«Իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

«Իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը
«Իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում հացադուլ էր հայտարարել` անհնազանդության կոչ անելով, հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունն ամբողջութմաբ ներկայացնում ենք ստերեւ:
«Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են բավական մեծ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան:

Միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական և քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, ինչպես արեցին 2008 թ., որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

Նման գնահատականը մեծ սեպ կխրի հայ ժողովրդի և եվրոպական ժողովրդների ընտանիքի միջև: Դա թյուր տպավորություն կստեղծի մեր հանրության մեջ, որ եվրոպական քաղաքական ուժերը ևս գալիս են իշխանության` ընտրություններում ընտրողների նկատմամբ հարկադրանքի կիրառման և ընտրակաշառքի միջոցով, ինչպես Հայաստանում: Մենք գտնում ենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը:

Ուստի, այդ օրը ԿԸՀ կողմից հաղթող ճանաչված թեկնածուն իրավասու չի լինի ներկայացնել Հայաստանը միջազգային և ներքին հարաբերություններում: Մենք զգուշացնում ենք բոլոր պետություններին, որ ոչ լեգիտիմ ճանապարհով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կատարված հայտարարությունները և կնքված միջազգային փաստաթղթերը հետագայում, երբ Հայաստանում կհաստատվի իրական ժողովրդավարություն, որևէ իրավական ուժ չեն ունենալու Հայաստանի համար: Մենք նաև տեղեկացնում ենք ՀՀ քաղաքացիներին, որ այդ անձի կողմից հետագայում ընդունված կամ հաստատված իրավական ակտերը առոչինչ են իրենց ընդունման պահից:

Մենք ընտրություններից հետո կամփոփենք այս շրջանի գործողությունները և քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական նոր գործընթացի սկիզբ կդնենք Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության միջոցով քաղաքացիները հաղթանակ կտանեն քրեաօլիգարխիկ համակարգի դեմ և վերջնական ժողովրդավարություն կհաստատեն երկրում»:

© Medialab.am