Արցախի թեման այս իշխանության համար փակ է. ադրբեջանցի փախստականների վերադարձն ու «Զանգեզուրի միջանցքն» են տարաձայնությունը. Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, խաղաղության պայմանագրի համատեքստում, ըստ ձեզ, ի՞նչ զարգացումներ են ընթանում Հայաստանի ու Արցախի շուրջ, եթե նկատի առնենք նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմնական հակասություններն Արցախի մասով են։ 

– Ես չեմ հավատում, որ որևէ խնդիր կա Արցախի հետ կապված՝ իշխանության մասով նկատի ունեմ, որովհետև իշխանությունը շատ վաղուց բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ մենք պետք է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնենք, ինչը համահունչ է Ադրբեջանից եկող ազդակներին, որովհետև Ադրբեջանը շատ հստակ ասում է, որ իրենք փաստացի Արցախի խնդիրը լուծել են, ու այն իրենց վրա վաճառելու կարիք չկա, ուրիշ հարցերում է նա փորձում զիջումներ պոկել, իսկ Արցախը քննարկման առարկա չէ, որովհետև ուժով վերցրել են։ 

Իմ խորին համոզմամբ՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ գաղտնի է պահվում, թե իրականում ինչ գործընթաց է տեղի ունենում։ Ես առավել քան համոզված եմ, որ առանցքային կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքն է», ու ամենակարևորը՝ Խորհրդային Միության ժամանակահատվածը որպես ելակետ ընդունելով, Ադրբեջանը պահանջում է իր փախստականների վերադարձը Հայաստանի տարածք ու ասում՝ եթե դուք այդ մարդկանց վերադարձից հետո չեք կարողանա անվտանգությունը երաշխավորել, ապա ստիպված կլինեք մեր ուժային կառույցների միջոցով ապահովել այդ անվտանգությունը։ Պատկերացրեք, թե սա ինչի՛ կարող է հանգեցնել։ 

Հիմնական խոսակցությունները սրա շուրջ են, իսկ Արցախի էջն այս իշխանության համար փակված է, որովհետև այնտեղ Արցախի թեմայով որևէ մեկը ընդհանրապես չի բանակցում։ Այս ամենին իբրև ապացույց՝ հիշեք, որ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ խաղաղությունը, ըստ էության, կախված է Ադրբեջանի իշխանությունից ու հայ ժողովրդից։

Եզրույթները պատահական չէին ընտրված, շատերը սա դիտարկեցին այն համատեքստում, թե վարչապետն էլի խույս է տալիս պատասխանատվությունից, բայց ասվածն այդքան պարզունակ չպետք է ընկալել։ Նա խոսում էր հենց այս մասին, որ եթե ժողովուրդն ադրբեջանցի փախստականներին «հետ ընդունելու» ժամանակ խնդիրներ չստեղծի, համակեցության կանոնները պահի, պատերազմ չի լինի։ 

Վարչապետը սա՛ նկատի ուներ, ինչը հազարապատիկ վտանգավոր օրակարգ է, բայց դա, իհարկե, տեղի չի ունենա ոչ թե իշխանության ջանքերով, այլ հենց մեր՝ հասարակության ջանքերով։ 

– Վստա՞հ եք, որ գործող իշխանությունը իսկապես համակերպվել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտքին։

– Բնականաբար, ուղղակի ֆոնը պահում են, թե տեսեք՝ մենք համաձայն չենք, բանակցում ենք Արցախի մասով: Իհարկե սա մեծագույն միֆ է․ իշխանության համար Արցախը որևէ կերպ այլևս գոյություն չունի, նա ասում է՝ դուք իրար հետ կոնսենսուս ունեցեք, ես դա կիրականացնեմ:

Հայաստանն Արցախի մասով որևէ կերպ չունի մոտիվացիա ու բանակցելու ցանկություն ու, սրանով պայմանավորված՝ շատ վաղուցվանից չունի նաև կարողություն։ Իշխանությանը նկատի ունեմ, բայց ոչ երբեք Հայաստանը՝ գլոբալ առումով կամ հայ ժողովուրդն ընդհանրապես։ 

– Եթե ասում եք, որ Հայաստանի իշխանությունը Արցախի մասով բանակցություն չի տանում, այն այլևս գոյություն չունի նրանց համար, այդ դեպքում ինչո՞ւ չի ստորագրվում այդ խաղաղության պայմանագիրը։

– Թյուր կարծիք է ձևավորվել, թե դա կախված է Հայաստանի իշխանություններից․ իշխանությունը մի օրակարգ ունի՝ գերտերություններով համաձայնության եկեք, տվեք ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վերաբերյալ ձեր տեսլականը, միևնույն է՝ մենք շատ փոքր ենք ու չենք կարող ազդել գործողությունների ընթացքի կամ տրամաբանության վրա։ Դուք համաձայնության եկեք, բայց այդ ամենը՝ պայմանով, որ մենք շարունակենք լինել իշխանության, միակ կարմիր գիծը մեզ համար սա է, նաև երաշխավորը կլինենք ձեր կոնսենսուսի։ Սա՛ է այս իշխանության օրակարգը։ 

Տարածաշրջանում հավակնություններ ունեցող գերտերությունները համաձայնության չեն գալիս, այլ ոչ թե Հայաստանի իշխանությունը ինչ-որ տեղ խոչընդոտում է։ Այս ընթացքում մենք տեսել ենք, որ իշխանությունը որևէ գործընթաց խոչընդոտելու նպատակ անգամ չի ունեցել, ինչ օրակարգ եղել է՝ ռուսական, ադրբեջանական թե ամերիկյան, բոլորին համաձայնություն է տվել։ 

– Վաշինգտոնյան բանակցություններն ավարտվեցին, նախատեսվում են մոսկովյան բանակցություններ, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Ամեն բան կախված է նրանից, թե դա որքանով կսպասարկի պետական շահը, այն պետական շահը, որը գոնե ես եմ պատկերացնում, որովհետև հիմա նույնիսկ դա է խեղաթյուրված, ամեն մեկը մի կերպ է պատկերացնում պետական շահ ասվածը։ Իմ պատկերացմամբ՝ այդ բանակցությունները որևէ աղերս չեն կարող ունենալ պետական շահի հետ, քանի որ մենք այնտեղ օրակարգ չենք ներկայացնում։
Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am