Նախարարը՝ Ադրբեջանի հանցագործությունների մասին. կրակի տակ են հումանիտար ենթակառուցվածքային օբյեկտները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարձրաձայնում է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին՝ ընդգծելով, որ երբեմն հարվածների տարափի տակ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 6-ին Գորիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը պարբերաբար հրետակոծում և հրթիռակոծում է Ստեփանակերտը և թիրախները տարբեր են լինում: «Ես ինքս երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից, և առաջին օրվանից ի վեր դա իմ երրորդ այցն էր: Հակառակորդը հարվածում է քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը:

Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաև Հայաստանից նրանց օգնության մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետև Ստեփանակերտը և մյուս քաղաքները գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ: Նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- նշեց Թորոսյանը:

Նա պատմեց, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես է հակառակորդը հրթիռային հարված հասցնում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ տարածքում: Նախարարի խոսքով, այնքան մոտ է եղել, որ հիվանդանոցը դղրդացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։