Ընտանեկան բռնությունը փողոցային ծեծկռտուք չէ, այդպես ներկայացնելը պոպուլիստական է ու ոչ պրոֆեսիոնալ․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, հունվարի 16-ի գործադիրի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընտանեկան բռնությանը, այն արմատախիլ անելուն, քանի որ, ըստ նրա, բռնության դրսևորումը տնից դուրս է գալիս փողոց, դպրոց և այլն: Նիկոլ Փաշինյանի դիտարկումների վերաբերյալ ձեր գնահատականն եմ խնդրում, ի՞նչ է արել այս իշխանությունը իր կառավարման վեց տարվա ընթացքում ընտանեկան բռնությունը կանխելու, դեպքերը նվազեցնելու համար:

– Անդրադառնալով ընտանեկան բռնության խնդիրներին ու այդ համատեքստում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ առաջին հերթին հարկ է նշել, որ ընտանեկան բռնության հետ կապված բոլոր նախնական կարևորագույն թևերի առաջնորդը հենց քաղհասարակությունն է ու այն կազմակերպությունները, որոնք բարձրաձայնել են երկրում խնդրի մասին, պահանջել պետությունից, որպեսզի խնդրի գիտակցում լինի, ու համապատասխան ուժերով ներդրել են ծառայություններ, որոնք պետությունից անկախ՝ արդեն իսկ սկսել են գործել: Դրանք ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություններն են, որոնք արդեն 15 տարի է՝ գործում են Հայաստանում հասարակական կազմակերպությունների ներքո՝ բացառապես իրենց ուժերով: 

2020-ից սկսած միայն աջակցության ծրագրերում նաև պետության միջամտությունը հայտնվեց, քանի որ պետությունը չունի բավարար ռեսուրս պետական այդպիսի ծառայություններ սկսելու, ուղղակի հայտարարում է մրցույթներ, ու այն կազմակերպությունները, որոնք արդեն իսկ ունեն այդ ծառայությունները, բավական փոքր դրամաշնորհներով շարունակում են, այսինքն՝ պետությունն ուղղակի համամասնակից է լինում այդ գործընթացին որպես այդպիսին ու ամբողջովին չի կարող իր ուժերով ներդնել նմանատիպ ծախսատար, բարդ ու զգայուն ծառայություններ՝ չունենալով թե՛ մարդկային ռեսուրս, թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական ու թե՛ նույն ֆիզիկական տարածքները, որտեղ կարող են լինել ապահով ծառայություններ՝ անվտանգ ու անանուն: 

Ինչ վերաբերում է այս իշխանության տարիներին կատարված փոփոխություններին. դեռևս 2017-ին ընդունվել էր «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք, որն էլի ընդունվեց քաղհասարակության ճնշումների ներքո, ու իրավապաշտպան հանրույթը բավական լուրջ բախումների միջով անցավ, իսկ պետությունն այդ ընթացքում գրեթե անպաշտպան թողեց նույն իրավապաշտպան հանրույթին: Այս օրենքը մի կերպ ընդունվեց և ուժի մեջ մտավ 2018-ին՝ հեղափոխությունից առաջ: 

Մինչ այդ նաև ձևավորվել էին ընտանեկան բռնության, երեխաների, կանանց պաշտպանության մասնագիտացված բաժիններ, որոնք նաև վերապատրաստում անցան այդ օրենքի շրջանակներում, որպեսզի կարողանան մուտք գործել ընտանիք ու պաշտպանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց: Ասել կուզի, այդ մասնագիտական ստորաբաժանումներն արդեն իսկ ձևավորվել էին, վերապատրաստումներն ընթացքի մեջ էին, մինչև այս իշխանության ձևավորումը այդ գործընթացն արդեն իսկ սկսված էր: 

Այս իշխանության օրոք միայն բավական երկար ճանապարհ անցնելուց հետո, երկու տարուց ավելի խորհրդարանը մի փոքր բարեփոխվեց, ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը մի քիչ ավելի մոտարկվեց միջազգային չափանիշներին, բայց այստեղ ևս բավական լուրջ խնդիր առաջացավ հասկացությունների ճշգրիտ օգտագործման հետ կապված, մասնավորապես՝ ընտանեկան բռնությունն ու կենցաղային բռնությունը նույնականացվեց մեկ վերնագրի ներքո: 

Այն, ինչ մենք տարիներ շարունակ խոսում էինք, որ ընտանեկան բռնությունը կենցաղային վեճ չէ, որը կարող է տեղի ունենալ գույքի, տարբեր տիպի իրավիճակների պատճառով, այլ ուժի ու վերահսկողության անհավասար բաշխման հետևանք է, որի շրջանակներում մեկ անձը մյուսի նկատմամբ կիրառում է միտումնավոր բռնություն՝ նրան իշխելու, նվաստացնելու ու նրան իր ինքնուրույնությունից զրկելու նպատակով: Սա շարունակական գործողություն է, ու մեկանգամյա կենցաղային վեճը չի կարող նույնականացվել ընտանեկան բռնություն հասկացության հետ: 

Բայց այսօրվա կառավարությունն իրեն իրավունք վերապահեց այս օրենքի շրջանակներում հենց նույնականացնել այդ երկու հասկացությունները, նաև իրավական շփոթ ստեղծելով, որովհետև երբ ոստիկանությունը մտնում ու փորձում է գնահատել իրավիճակը, եթե ամբողջ օրենքում դնում ես ընտանեկան ու կենցաղային բռնության մասին գաղափար, ապա իրենք կարող են նույնականացնել ու սովորական ծեծկռտուքի պարագայում ևս կիրառել այն ողջ գործիքակազմը, որը նախատեսված է ընտանեկան բռնության պարագայում: Այսինքն՝ օրենքի որոշ կետերում, առաջընթացի հետ մեկտեղ, էլի խեղաթյուրվել է ամբողջ ընտանեկան բռնություն հասկացության բովանդակությունը, ու դա կատարվել է անցյալ տարի՝ անկախ նրանից, որ օրենքում ավելացել են բավական դրական կետեր, բայց ընտանեկան բռնության հետ կապված գիտության խորքային գիտելիքների բացակայության պատճառով կառավարությունն այդպես էլ չկարողացավ ճիշտ գնահատել օրենսդրությունը ու նույնիսկ վերնագրի մակարդակում հասկացությունների հետ կապված լուրջ շփոթ մտցրեց: 

Մյուս խնդիրը, որն առաջացավ դարձյալ անցյալ տարի, ընտանեկան բռնության գործերը համայնքային ոստիկաններին վստահելն էր, որը ևս հետընթաց է, ինչը սակայն գործադիրի վերը նշված նիստի ժամանակ ներկայացվում էր որպես առաջընթաց: Բայց մենք արդեն իսկ բախվում ենք խնդիրների, որոնք առաջանում են ոստիկանների պատշաճ գիտելիքների բացակայության ու պատկերացումների պատճառով: Ժամանակին, երբ ընտանեկան բռնության ենթարկված անձը դիմում էր ոստիկանություն, նրա գործերով զբաղվում էին հենց ընտանեկան բռնության մասնագիտացված բաժնի ոստիկանները, հիմա ավելացել են համայնքային ոստիկանները, ու կարող է ամբողջ բաժնում չլինել գեթ մեկ ոստիկան, որ ունենա այն գիտելիքը, որը նախորդիվ ձևավորվել ու որոշակիորեն ամրապնդվել էր: Ուստի այստեղ էլ ունենք հետընթաց: 

– Դատելով ձեր նշած գործողություններից, որոնք արվել են այս իշխանության օրոք, կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանի այս հայտարարությունը հերթական պոպուլիստական հայտարարություն էր:

– Նախ պետք է նշել, որ բացարձակ գիտելիք չկա ընտանեկան բռնության մասին, ու խնդիրն այն է, որ ընտանեկան բռնությունը գիտակցվում ու նույնականացվում է փողոցային վեճի հետ: Բացարձակ կապ չունի, որովհետև ընտանեկան բռնությունը, դարձյալ ասում եմ՝ ուժի և իշխանության կիրառման մեջ է: 

Ամենակարևոր հարցը, որ քննարկվեց այդ նիստի ժամանակ, նաև այն էր, որ կրթության միջոցով փոփոխություն բերել բռնարարի վարքում: Մենք ունենք բռնարարներ, որոնք միջազգային ամենաառաջատար բուհերի՝ Քեմբրիջ, Հարվարդ, Օքսֆորդ, շրջանավարտ են ու սարսափելի բռնարարներ են, ու նրանց գործիքակազմը շատ ավելի դաժան է, քան ավելի պակաս գիտելիք ունեցողներինը: Գիտելիք ունեցողը շատ մտածված ստորացնում, նվաստացնում է կողակցին՝ դարձնելով իրավունքներից զուրկ ինչ-որ մի անձ, որն իր իրավունքները չի կարողանում պաշտպանել: 

Ուստի համեմատել փողոցում ցանկացած տեսակի ծեծկռտուքը ընտանեկան բռնության հետ նշանակում է ընդհանրապես չտիրապետել այդ գիտելիքին և ուղղակի պոպուլիստական, ոչ պրոֆեսիոնալ, ոչ գիտակցված հայտարարություններով հանդես գալ՝ իբր ցույց տալու համար, թե նոր էջ ենք բացում այս երկրում: Այդ էջը վաղուց բացված է: 

Խնդիրը ոչ թե կրթության կամ դասընթացների միջոցով անձի մեջ փոփոխություն մտցնելն է, այլ այն, որ անձը կարողանա կառավարել իր ագրեսիան, կարողանա տիրապետել իր զգացմունքներին, ու ռեաբիլիտացիայի ծրագիրը ամբողջովին միտված է ոչ թե վերասոցիալականացմանը, այլ հենց վարքային փոփոխությանը: Անձը, որն ունի բռնարար վարք ու կյանքի մասին այնպիսի պատկերացում, որ իրեն իրավունք է վերապահում վերահսկել, նվաստացնել դիմացինին, այդ անձի վարքն ու պատկերացումը փոխելու մասին է: 

Շատ կարևոր է, թե ինչպես են կազմակերպում, ինչ մոդուլներով ու ինչ մասնագետների միջոցով: Նախևառաջ պետք է դրվի ընտանեկան բռնության ենթարկված անձի պաշտպանության խնդիրը: Առաջին հերթին այդ աշխատանքը պետք է տարվի ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքի փոխանցմամբ, թե ինչ է իրենից ներկայացնում դա, որ նույն վարչապետի պատկերացմամբ՝ փողոցի ծեծկռտուքը չնույնականացվի դրա հետ, նույն բռնարարը կասի, բայց ես փողոցում ոչ մեկի չեմ վիրավորել, ինչո՞ւ եք ինձ բռնարար համարում: 

Գենդերային կարծրատիպերի վերաբերյալ պետք է գիտելիք փոխանցել տվյալ անձին ու աշխատել հենց այդ ուղղությամբ: Ի դեպ՝ գենդերային կարծրատիպերի հետ կապված փոփոխության մասով. թեպետև ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունը որպես լիազոր մարմին է դիտարկվում, բայց դեռևս որևէ առաջընթաց չկա, որպեսզի այդ կարծրատիպերը հենց կրթական մակարդակում փոխվեն:

– Այսինքն՝ արձանագրո՞ւմ եք, թե քանի որ պետական մակարդակով երևույթի ճիշտ ըմբռնում չկա, հետևաբար այն բոլոր մեխանիզմները, որոնք պետության կողմից կմշակվեն, կգործադրվեն ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով, լինելու են ոչ արդյունավետ, տիկի՛ն Հովհաննիսյան:

– Իհարկե, կա արդյունավետության խնդիր, որովհետև այս խնդիրը մեկ մարմնի, մեկ արձագանքման օղակի, մեկ աջակցման կենտրոնի ջանքերի միջոցով չի կարող հաղթահարվել, դա պետք է լինի տարբեր մարմինների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, իրավապահ, սոցիալական համակարգերի ու դատարանների համակցված աշխատանք: Այսինքն՝ պետք է գիտակցում լինի, թե ի՛նչ է իրականում ընտանեկան բռնությունը, ու համապատասխան գործողություններ իրականացվեն այդ ուղղությամբ:

– Ընտանեկան բռնության դեպքերի աճ կա՞:

– Աճ, իհարկե, կա, որովհետև տարեցտարի նկատում ենք, որ ընտանեկան բռնության դեպքերը ոչ միայն աճում են, այլ նաև ավելի են բարդանում, նկատի ունեմ դաժանության տեսանկյունից, ֆիզիկական վնասի տեսանկյունից: Բայց պետք է արձանագրել, որ ավելի վաղ ազդարարման միտում կա, որ չեն հասնում մինչև ֆիզիկական ծանրագույն բռնությունները, ու կանայք ավելի արագ են ազդարարում բռնության մասին՝ զանգահարելով աջակցման կենտրոն ու նույնիսկ ոստիկանություն: 

Այսինքն՝ աճը պայմանավորված է նաև իրազեկվածության բարձրացմամբ, որ այնուամենայնիվ տեղյակ են, որ գոյություն ունի օրենք, որն այս կամ այն կերպ կարող է արձագանքել, պաշտպանել ու նվազեցնել ծանրագույն հանցագործությունների հնարավորությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am