Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են. կիրառվել է «Սմերչ»

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ ներկայացնելով կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: «Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ»,-նշում են ԱԻ ՊԾ-ից:

«Արմենպրես»– ի թղթակիցը հայտնում է, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները չպայթած ռումբերը վնասազերծում են, նրանք հավաքում են ու անվտանգ վայրում պայթեցնում դրանք: Ստեփանակերտում հոկտեմբերի 24-ին լսված պայթյունի ձայնը դրա հետևանքով էր: