Նամակ ստեփանակերտցուն

Մհեր Արշակյան

Ես հիմա ժպտում եմ իմ փոքրիկ դստերը: 

Նա պատրաստվում է մտնել անկողին: 

Ապաստարանների մասին նա ոչինչ չգիտի: 

Խաղաղության մասին` նույնպես: 

Որովհետև չգիտի, թե ինչ է պատերազմը: 

Նա ազատ է քնել իմ գրկում կամ իր անկողնում: 

Նա մեղավոր չէ, որ ծնվել է ճակատից հեռու, նա չի ընտրել իր խաղաղության «դիրքերը»: 

Բայց չգիտեմ ինչու է ինձ թվում, որ ձեր փոքրիկների չընտրությունը նրանց ավելի անմեղ է դարձնում: 

Բայց ես դա իմ դստեր անունից չեմ ասում: 

Ու դա երբեք չեմ ասի նրան։

Մի օր իմ աղջիկը կլսի, թե ինչ փորձությունների միջով եք անցել դուք, նա կլսի զոհերի մասին: 

Այսօր նրա ամբողջ պատերազմը ես եմ: 

Որպես «պատմիչ» գուցե ամեն ինչ նրան կարելի է ասել արդեն այսօր: 

Ու ես չգիտեմ` պատմե՞մ նրանց ձեր մասին: 

Ասե՞մ, որ, աղջիկս, քեզնից ավելի փոքրերը հիմա քնում են սառը գետնին,ավելի կծկված, քան դու` քո ամենաանպաշտպան վիճակում: 

Ասե՞մ նրան, թե ով է թուրքը կամ ադրբեջանցին, որ նրանց երեխաներն ավելի լավ վիճակում չեն: 

Ասե՞մ, որ բակում խաղալը ձեզ մոտ հիմա դիրքերում թշնամուն դեմ-դիմաց կանգնելու նման մի բան է, որովհետև դուք ուղիղ թիրախի տակ եք: 

Ասե՞մ, թե ինչ զենքերով են կրակում նրանց վրա, որոնց մասին ապաստարաններում քնող փոքրիկներն ամեն ինչ գիտեն: 

Ես չգիտեմ` ասե՞մ նրան, թե ինչ է Հայրենիքը: 

Որովհետև ես ուզում եմ իմանալ` ի՞նչ կարող է նա` 6 տարեկան դուստրս, անել ձեզ համար: 

Ես չգիտեմ բոլոր երեխաներին հավասարեցնող լեզուն:

 Ճշմարտությունը նրան չի հավասարեցնի ավելի փոքրիկ ստեփանակերտցու հետ: 

Այն, ինչ նա գիտի, այն է, որ հայրն իրենից անպակաս է: 

Գիտե՞ք, մենք, ի տարբերություն ձեզ, խաղաղության անկողիններում ենք, որտեղ ավելի հեշտ է մտածել ձեր մասին, քան` հասկանալ: 

Մենք մեր բարձրահարկերում ենք, որտեղից քաղաքի լույսերը հակառակի պես անխղճորեն հստակ են: Իսկ երկնքից մի քանի «աստղ» է ընկնում Աստված գիտի, թե` ուր: 

Ես իմ աղջկան չեմ ասում՝ ընկնող աստղի հետ երազանք պահի, որովհետև նրան հիմա իր երազները հերիք են։ 

Որովհետև ես չգիտեմ՝ դուք այդտեղ քնո՞ւմ եք ընդհանրապես։ 

Սարսափելին այն չէ, որ երեխան չի քնում, սարսափելին այն է, որ նա արդեն գիտի, թե ինչ է քունը։

Գիտե՞ք, եթե պատերազմի մասին իմ կարծիքն ավելին արժենար, քան` պատերազմը, ես այն կասեի ամենքին: 

Որովհետև պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը գրեթե ոչնչով չի տարբերվում խաղաղության մասին ամբողջ ճշմարտությունից։ 

Խաղաղության առաջին ակորդները կարող են պատմել մնացած ամբողջ խաղաղությունը: Պատերազմն այդպիսին չէ:

Ես հիմա չեմ ժպտում իմ փոքրիկին, որովհետև մի քիչ էլ ձեզ պետք է հասկանալի լինել։ 

Ես հիմա հեռու եմ նրա անկողնուց։ 

Պատերազմը պատերազմ է, եթե անկողիններն ու երեխաները չեն հատվում։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am