Նախագահական ընտրություններին ընդառաջ. Ադրբեջանում փորձում են լռեցնել ընդդիմադիր մամուլը

Նախագահական ընտրություններին ընդառաջ. Ադրբեջանում փորձում են լռեցնել ընդդիմադիր մամուլը
Նախագահական ընտրություններին ընդառաջ. Ադրբեջանում փորձում են լռեցնել ընդդիմադիր մամուլը

Նախագահական ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիր լրատվամիջոցները նորանոր ճնշումների են ենթարկվում:
Իրավապաշտպան ակտիվիստները եւ լրագրողները կանխագուշակում են, որ ադրբեջանական լրատվամիջոցների դեմ ճնշումների նոր ալիք է նախապատրաստվում, քանի որ երկրի իշխանությունները պատրաստվում են այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին:
Լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումը անուղղակի բնույթ է կրում: Եթե անցյալ տարի դա արտահայտվում էր չվճարված կոմունալ պարտքերի տեսքով (տե’ս «Ադրբեջանական թերթը`փակման եզրին» հոդվածը), ապա այսօր կառավարության քննադատությամբ հանդես եկող մամուլը հաճախ է հայտնում իշխանությունների թիրախում զրպարտության մեղադրանքով դատական հայցերի շնորհիվ:

«Ազադլիգ» եւ «Ենի Մուսավաթ» թերթերը, որոնք տպագրվում են համապատասխանաբար ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունների կողմից, այս պահին հսկայական տուգանքների առջեւ են կանգնած, որոնց պատճառով, ըստ թերթերի ղեկավարության, դրանք կարող են ընդհանրապես այլեւս լույս չտեսնել:

Անցյալ ամիս դատարանի կայացրած վճռի համաձայն`«Ազադլիգ» թերթը պարտավորվել է որպես պատճառած վնասի փոխհատուցում վճարել 62 հազար մանաթ կամ 77 հազար դոլար: Մինչեւ ապրիլ ամիսը նախատեսված գումարը չվճարելու դեպքում, թերթի բանկային հաշիվները կսառեցվեն:

«Կառավարության հասցեին քննադատություն հնչեցնող մեր հոդվածները համացանցում 500 000 ընթերցողներ են կարդում: Սա, իհարկե, անհանգստացնում է իշխանություններին», – ասում է :

Վնասի փոխհատուցման համար վճարվելիք գումարը գոյացել է թերթի դեմ զրպարտության մեղադրանքով ներկայացված երկու դատական հայցերը տանուլ տալու արդյունքում: Առաջին հայցը ներկայացվել է Բաքվի մետրոպոլիտենի տնօրենի կողմից, երբ թերթում հոդված է լույս տեսել, որտեղ բացահայտվում է, որ մետրոյով երթեւեկելու համար նախկին 15 քափիկի փոխարեն գանձում են 20 քափիկ (ադրբեջանական մեկ մանաթը 100 քափիկ է): Դատարանի կայացրած վճռի համաձայն`թերթը պարտավորվեց 30 հազար մանաթ վճարել որպես փոխհատուցում:

Հաջորդ դատական հայցը ներկայացվել էր «Բինա» առեւտրային կենտրոնի սեփականատիրոջ կողմից, թերթում տեղ գտած մի հրապարակումից հետո, որտեղ ներկայացվում էին առեւտրային կենտրոնի վաճառողների բողոքներն առեւտրային տարածքների վարձակալության բարձր գների կապակցությամբ: (IWPR-ը նախկինում անդրադարձել է առեւտրային կենտրոնի վաճառողների բողոքի ցույցերին մեկ այլ հոդվածում: Տե’ս «Արյունալի բախումներ ադրբեջանական քաղաքում» հոդվածը:) Առեւտրային կենտրոնի սեփականատերը շահեց դատական գործը, եւ թերթը պարտավորվեց 30 հազար մանաթ վճարել նրան, իսկ հոդվածի հեղինակը`եւս 2 000 մանաթ:

Հաջիեւն ասում է, որ այս երկու դատական հայցերն ընդամենը թերթը փակելուն ուղղված բազում փորձերից վերջինն են:

«Նախ ապօրինաբար անջատվեց մեր գրասենյակի գազամատակարարումը, հետո ձերբակալվեց մեզ հետ երկար տարիներ աշխատող գլխավոր խմբագիրը, մեր աշխատակիցներին թալանեցին ու ծեծի ենթարկեցին: Չնայած այս դեպքերը վաղուց են եղել, մեղավորներն այդպես էլ չեն գտնվել ու պատժվել», – ասաց նա IWPR-ին:

«Ավելին, «Գասիդ» պետական կրպակների ցանցը մեզ 30 հազար մանաթ է պարտք եւ մինչ օրս այն չի վճարել: Վերջերս խոստացան վճարել պարտքը մինչեւ փետրվարի վերջը, բայց այսօր արդեն մարտն է, իսկ մենք ոչինչ էլ չենք ստացել: Այս ամենի պատճառով, մենք այժմ գումար ենք պարտք Ադրբեջանի հրատարակչական ընկերությանը, որից վարձակալում ենք մեր գրասենյակի տարածքը: Այժմ պարտքին գումարվեցին նաեւ այս տուգանքները»:

«Ենի Նեսիլ» լրագրողների միության անդամ Արիֆ Ալիեւն այն կարծիքին է, որ լրատվամիջոցների շուրջը հետզհետե սեղմվող օղակը բացատրվում է նրանով, որ նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է վերընտրվել այս տարի կայանալիք ընտրություններին:

«2013-ն ընտրությունների տարի է, այդ պատճառով իրադրությունը կրկին սրվել է: Տարվա սկզբից կառավարությունը փորձում է վերահսկողության տակ վերցնել էլեկտրոնային լրատվամիջոցները, իսկ «Ազադլիգ» թերթը ամենագլխավոր թիրախակետն է տպագիր մամուլում», – ասում է լրագրողը:

«Ենի Մուսավաթ» թերթին եւս նորանոր տուգանքներ են սպասվում, որոնց ընդհանուր գումարը հասնում է 56 հազար մանաթի, քանի որ թերթի դեմ հաջորդաբար դատական հայցեր էին ներկայացրել Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովը, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը եւ նախագահի քեռին`Ջալալ Ալիեւը:

Թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն նշում է, որ «Ենի Մուսավաթ»-ի դեմ դատարան է ներկայացվել եւս մեկ հայց. այս անգամ թերթին դատի են տալիս 6 ռազմական գեներալներ, որոնք պատրաստվում են ընդհանուր առմամբ 450 000 մանաթի չափով փոխհատուցում պահանջել թերթից:

Ընդդիմադիր թերթի դեմ ներկայացված ես մեկ դատական գործով լսումները սկսվեցին փետրվարի 21-ին: Հայցը ներկայացրել է Բաքվի պողպատ արտադրող ընկերություններից մեկը, որը «Ենի Մուսավաթ»-ից 1 միլիոն մանաթի չափով փոխհատուցում է պահանջում:

«2012 թվականին թերթը տուգանվել է 2 950 000 մանաթով: Այս բոլոր դատական հայցերի նպատակը թերթը ոչնչացնելն է», – ասում է Արիֆօղլուն:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության մամուլի ազատության տարեկան գնահատման զեկույցում ընդգրկված 179 երկրների ցանկում Ադրբեջանը 156-րդ տեղն է զբաղեցնում: Անցյալ տարվա համամետությամբ, Ադրբեջանը մի փոքր բարելավել էր իր դիրքերը, 162-րդ հորիզոնականից մի փոքր բարձրանալով, սակայն զրպարտության մեղադրանքներով ներկայացված վերջին դատական հայցերը կրկին զրոյի հավասարեցրին գրանցված առաջընթացը:

««Ազադլիգ»-ի դեմ սահմանված այս անհամեմատ մեծ տուգանքները հստակ քաղաքական ենթատեքստ ունեն եւ ավելի քան երբեւէ սպառնում են թերթի գոյությանը… Նրանք ուղղակիորեն հակասում են Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերին եւ իր կողմից անդամակցած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին: Մի երկրում, որտեղ լրատվամիջոցների մեծամասնությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, «Ազադլիգ»-ի անհետացումը կարող է չափազանց լուրջ հետեւանքների հանգեցնել», – նշված էր վերջին դատական հայցերի կապակցությամբ կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ:

«Միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնի իշխանություններին, որ այսօր երկրում գոյություն ունեցող այլակարծության դեմ ձեռնարկվող կտրուկ մեթոդները հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին պարզապես անընդունելի է»:

Խորհրդարանի պաշտոնական թերթի`«Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Բախտիյար Սադիքովը վիճարկում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից տրված գնահատականը`նշելով, որ Ադրբեջանը շատ երկրներից ավելի առաջատար դիրքերում է գտնվում խոսքի ազատության տեսանկյունից:

«Մեր երկրում մամուլն ազատ է: Կառավարությունն ինքն է օգնում զարգացնել ժողովրդավարության հիմքերը եւ քաղաքացիական հասարակությունը: Այդ պատճառով, մենք համաձայն չենք միջազգային կազմակերպետությունների գնահատականների հետ, որոնք փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Չարժե նման գնահատականները լուրջ ընդունել», – հայտարարել է նա:

Սեյմուր Քազիմով

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net