Փաշինյանն ու Պետրոսյանը խոսել են ՀԷՑ-ի հետագա ճակատագրից

Մեր ուսումնասիրությունների արդյունքում հավելագրումների, թերգրանցումների փաստեր ենք արձանագրել, ինչի հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ փաստերը դրվել են լիցենզիայից զրկելու կարևոր 6 կետերի հիմքում: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:


Ըստ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի՝ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էլեկտրաէներգիան էր թերգրանցվում, այսինքն՝ ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում էր, իսկ սպառողներն էլ վճարում էին:

«1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այս պահին նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, որը 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիայի հավելագրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին, ու դրանով և տեխնիկական կորուստներն են նվազեցնում, մոտեցնում սահմանված ցուցանիշին՝ 7 տոկոսին, ինչպես նաև հանրության և պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառութան էլեկտրաէներգիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հավելագրումները մինչև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումն են եղել: