Տավուշում զիջումները բացելու են նոր զիջումների համար դուռ, մենք դա տեսանք անցյալում ու տեսնում ենք հիմա. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը հայտարարել է, թե Ֆրանսիան Հայաստանին դրդում է զինված հակամարտության, և որ իրենք պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի։ Ադրբեջանից հնչող այս և Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման վերաբերյալ հնչող հայտարարությունների մեսիջը ո՞րն է։

– Մեսիջը շատ պարզ է, այն վախը, որը կա մեր երկրում, որը կա մեր իշխանության մեջ, ավելի խորացնել, ավելի վախեցնել, ստեղծել մի իրավիճակ, երբ ինքներս կգնանք մեր սեփական շահերին դեմ, զրկել մեզ որոշումներ կայացնելու քաղաքական ողջամտությունից ու այնպես անել, որ որոշումները կայացվեն ոչ թե քաղաքական տրամաբանությամբ, այլ՝ միայն վախի հիման վրա, իսկ դա լինելու է ընդամենը իռացիոնալ որոշում։ Նպատակը սա է, Ադրբեջանի քաղաքականությունը վերջին մի քանի տարվա ընթացքում նույնն է, չի փոխվել։

– Ու այդ քաղաքականությունն առաջ տանել հաջողվե՞լ է։

– Որոշակի առումով՝ այո՛, ստացվել է, հակառակ դեպքում ինչպե՛ս կարող ենք բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է չորս տարածքները հանձնելու մասին, ինչպե՛ս կարող ենք բացատրել, որ Գորիս-Կապան ճանապարհը հենց այնպես նվիրվեց Ալիևին։ Շատ բաներ են տեղի ունեցել, որոնց հիմքում ընկած է վախը։ 

– Այդ վախն ինչով եք պայմանավորում, իսկապես իշխանությունը տեսնում է, որ ինքը ոչ մի կողմից աջակից չունի՞, թե՞ այլ խնդիր կա, պարո՛ն Ստեփանյան։

– Այնքան դժվար հարց եք տալիս, որի պատասխանը մինչ օրս ինքս էլ չունեմ։ Ես այսպես եմ հասկանում․ գնալ Բրյուսել ու քամել այնտեղից ամենը, ինչ հնարավոր է, հենց այն համատեքստում, որի մասին խոսել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսինքն՝ Հայաստանի դիմադրողականության բարձրացում, մեզ համար ուղղակի հրամայական է ու այլընտրանք չունեցող գործողություն։ 

Սպասենք Բրյուսելին, եթե այնտեղ որևէ ռեալ բան չեղավ, ինչ-որ դեկլարատիվ հայտարարություն տարածվեց, ուրեմն նշանակում է, որ, այո՛, իրոք, հերթական անգամ մեր իշխանությունն ընկրկել է՝ չգիտեմ ինչից ելնելով։ Եթե մենք տեսնենք, որ ստորագրվում է լուրջ քաղաքական փաստաթուղթ, որը ռեալ հիմքեր կստեղծի Հայաստանի պաշտպանողականությունը նախևառաջ քաղաքական մակարդակով բարձրացնելու համար, ուրեմն մենք ողջամիտ ղեկավարություն ունենք, որը չի տրվում այն վախին, որը Բաքվից ու Մոսկվայից փորձում են փաթաթել մեր վզին։ 

– Պարո՛ն Ստեփանյան, եթե դատելու լինենք իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից, որ Տավուշի մարզի այդ տարածքները Ադրբեջանին են պատկանում, ու իրենք Հայաստանից հող չեն տալիս, ապա կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունը հստակ որոշել է, որ այդ տարածքները տալու է Ադրբեջանին։

– Եթե իշխանությունը հստակ ունի այդ վճիռը, ապա ես չեմ կարող հասկանալ ու ընդունել այդ որոշման մոտիվացիան, այն պայմաններում, երբ Հայաստանին, մեծ հաշվով, առաջարկվում է օգնություն Արևմուտքից, այն պայմաններում, երբ Ադրբեջանն ահավոր անհանգիստ է, ու դա երևում է և՛ ձեր նշած հայտարարությունից, և՛ Ադրբեջանի արտգործնախարարության երեկվա հայտարարությունից: Ես տեսնում եմ հնարավորություններ հանգիստ այդ չորս տարածքը պահել այնքան ժամանակ, մինչև սահմանազատման գործընթացը չսկսվի, ու մենք փոխանակում չանենք կամ չստանանք մեր հողերը, որոնք օկուպացվել են։ 

Ինչո՞ւ միակողմանի, ես դա չեմ հասկանում, տրամաբանությունը չեմ հասկանում ու չեմ կարող պատասխանել այդ հարցին՝ ինչո՞ւ է իշխող ուժը ցանկանում միակողմանի զիջումների գնալ, այ դա ես չեմ կարող հասկանալ։ Տրամաբանական չեն այդ զիջումները հիմա, որովհետև դրանք նոր զիջումների համար դուռ են բացելու: Մենք դա տեսանք անցյալում ու տեսնում ենք հիմա։ 

– Իսկ զինված հակամարտության վերսկսման վտանգը որքա՞ն եք իրատեսական համարում։

– Եթե նկատի ունեք, որ Ադրբեջանը կսկսի կրակել, հերթական միջսահմանային սադրանքը կանի, որի հետևանքով լինելու են զոհեր, եթե դրա մասին է խոսքը, այո՛, դա հնարավոր է, բայց Ադրբեջանն այս պահին չունի լայնածավալ պատերազմի հնարավորություն, ես չեմ հավատում դրան ու չեմ հասկանում նման հայտարարություններ անելու Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան։ Աշխարհաքաղաքական հիմք այսօր դրա համար չկա։ 

– Տավուշի այս չորս տարածքի հարցի լուծումը սպասենք բրյուսելյան հանդիպումից հետո՞։

– Կարծում եմ՝ այո՛, բայց ես վստահ եմ, որ Արևմուտքն այս հարցում որևէ ճնշում մեր ղեկավարության վրա չի գործադրում, այսինքն՝ գնացեք տարածքները հանձնեք, որ լավ լինի: Չկա՛ այդպիսի բան, ու ովքեր կփորձեն դա մատուցել, սուտ է։ Հենց այստեղ է, որ չեմ հասկանում նման հայտարարություններ անելու Նիկոլ Փաշինյանի ու իշխող ուժի տրամաբանությունը ու հերթական անգամ եմ ասում, որ հույս ունեմ, որ այս ամենի հիմքում ընկած է այլ հաշվարկ՝ ժամանակ ձգելու, փորձելու իրավիճակը փոխել, ու իրականում իրենք չեն ուզում այդ տարածքները հանձնել: Նման հույս դեռ ունեմ, որովհետև տարածքների հանձնումը չի բխում որևէ ողջամիտ տրամաբանությունից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am