Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- ասաց Սինանյանը:

Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում` մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետևից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։