Ադրբեջանը պատերազմից հետո փորձում է ամեն կերպ շահարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը. «Իմ քայլի» պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական զորքը արդեն երեք օր է՝ չի հեռանում Հայաստանի պետական տարածքից: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել:

– Կարծում եմ՝ Ադրբեջանը մի քանի նպատակների հետամուտ լինելով է գնում նման ակնհայտ սադրանքի՝ վտանգելով տարածաշրջանում բավականին փխրուն կայունությունը, որը ձեռք էր բերվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: 

Մի կողմից, իհարկե, փորձում են Հայաստանի նկատմամբ ագրեսիա, դիվերսիա կիրառելով՝ մեր դիմադրողականությունը հասկանալ, որովհետև այն, որ Ադրբեջանն ունի տարածքային հավակնություններ, չի թաքցնում նաև իրենց պետության նախագահ Իլհամ Ալիևը, մյուս կողմից՝ Ադրբեջանը փորձում է պատերազմից հետո կամաց-կամաց ոտքի կանգնող Հայաստանին՝ բարդ իրավիճակ ստեղծելով մեր երկրի ու ժողովրդի համար:

Նաև նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործընթացի ակտիվացման նշաններ էին արդեն երևում, և կարծես այդ երկիրը փորձում է հետին պլան մղել այդ թեման՝ նոր խնդիր ստեղծելով: Իմ դիտարկմամբ՝ նրանք նաև այդ նպատակն են հետապնդում՝ թույլ չտալով, որ գործընթացները ակտիվանան Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում Արցախի կարգավիճակի հետ կապված:

Նրանք նաև փորձում են հասկանալ միջազգային արձագանքը, հասկանալ դիմադրողականության աստիճանը, թե որքան հեռուն կարող են գնալ:

Կարծում եմ՝ միջազգային կոշտ արձագանքը իսկապես կարևոր զսպաշապիկ է Ադրբեջանի համար: Բայց այդուհանդերձ, մեր պետության տարածքային ամբողջականության պահպանության թիվ մեկ երաշխավորը, իհարկե, մեր զինված ուժերն ու բանակն է: 

Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի մի քանի շերտ համագործակցություն, որն էլ կիրառում է՝ նաև փորձելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել նոր էսկալացիայի, մարդկային կորուստների: Հայաստանը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը և ադրբեջանցիներին դուրս մղել դեպի իրենց ելման դիրքեր:

– Արդեն երեք օր է՝ նման իրավիճակ է Սյունիքի մարզի սահմանային մի հատվածում, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, բայց, մյուս կողմից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն է տարածել հայտարարություն՝ ընդգծելով իր հաստատակամությունը: Այս պարագայում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ի՞նչ լուծում կարող է լինել:

– Հայաստանը երեկ որոշում կայացրեց դիմել ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ հոդվածի հիման վրա, որից հետո եռօրյա ժամկետում արդեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցություններ են սկսվում: 

Այսօր արդեն մամուլի հաղորդագրությունները վկայում են, որ այդ խորհրդակցությունները տեղի են ունենում: Ինչ վերաբերում Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, նշեմ, որ երեք օր շարունակ նրանց կողմից ոչ մի արձագանք չի եղել, որևէ մամուլում, որևէ հրապարակում չկար, միայն տելեգրամյան որոշ ալիքներ տեղադրում էին պաշտոնական տեղեկատվությունը: 

Այսօր և երեկ ուշ երեկոյան Հայաստանի քայլերից ու միջազգային որոշ արձագանքներից նրանք նոր սկսեցին հրապարակումներ անել, ինչ-որ հայտարարություններ տարածել: Ըստ էության, այդ տեքստերը չեն նպաստում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա կարծում եմ՝ մենք մի քանի սցենար պետք է դիտարկենք և այս պահի դրությամբ փորձում ենք բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալ խնդրին:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարն էլ է վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր սուվերեն տարածքից որևէ սանտիմետր զիջել Ադրբեջանին: Այդ երկիրը պարտավոր է հետ քաշել իր զորքերը և վերադառնալ իր դիրքեր: Եթե դիվանագիտական ճնշման խողովակները չաշխատեն, կարծում եմ, արդեն անցում կկատարվի մյուս սցենարներին: Բայց հույս ունեմ՝ հնարավոր կլինի խնդիրը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով:

– Հնարավո՞ր է Ադրբեջանն ընտրություններից առաջ փորձում է այս քայլով ներքին քաղաքական անկայունություն հրահրել երկրում:

– Ադրբեջանը հենց պատերազմից հետո փորձում է ամեն կերպ շահարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Եթե նայենք Ալիևի և ոչ միայն, տեքստերը, ելույթները, ապա դա ակնհայտ էր: 

Մայիսի 10-ին խորհրդարանը իրավունքի ուժով արձակվեց, և, փաստացի՝ երկու օր հետո մենք ունենք նման զարգացում: Ես որոշակի փոխկապակցվածություն, իհարկե, տեսնում եմ, որովհետև Ադրբեջանը կարծես ամեն կերպ կփորձի խոչընդոտել, որ մեր երկրում իրավիճակը կայունանա: 

Բնական է՝ երբ հակամարտող երկրում անկայուն իրավիճակ է, դա ի շահ իրենց է ծառայում: Կարծում եմ՝ այս պահին պետք է միմյանց հասցեին մեղադրանքներից զերծ մնալ ու հասկանալ, թե ինչ վտանգի ենք բոլորս բախվել: 

– Ի դեպ, իշխանությունների ընդդիմախոսները քննադատում էին՝ ինչու է Հայաստանը ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով (որը վերաբերում է խորհրդատվություններ նախաձեռնելուն) դիմել այդ կազմակերպությանը և ոչ 4-րդ հոդվածով, որը ենթադրում է ռազմական օգնության տրամադրում։ Ինչպե՞ս կարձագանքեք նման մեկնաբանություններին:

– Կարծում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրին փորձ է արվում լուծում տալ բանակցությունների ճանապարհով, և, բացի այդ, առայժմ, բարեբախտաբար, ռազմական բախում, զոհեր, վիրավորներ չունենք, ենթադրում եմ՝ այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ՀԱՊԿ-ին դիմել 2-րդ հոդվածով: Հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչ քայլեր կձեռնարկվեն: 

Երեկ էլ ընդհանուր միջազգային արձագանքներից կարելի է դատել, որ մեր գործընկերները, առնվազն նրանցից ոմանք, Ադրբեջանին ուղղված բավականին կոշտ դիրքորոշմամբ հանդես եկան: Կարծում եմ՝ միջազգային ճնշումն էլ իր դերը պետք է խաղա: Թեև, կրկնում եմ՝ վստահ եմ, որ բոլոր հնարավոր սցենարները դիտարկվում են Հայաստանի սուվերեն իրավունքը և տարածքը պաշտպանելու համար:

– Տիկի՛ն Հայրապետյան, ընդդիմությունը երկրի անվտանգությանն այս օրերին սպառնացող վտանգը կապում է անմիջապես ձեր իշխանության հետ։

– Գիտեք, չեմ կարծում, թե քննադատություններին արձագանքելու կամ դրանց նկատմամբ վերաբերմունք դրսևորելու ժամանակն է: Մենք գործ ունենք պետական անվտանգային մարտահրավերի հետ, որը նաև նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ բավականին ակնհայտ լարվածություն է առաջացրել: Մեր բոլորի միտքը, ներուժը և գործունեությունը պետք է ուղղված լինեն դրա հանգուցալուծմանը: 

Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների վերաբերյալ տարբեր գնահատականներին, ապա ես կարծում եմ, որ հավաքական գնահատականը պետք է տրվի ընտրությունների միջոցով, և այդ ժամանակ արդեն թող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր քվեով որոշի, թե ում է ցանկանում վստահել պետության զարգացումը, ապագան, անվտանգային շահը:

Մնացած մեկնաբանություններին այս պահին անդրադառնալ չեմ ցանկանում: Իշխանություններին կարելի է չսիրել, քննադատել, փոխել, բայց այսօրվա օրակարգային հարցը մեր պետության տարածքային ամբողջականությունն է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am