Սպասելի էր, որ Ադրբեջանը չէր համաձայնի զորքերը հետ քաշել ու իրեն զրկել ճնշման այդ կարևոր լծակից. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային հետ քաշելու՝ Երևանի առաջարկը, որը պաշտոնապես կրկնել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ դա կնպաստի վստահության ամրապնդմանը։ Նկատի ունենալով այս փաստը՝ որքանո՞վ կարող ենք պնդել, թե Ադրբեջանն իսկապես ուզում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։

– Ադրբեջանի արձագանքն ինձ համար սպասելի է, որևէ այլ ակնկալիք ես կոնկրետ չունեի, սահմանին անընդհատ բախումներ, ագրեսիա հրահրելով՝ նրանք փորձում են ճնշման միջոցով Հայաստանից տարբեր զիջումներ կորզել: Այս քաղաքականությունն Ադրբեջանը արդեն վաղուց է կիրառում, ու սպասելի էր, որ նրանք չէին համաձայնի զորքերը հետ քաշել ու իրենց զրկել ճնշման այդ կարևոր լծակից։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա ի սկզբանե եմ ասել, որ ես թերահավատ եմ, Ադրբեջանը հիմա էլ տարբեր պատճառներից ելնելով չի ուզում գնալ պայմանագրի կնքմանը։ 

– Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքի ներկայությունը Ադրբեջանը օգտագործում է որպես ճնշման միջո՞ց։

– Իհարկե, դրանով նաև փորձում է սահմանազատման հարցում ավելի բարենպաստ դիրք գրավել, որպեսզի սահմանն իր ուզած ձևով գծվի, սա պատճառներից մեկն է։ 

– Իսկ այդ պարագայում հայկական կողմը պե՞տք է համաձայնի, որ առանց զորքերի հետքաշման սկսվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, պարո՛ն Վարդանյան։

– Նայած թե հայկական կողմն իր առջև ի՛նչ խնդիր է դրել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը շատ բարդ ու ժամանակատար գործընթաց է։ Վրաստանի հետ Հայաստանը կոնֆլիկտ չունի, բայց մինչև այժմ մեր սահմանի 60%-ն է դելիմիտացված ու դեմարկացված, պատկերացրեք, թե Ադրբեջանի հետ որքան երկար կտևի դա։ Եթե այս փուլում Հայաստանն ուզում է, որ սահմանին ընդհանրապես բախումներ չլինեն, քանի որ պատրաստ չէ դրան, ապա այս փուլում կգնա այդ գործընթացին՝ առանց զորքերի հետքաշման, բայց այդ գործընթացից արագ արդյունք սպասել պետք չէ։ 

– Իսկ Ադրբեջանը կհամաձայնի՞ նստել բանակցային սեղանի շուրջ, որովհետև, ինչպես տեսանք, Բրյուսելի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս՝ արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու մասով։

– Արևմուտքի կողմից շատ լուրջ ճնշումներ կան Ադրբեջանի վրա, որպեսզի նա Հայաստանի հետ գնա խաղաղության պայմանագրի կնքմանը: Ես կարծում եմ, որ ինչ-որ մի փուլում Ադրբեջանը տեղի կտա այդ ճնշումներին ու կգնա բանակցությունների, բայց կոնկրետ Ադրբեջանի համար դա ձևական բնույթ կկրի, կգնա բանակցությունների միայն բանակցելու համար, բայց խաղաղության պայմանագրի ստորագրմանը չի գնա՝ տարբեր պատճառներից ելնելով։

– Եթե կա այդ ճնշումն Արևմուտքի կողմից, ինչո՞ւ արդյունք չի տալիս, Ադրբեջանն այդքան ուժե՞ղ է, որ չի ենթարկվում ճնշման, թե՞ այդ ճնշումները բավական ուժեղ չեն։

– Երկրորդ տարբերակը, ճնշումները դեռևս այդքան ուժեղ չեն, ու Ադրբեջանը կարողանում է դիմագրավել դրանց։ Եթե Եվրամիությունը, օրինակ՝ հրաժարվի ադրբեջանական էներգակիրներից, այդ դեպքում նրանք անպայման կենթարկվեն այդ ճնշումներին, բայց Եվրոպայում էլ միասնականություն չկա այդ հարցում։ ԱՄՆ-ն էլ դեռևս իր ամբողջ ճնշումների գործիքակազմը չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ընդամենը մեկ-երկու քայլ է կատարել, դրա համար էլ Ադրբեջանը կարողանում է ամերիկյան ճնշումներին ևս դիմագրավել: Երբ ճնշումներն ավելի առարկայական ու ուժեղ լինեն, Ադրբեջանը, կարծում եմ, տեղի կտա։

– Ինչ-որ փուլում կլինի՞ այդ ուժեղ ճնշումը։

– Չեմ կարող ասել, բայց ամերիկյան կողմից մենք տեսնում ենք վճռականություն: Վերջին մեկ ամսում շատ լուրջ մեսիջներ եղան Վաշինգտոնից, նաև Հայաստանի պաշտպանության ակտը ընդունելով, նաև հայտնի 907 բանաձևը չեղարկելով, որով Ադրբեջանին պաշտպանական միջոցներ էին հատկացնում: Մենք տեսանք այլ քայլեր ևս, և, ի դեպ, ես դրա հետ եմ կապում օրերս գերիների վերադարձը, որովհետև ԱՄՆ Սենատում այդ մասին շատ լուրջ քննարկումներ եղան, ընդ որում՝ քննարկման խորագիրը հետևյալն էր՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ»։ 

Սրանով Ադրբեջանին հասկանալ տվեցին, որ Ղարաբաղի հարցն իրենք փակված չեն համարում։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը ժամանեց Բաքու, ու տեղի ունեցավ գերիների փոխանակում: Ամերիկյան կողմն ուղղակի պարտադրեց Ադրբեջանին քայլեր կատարել, որպեսզի Հայաստանի հետ գնան հաշտեցման։ Հայաստանը, հնարավոր է, երկկողմ մակարդակում ինչ-որ դետալների շուրջ է պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց ընդհանուր այդ գործընթացը ես ամերիկյան ճնշման արդյունք եմ համարում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am