնահատում, 2050 թվականին՝ 5 միլիոն բնակչություն, 1,5 մլն աշխատատեղ, աշխատավարձի յոթնապատկում։

– Ես այն ավելի շատ կանվանեի տեսիլ, վիժն, քան ռազմավարություն։ Այն, որ առաջին անգամ փորձ է արվում պետության համար նպատակներ նշմարել երկարաժամկետ պլանում և փորձել քայլեր անել այդ ուղղությամբ, ինքնին ողջունելի է, բայց, կարծում եմ՝ մոլորություն է այն ռազմավարություն անվանելը։ Այ, երբ այն դառնա իրապես ռազմավարություն, դա կլինի անկախացումից հետո մեր ունեցած մեծագույն ձեռքբերումներից մեկը։

Մանե Հարությունյան

MediaLab.am