«Ուժ կիրառող ոստիկանը, որքան էլ պարադոքսալ հնչի, ավելի շատ ժողովրդավարական երկրներին է պետք, քան բռնապետություններին». Հովհաննես Քոչարյան

Հովհաննես Քոչարյանը (Արխիվային լուսանկար)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը

Պարո՛ն Քոչարյան, ոստիկանության ծառայողները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին դիմակ կրելու պահանջը խախտած քաղաքացուն, և այդ դեպքի ֆոնին դարձյալ սկսեց քննարկվել հարցը՝ ոստիկանությունն իրավունք ունի՞ ուժ կիրառելու, թե՞ ոչ։

Անգամ ոստիկանության պետ Արման Սարգսյանը պարզաբանեց, որ օրենքով այդ լիազորությունները տրված են ոստիկանությանը, և երբ հարկ եղած դեպքում ուժ չեն կիրառում, մարդիկ ասում են՝ ոստիկանները փափուկ խաղալիք են։ Ի վերջո, ո՞րն է այս հարցի լուծումը, ինչո՞ւ է անընդհատ այս հարցը քննարկման թեմա դառնում Հայաստանում։

– Այո՛, շատ տարօրինակ իրավիճակ է, բայց այն ունի բացատրություն և բացատրությունն առաջին հերթին պատմաքաղաքական է։ Տեսեք՝ ոստիկանությունն այս իրավիճակին հանգել է պատմականորեն։

Այն համակարգում, երբ հասարակությունն անընդհատ պետական իշխանության լեգիտիմության հարցն էր դնում, ոստիկանությունը կաշկանդվում էր ուժ կիրառել, որովհետև անկախ նրանից՝ դա օրինակա՞ն էր, թե՞ ոչ, հանգեցնում էր հասարակական պարսավանքի։

Եթե հիշում եք, հասարակական կազմակերպությունները, հատկապես իրավապաշտպաններն անընդհատ զբաղվում էին տեղի-անտեղի նյութեր հրապարակելով, բազմաթիվ դեպքերում ոստիկանության ծառայողները թիրախավորվում էին, հայհոյանք էին հասցնում Ֆեյսբուքով։

Այն ժամանակ Ֆեյսբուքում հայհոյանքների հիմնական հասցեատերը ոստիկաններն էին։ Եվ ձևավորվում էր հասարակական կարծիք՝ ոստիկանության ուժ գործադրելու հետ կապված, այսինքն՝ ոստիկանությունը պոպուլյար չէր դառնում, եթե փորձում էր ուժի գործադրման միջոցառում իրականացնել։ 

Այդ իներցիան տեղափոխվեց նաև հետհեղափոխական ժամանակահատված։ Բնականաբար, այսօր պոպուլյար չէ ոստիկանական ուժի գործադրումը։ Հիմա արդեն ոստիկանությունը բազմաթիվ խնդիրների է բախվում։

Հանրային շահը դառնում է գերակա, հասարակության մեջ կան չլուծված խնդիրներ, հասարակության բոլոր շերտերն ակնկալիքներ ունեն իշխանությունից, և այդ ակնկալիքներն արտահայտելու ձևերը ոչ միշտ են խաղաղ բնույթ են կրում։ Կա ընդվզում, կա դժգոհություն։

Դրանցից բխող՝ կա հանրային կարգը պահպանելու անհրաժեշտություն։ Հիմա փոխվել են սպասելիքները ոստիկանությունից, ուզում են այնպիսի ոստիկանություն, որը պաշտպանում է հասարակությանը, որովհետև հասարակության մեջ այդ շահերի միասնականությունն այլևս չկա։

Արդեն կա շահերի բախում։ Եվ հենց այդ շահերի բախման կիզակետում ոստիկանությունը պետք է առանձնահատուկ դեր ունենա։

Իրավակարգը պաշտպանելու համար ոստիկանությունը ո՛չ պետք է փափուկ խաղալիք լինի, ո՛չ էլ դաժան բռնաճնշող գործիք։ Այն պետք է լինի ադեկվատ այս իրավիճակին և իր ոստիկանական օրենսդրության շրջանակներում, օրինականության սահմաններում գործող կառույց։

Այսինքն՝ այս իրավիճակն ունի իր պատճառները։ Հիմա մեր ոստիկանությունում արդեն խոսում են պարեկային ծառայության, պրոֆեսիոնալ ուժ կիրառող ստորաբաժանումներ ստեղծելու, ազգային գվարդիայի մասին։

– Այսինքն՝ այդ բարեփոխումների շրջանակներում կլուծվե՞ն այս հարցերը։

– Այո՛, բարեփոխումները չեն կարող չբերել այդ խնդիրների լուծմանը։ Երկու դեպքում էլ ոստիկանությունը գտնվում է ծայրահեղ վիճակում։ Երբ հասարակական կյանքի բնականոնությունը խաթարվում է, հասկանալի է, որ ոստիկանությունը չի կարող զուտ իրավապահ խնդիրներ լուծելով՝ հասարակությանը հանգստացնել։

Երբ լարվում է քաղաքական վիճակը, ոստիկանությունը պետության շահերն է պաշտպանում, անմիջապես տեղադրվում է քաղաքականացվածության մեջ։

Երբ իշխանությունն արդեն լեգիտիմության խնդիր չունի, բայց հասարակական դժոհությունն է շատանում, որովհետև սպասելիքները շատ-շատ էին իշխանությունից, իսկ այս համավարակի ֆոնին սկսվում են որոշակի կոնֆլիկտներ ու ընդվզումներ, դրանից ոչ թե պետք է զարմանալ, վախենալ ու ընկնել համազգային դեպրեսիայի մեջ, այլ պետք է հասկանալ, որ պետություն ենք, որն ունի իրավակարգ ապահովելու ֆունկցիա, և ոստիկանությունն էլ պետք է լինի այդ իրավակարգն ապահովող, ինչպես արևմտյան երկրներում։

Տեսեք՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, տնտեսապես զարգացած երկրներում ինչո՞ւ են տեղի ունենում սոցիալական ընդվզումներ, որովհետև ինչքան էլ տնտեսությունը զարգացած լինի, բոլոր երկրներում չէ, որ սոցիալական հակասությունները բերում են համերաշխության վիճակի։ Դուք ուշադիր եղեք, որ ուժ կիրառող ոստիկանը, որքան էլ պարադոքսալ հնչի, ավելի շատ ժողովրդավարական երկրներին է պետք, քան բռնապետություններին։ 

– Երբ վարչապետը հայտարարեց, որ ուժային կառույցների ղեկավարների հետ խիստ զրույց է ունեցել, որպեսզի ուժեղացնեն վերահսկողությունը, ոստիկաններն սկսեցին մարդկանց բերման ենթարկել և ուժեղացնել ծառայությունը։ Արդյոք պե՞տք է սպասել վարչապետի հրահանգներին, թե՞ պետք է գործել օրենքով տրված լիազորությունների շրջանակում։

– Վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է և կարող է իր ուժային կառույցներին նման հանձնարարականներ տալ։

Բայց եթե անդրադառնանք երեկվա կադրերին, ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե վարչապետը ոստիկանության գործողությունների վերաբերյալ մի քիչ բացասական կարծիք հայտներ, հիմա այդ ծառայողների գործերը Հատուկ քննչական ծառայությունում էին։

Ես դրա համար եմ ասում, որ կա՛մ պետք է ոստիկանության գլխին միշտ վարչական խնամակալություն լինի, ինչպես նախկինում էր, կա՛մ պետք է վերջապես գործի օրենքը, իրավակիրառ պրակտիկա ձևավորվի։ Վարչապետը երեկ դրսևորեց վարչական խնամք։

Իհարկե ճիշտ արեց, որովհետև խոշոր հաշվով այդ ծառայողներն իրենց պարտականությունն էին կատարում։ Ամեն դեպք չէ, որ նման հնչեղություն է ստանում, և հակառակը՝ հասարակության կարծիքը կարող է ճնշել, ու մարդիկ որոշեն, որ սրանց վարչական խնամք պետք չէ, եկեք ուղարկենք Հատուկ քննչական ծառայություն։

Սա է խնդիրը, որ քաղաքական իշխանության վերաբերմունքով պայմանավորված որոշվում է ոստիկանության ծառայողների նկատմամբ վերաբերմունքը, որը միշտ է եղել։

Հիմա պետք է բարեփոխել, պետք է լինի Ոստիկանության մասին նոր օրենք, պետք է ոստիկաններին ուժի գործադրման հարցերում մի քիչ հանգիստ թողնեն և վստահեն այն մարմիններին, ովքեր լիազորված են այդ ուժի գործադրման իրավաչափությունն ստուգելու։

Եթե ոստիկանությունն ինքն է հայտարարում՝ մենք իրավաչափ ուժ ենք գործադրել, դա այլ հարց է, բայց երբ դատախազությունն է ասում՝ ուժի գործադրումն իրավաչափ է, երբ դատարաններն են այդ մասին որոշում կայացնում, ավելի լուրջ են վերաբերվում։

Հետևաբար, վերաբերմունքը պետք է տան ոչ թե քաղաքական իշխանության մարմինները, այլ այն մարմինները, որոնք այդ ոլորտում ունեն հսկողական գործառույթներ։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am