ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ներկայիս ձևաչափը նպաստում է, որպեսզի զինադադարի մասին համաձայնագիրը չվերածվի ռազմական գործողությունների: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Կասպրշիկի տեսակետը փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալելը դժվար է, քանի դեռ Ադրբեջանը նման պահվածք է դրսևորում:
«Բայց պետք է հաշվի առնել, որ այդ ձևաչափն իր ներդրումն ունի այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը պահպանելու հարցում, թույլ չի տալիս, որ իրավիճակը վերածվի պատերազմի»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ այս փուլում խնդիրը վերաբերում է այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք հրապարակված են: Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունվարի 24-ին կայացած հանդիպումն ըստ էության որևէ որակական փոփոխություն, ըստ Շավարշ Քոչարյանի, չի հաղորդել բանակցային գործընթացին:
«Կա միայն մեկ բան՝ դա ձգտումն է միջազգային հանրության, միջնորդների՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերել: Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանն ավելի շատ բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող՝ իր քարոզչությունն առաջ տանելու համար: Մյուս կողմից, միջնորդ երկրները չեն ցանկանում, որպեսզի վերսկսվեն ռազմական գործողությունները: Բանակցությունները նաև դրա համար են»,- ընդգծեց փոխնախարարը:
Նա նշեց, որ սխալ կլինի միջնորդներից պահանջել, որպեսզի հասցեական հայտարարություններ անել, թե որ երկիրն է խախտում հրադադարի ռեժիմը, դիվերսիա անում:
«Բայց ես համաձայն եմ, որ եթե դա միջնորդը չի կարող անել, ապա միջազգային կառույցները դա պարտավոր են անել: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, հուսով եմ, որ վերջիվերջո միջազգային կառույցները շատ ավելի հստակ և հասցեավորված կխոսեն նմանատիպ գործողությունների մասին»,- ասաց Քոչարյանը:
Արտաքին գործերի փոխանախարարն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը շտապողականություն ցուցաբերում Մաքսային միությանը միանալու հարցում:
Նա հիշեցրեց, որ շուտով նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Եվրասիական միության ձևավորման մասին:
«Հենց սկսի գործել գործել Եվրասիական միությունը, որպես կազմակերպություն Մաքսային միությունը և ընդհանուր տնտեսական տարածքն էության տարրալուծվելու են դրա մեջ: Եթե դու դանդաղում ես, կարող ես դառնալ անդամ մի կազմակերպության, որն ըստ էության չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի նպատակն է դառնալ Եվրասիական միության անդամ:
© Medialab.am