Դիտարկվել է Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 12-ին շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը Երևանի Նոր Նորք վարչական շրջանով երթևեկող հանրային տրանսպորտում։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ առավոտյան և կեսօրից հետո Նոր Նորքում, մասնավորապես Գայի պողոտային հարակից կանգառի կետերում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 142 տրանսպորտային միջոց։ 

Դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է 17 խախտում։ Մի քանի վարորդներ ու ուղևորներ դիմակ չեն կրել, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ հեղուկները։ Վարչական իրավախախտում կատարած ուղևորափոխադրում կատարող ընկերությունների և ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Մեկ տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով։ 

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի վաղը։