Պարտավոր ենք այս պահն օգտագործել, որովհետև հիմա Էրդողանին Ալիևի խնդիրներն այնքան էլ չեն հուզում, իսկ Ալիևն առանց Էրդողանի ոչ ոք է. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ֆոնին հայ-թուրքական հարաբերություններում մի տեսակ ակտիվություն է նկատվում, հայտարարությունների մակարդակով, համենայնդեպս: Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է տալ այդ ամենը Հաաստանին, ու ինչպե՞ս եք գնահատում իշխանության ներկայացուցիչների հայտարարությունն առ այն, որ «Մենք ռազմաքաղաքական վերլուծություն չենք անում աղետի ֆոնին»։

– Գործ ունենք շատ նուրբ հարցի հետ, ու կուզենայի հստակ ֆիքսել մի քանի հանգամանք․ ես դրական եմ համարում Հայաստանի ղեկավարության այդ ռեակցիան՝ հայտնած ցավակցությունը, տրամադրած օգնությունը, դա միանշանակ և՛ մարդասիրական, և՛ դիվանագիտական առումով ճիշտ քայլ էր։

Կա այս ամենի երկրորդ կողմը նաև, ես չեմ կիսում այն հայտարարությունները, որ մենք չպետք է այս պահը օգտագործենք քաղաքական ու աշխարհաքաղաքական մասով, այսինքն՝ կոպիտ ասած, չպետք է օգտագործենք Թուրքիայի այս վիճակը։ Ես հույս ունեմ, որ դա ասվում է դիվանագիտությունից ելնելով, ու այն, ինչ ես հիմա ինձ թույլ կտամ ասել, երկրի ղեկավարությունը չի կարող ասել, միայն այս պատճառով են հնչում նմանատիպ հայտարարություններ։

Այո՛, տեղի է ունեցել աղետ, այո՛, պետք է ցավակցենք թուրք ժողովրդին, հնարավորության չափով օգնենք թուրք ժողովրդին, բայց մենք պետք է այս պահն օգտագործենք մեր քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերից ելնելով, հաշվի առնելով, որ Թուրքիան այսօր Ադրբեջանի թիվ մեկ հենարանն է, որը թույլ է տվել Ադրբեջանին իրեն պահել այնպես լկտի, ինչպես նա պահել է իրեն վերջին 2,5 տարվա ընթացքում։ Այսինքն՝ մենք միանշանակ պետք է օգտագործենք այս պահը հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, պետք է ավելի մեծացնենք ճնշումն Ադրբեջանի վրա, նոր պահանջներ ներկայացնենք Ադրբեջանին, այսինքն՝ մենք նույն հայ-ռուսական հարաբերություններում պետք է կոշտացնենք մեր հռետորաբանությունը, որովհետև մենք պետք է հասկանանք, որ այսօր Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը, դա հնչում է մի փոքր ծիծաղելի, բայց փաստ է, Թուրքիան է։

Այսօր Ռուսաստանը հայտնվել է շատ անելանելի վիճակում, երբ իր միակ դաշնակիցը չի կարող իրեն օգնել, որովհետև Էրդողանը, իսկ Թուրքիա ասելով, մենք հասկանում ենք առաջին հերթին Էրդողանին, հիմա ունի մեկ գերնպատակ, պահպանել իր իշխանությունը ու հաղթել մայիսյան ընտրություններին։ Այսինքն՝ հիմա այն բոլոր աշխարհաքաղաքական խաղերը, որ Էրդողանը տանում էր, կարելի է ասել՝ հիմա կանգնեցրել են, նա հիմա զբաղված է միայն ներքին հարցերով, ու ինչքան ես կարող եմ դատել թուրքական մամուլից՝ այդքան էլ նրան չի հաջողվում:

Մենք ուղղակի պարտավոր ենք օգտագործել այս պահը, պետք է հիշենք, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքը, պետք է հիշենք, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը պահանջում են Հայաստանից արտատարածքային միջանցք, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից ութ գյուղ, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան մեծ հաշվով ուզում են խաչ քաշել մեր երկրի ինքնուրույնության վրա։

– Իսկ իշխանությունը կկարողանա՞ իրավիճակն օգտագործել ի նպաստ Հայաստանի շահերի։

– Չեմ կարող ասել։ Հարցի հասցեատերը իշխանությունն է։ Բայց որ պահ է հասունացել, ու այն պարտավոր ենք օգտագործել, միանշանակ է, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան կօգտագործեին սա մեր դեմ։

– Այսինքն՝ կարծում եք, որ հիմա բարենպաստ ժամանակնե՞ր են։

– Այո՛, ես կարծում եմ, որ բարենպաստ ժամանակաշրջան է՝ առաջին հերթին Թուրքիայի իրավիճակով պայմանավորված: Թուրքիան հիմա ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, հիմա ձեռքը մեկնած Եվրոպայով է ման գալու, ձեռքը մեկնելու է, որ ԱՄՆ-ից օգնություն ստանա, ու մենք պետք է սա օգտագործենք, որովհետև հիմա Էրդողանին Ալիևի խնդիրներն այնքան էլ չեն հուզում, սա պետք է հաշվի առնենք, իսկ Ալիևն առանց Էրդողանի ոչ ոք է։

– Պարո՛ն Ստեփանյան, Հայաստանն այսօր կրկին աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, քանի որ ադրբեջանական կողմից նոր առաջարկ է ստացել: Ըստ ձեզ՝ այս իրավիճակը որքանո՞վ կարող է նպաստել նրան, որ այս անգամ կողմերը ինչ-ինչ կետերի շուրջ գոնե ընդհանուր համաձայնության գան։

– Ադրբեջանը ձգելու է ժամանակը՝ շատ լավ հասկանալով, որ հիմա իր համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, ու չի ստորագրելու այդ պայմանագիրն այնքան ժամանակ, մինչև չփոխվի իրավիճակը, ու ինքը չկարողանա ճնշումների միջոցով մեզանից ստանալ այն, ինչ ինքն ուզում է։

Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, նա շահագրգռված է Հայաստանի կապիտուլյացիայի մեջ, սրանում որևէ կասկած չկա։ Հիմա մենք պետք է օգտագործենք այդ հանգամանքները, դիմենք առաջին հերթին Արևմուտքին, Հնդկաստանին, միջանցքի հարցով՝ Իրանին, որպեսզի ստանանք ճնշում Ադրբեջանի վրա, ինչը կստիպի Ադրբեջանին ստորագրել այդ պայմանագիրը ինչքան հնարավոր է շուտ և ստորագրել մեր պայմաններով։

Ես նկատի ունեմ, որ Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրից որևէ մետր չպետք է զիջվի։ Արցախի հարցը շարունակելու է լինել բանակցությունների առարկա, չեմ տեսնում հիմքեր, որ այդ հարցը կարող է հիմա լուծվել, բայց հայ-ադրբեջանական հարաբերություններն առանձին կետով հնարավոր են կարգավորել, ու հենց դրա մասին եմ խոսում, որ ասում եմ հենց հիմա դրա համար կան բարենպաստ նախապայմաններ։ Կօգտագործվի՞, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։

– Ձեր ասած «ժամանակ շահելու» մեջ՝ Ադրբեջանը նաև կիրառելու է Լաչինի միջանցքը փակ պահելու քաղաքականությո՞ւնը։

– Մեծ հաշվով, Ադրբեջանի այդ քաղաքականությունն արդեն տապալվել է, որովհետև դրանով նա որևէ նպատակի չհասավ։ Այդ միջանցքը հավերժ փակ պահել Ադրբեջանը չի կարող, ու նա, այո՛, փորձելու է դա օգտագործել, ու ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ ևս պետք է շատ ակտիվ գործենք մենք՝ առաջին հերթին իրավական ճանապարհով։

Հետաքրքիր շահերի կծիկ է առաջացել, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող խաղերի մեջ ներգրավված են և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Արցախի իշխանությունները, թե որ մեկն ի՞նչ է ուզում՝ չեմ կարող ասել, որովհետև ամեն ինչ խճճված է, բայց որ դա ուղղված է Հայաստանի դեմ՝ ակնհայտ է։

Այս հարցում Հայաստանը պետք է շարունակի անել այն, ինչ անում է, այսինքն՝ դիմի միջազգային ատյաններին, որպեսզի ուժգնացնենք ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պետք է Ադրբեջանի գործողությունները հավասարեցնենք տեռորիստական գործողությունների, սա շատ կարևոր է, իսկ մենք մինչ օրս դա չենք արել, մենք ավելի շատ այս գիծը պետք է տանենք։ Կարծում եմ, որ դա միակ հնարավորությունն է, որը կարող է մեզ հաջողություն բերել ու դրա հետ մեկտեղ, մենք պետք է Արցախի մասով Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ բերենք «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, այսինքն՝ օգտագործենք դա որպես գործիք, այսինքն՝ եթե դու հիմա չգնաս միջանցքի բացմանը, այն պայմանավորվածություններին, մենք կարող ենք այդ գործընթացը զրոյից սկսել, իսկ այդ ժամանակ ինչ է լինելու՝ ոչ մեկը չգիտի։

Այսինքն՝ Ալիևը պետք է հասկանա, որ Արցախի շուրջ ստեղծված վիճակը ստատիկ չէ, որ Արցախն իր գրպանում դրված չէ։ Ու այս ուղղության վրա նույնիսկ Ռուսաստանի շահը կարող է մեր շահի հետ համընկնել, որովհետև Ռուսաստանը ևս շահագրգիռ չէ, որ Արցախը ստանա վերջնական կարգավիճակ։ Այսինքն՝ նույնիսկ Ռուսաստանի հետ մենք կարող ենք ընդհանուր աղերսներ գտնել, որն այսօր անհնար է թվում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am