«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Կանանց աջակցման կենտրոնն արդեն ունի առաջին, նախադեպային հաղթանակը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել խոշտանգման արգելքի խախտման համար՝ ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է տուժող Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցել 24,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրո՝ կատարված ծախսերի համար: Այս հաղթանակի ճանապարհը երկա՞ր էր:
– Նախ ասեմ, որ ոչ միայն Կանանց աջակցման կենտրոնի, այլ նաև ընտանեկան բռնության գործերով սա առաջին այսպիսի գործն է, որ ՄԻԵԴ է հասել, ու Հայաստանի դեմ նմանատիպ վճիռ է կայացվել։ Սա իրականում գրեթե տասը տարվա պայքարի արդյունք է, հատկապես եթե դիտարկենք այն ամբողջ անցած ճանապարհը, որն ունեցել ենք մենք այս գործի հետ կապված։
Հասմիկ Խաչատրյանը մինչ այժմ Կանանց աջակցման կենտրոնի հետ է, որպես աշխատող աջակցում է նաև ընտանեկան բռնության ենթարկված այլ կանանց, սա եզակի ու հաջողված պատմություն է, այս կինն ինքն է հզորանում, անցնում այդ ամբողջ ճանապարհը ու գիտի, թե ինչպես փաստացի աջակցել մյուսներին։
Կոնկրետ դեպքին անդրադառնալով․ Հասմիկ Խաչատրյանը Կանանց աջակցման կենտրոնին է դիմել 11 տարի առաջ, որովհետև այդ ժամանակ նրա նկատմամբ ամուսնու կողմից տեղի է ունեցել բռնություն՝ բավական ծանր հետևանքներով, ու դրանց պատճառով նա հայտնվել է հիվանդանոցում։ Հասմիկ Խաչատրյանն այդ մասին ամենայն մանրամասնություններով բազմիցս պատմել է տարբեր լրատվամիջոցների, փաստացի ՄԻԵԴ-ի այս գործում ամբողջովին արտացոլված է թե ո՛ր օրը, ո՛ր ժամին ու ինչպե՛ս է տեղի ունեցել նաև այդ դեպքը:
Մասնավորապես՝ 2013-ի մայիսին ու հունիսին Հասմիկ Խաչատրյանը ծանր մարմնական վնասվածքներով դիմել է բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են Ոստիկանություն: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ նա ունի ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, թմբկաթաղանքի պատռվածք և այլն, այս փաստերը արտացոլված ու արձանագրված են ՄԻԵԴ-ի որոշման մեջ՝ որպես ընտանեկան բռնության ենթարկված լինելու փաստ։
Հունիսին արդեն այս երկու դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կրկնակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել են նաև գլխի ու ձախ դաստակի, ոտքերի ստորին հատվածի բազմաթիվ վնասվածքներ։ 2013-ի հոկտեմբերին դարձյալ հայտնել է Ոստիկանությանը, որ առերեսման ժամանակ ամուսինը վիրավորել, սպառնացել է իրեն, այդ իսկ պատճառով Հասմիկ Խաչատրյանի հետ առերեսումը դադարեցվել է:
Դիմումատուն փորձել է այդ գործընթացը փոխել այլ վայր ու խնդրել, որ այդ իրավիճակը կանոնակարգվի պետության կողմից, այսինքն՝ դատարանի ողջ որոշումն այն մասին է, որ պետությունը անգործություն է դրսևորել նաև կնոջը հետագա բռնությունների ենթարկվելուց պաշտպանելու հարցում։ Հասմիկ Խաչատրյանը փորձել է տեսակցել դստերը նաև դպրոցում, որովհետև որևէ կերպ չի կանոնակարգվել տեսակցությունների ընթացքը, որպեսզի կինը կարողանա տեսնել իր երեխաներին և բռնության չենթարկվի նախկին ամուսնու կողմից։ Դպրոցի բակում Հասմիկ Խաչատրյանը հարվածների ու անարգանքի է ենթարկվել ու պետության կողմից դարձյալ մնացել է անպաշտպան։
-Այսինքն՝ տուժողի հետ կատարված ամեն գործընթացից պետությունը տեղյա՞կ է եղել։
– Այո՛, բոլոր դեպքերով պետությանը ներկայացվել է բողոք, ներկայացվել է, որ նա շարունակական չի կարողանում տեսակցել երեխաներին, որևէ կերպ չի ապահովվել ծնողի հետ երեխայի ապահով կապը, ոչ միայն չի ապահովվել, այլ նաև շարունակական բռնությունների է ենթարկվել՝ նաև երեխաներին տեսակցելու փորձերի ժամանակ։ Առերեսումների ժամանակ, երբ գտնվել է պետական մարմնում, դարձյալ բռնության ու անարգանքի է ենթարկվել։
Դատաքննության փուլում, երբ գործը ժամանակին քննվում էր, Քրեական օրենսգրքում խոշտանգման մասին հոդված կար, այդ հոդվածով էր դատավարությունը գնում ու ամբողջ քննության արդյունքում ընդամենը մեկուկես տարվա ազատազրկում դիտարկվեց, այսինքն՝ ոչ մի ծանրացնող հանգամանք, որևէ բան չդիտարկվեց, ու փաստացի, Հասմիկ Խաչատրյանի նախկին ամուսնուն համաներումով ազատ արձակեցին, այսինքն՝ նա նույնիսկ պատիժ չի կրել այս ամբողջ հանցագործությունների համար։
ՄԻԵԴ-ը նաև հստակ դիտարկում է, որ Հայաստանի ներպետական օրենսդրությունը այդ ժամանակահատվածում բացարձակապես չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պահանջներին, չի ունեցել ընտանեկան բռնության մասին օրենսդրություն, չի դիտարկել այս դեպքը ընտանեկան բռնության համատեքստում ու հաշվի չի առնվել նույնիսկ որևէ ծանրացնող հանգամանք։
Շատ լավ հիշում եմ այդ դատական նիստերի ժամանակ, երբ դատավորն ուղղակի ձեռ էր առնում տուժողին, ասում էր՝ ինչի՞ ես մնացել, մի կտոր հացի՞, որպեսզի ցույց տա, որ կինը կախվածության մեջ չի եղել բռնարարից, իսկ ընտանեկան բռնության համատեքստը ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես կախվածության մեջ գտնվելու պարագայում կատարված հանցագործություն, որի դեպքում կինը չի կարողանում լիարժեք պաշտպանել իր իրավունքները ու գտնվել անկախ վիճակում։
Այսինքն՝ մեր ներպետական օրենսդրությունը և դատարանը ևս չեն պաշտպանել կնոջը ընտանեկան բռնության համատեքստում, ու սա է արձանագրում ՄԻԵԴ-ը, որ թեև Հայաստանը 2013-ին ստորագրել է միջազգային փաստաթղթեր, եղել է Եվրոպայի խորհրդի կազմում, սակայն ընտանեական բռնության մասին օրենքն ընդունվել է միայն 2017-ին, փաստորեն երկիրը չի ունեցել համապատասխան օրենսդրություն։
Հարկ է նաև հիշել, թե իրավապաշտպան կառույցները որքան են պնդել ու քանի տարի են պայքարել, որ երկրում լինի ընտանեկան բռնության մասին օրենսդրություն, ու ամեն կերպ դիմադրության ենք արժանացել։ Այս վճիռը դարձյալ գալիս է վկայելու, որ մեր օրենսդրությունը ոչ միայն շատ ուշացած էր, այլ նաև մինչ օրս փորձում ենք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որ նմանատիպ գործերն օրենսդրության շրջանակներում հստակ արձագանք ստանան, ու առնվազն Եվրոպական դատարանը չդիտարկի թե՛ օրենսդրության բացերը, թե՛ դատավարական գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները ընտանեկան բռնության համատեքստում։
Անդրադառնամ նաև դատական գործերի շրջանակում քաղաքացիական հայցերին՝ կապված իր ծախսերի փոխհատուցման մասով, այդ ամբողջ հայցերը մնացել են անարձագանք ու որևէ փոխհատուցում ներպետական օրենսդրության շրջանակներում չի եղել։ Վերաքննիչ դատարանը ևս այս ամենը թողել է անփոփոխ։
Կնոջը նվաստացնում էին դատարանում, երբ գերդաստանով գալիս էին, ավելին ասեմ, քանի որ կնոջ սկեսուրը բախտագուշակ էր՝ շատ հայտնի գավառցի Վարսիկը, որի մոտ գնում էին նաև պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀԿ-ի շրջանակում այդ գործընթացը շատ ընդունված էր՝ գնում էին բախտ բացելու։ Ու Կանանց աջակցման կենտրոնը սպառնալիքներ էր ստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաներից, հետապնդումների էր ենթարկվում, որ դադարեցնեինք այդ կնոջը պաշտպանել, որովհետև սկեսուրը շատ հայտնի մարդ է, կարող է մեզ էլ անիծել, թուղթ ու գիր անել։
Իրավապաշտպան հանրույթը թիրախավորված ու ճնշումների տակ էր ողջ գործընթացի ժամանակ, բայց մենք կարողացանք գնալ մինչև վերջ ու հասնել ՄԻԵԴ, որովհետև ՄԻԵԴ հասնելու համար պետք է ներպետական բոլոր ատյանները սպառված լինեն։ Այս պայքարի շրջանակներում մեր կողքին եղել են նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, ակտիվիստներ, լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Մեդիալաբը», միջազգային կառույցներ։ Հասմիկ Խաչատրյանին չէին վերադարձնում իր երեխային նույնիսկ դատական ակտի առկայության պայմաններում։ Շատ ծանր գործընթաց ենք անցել, ու սա շոշափելի արդյունքներից մեկն է, որը տվյալ գործով կարողացել ենք ստանալ ՄԻԵԴ-ից, ու նաև փոխհատուցումները, որ պետությունը չի պաշտպանել այդ կնոջը, ու արդեն այսօր ՄԻԵԴ-ը պարտավորեցնում է, որ պետությունը վճարի այդ փոխհատուցումները։
– Պետությունը կարո՞ղ է հրաժարվել պահանջի կատարումից։
– Ոչ մի կերպ, որովհետև այդ որոշումները ենթակա պարտադիր կատարման։ Մինչև վճռի կայացումը մենք նաև պայքարել ենք, որ Հայաստանը կարողանա այդ օրենսդրական բացերը լրացնել, այսինքն՝ եթե չունենայինք հիմա օրենսդրություն, միևնույն է, պետք է պարտավորեցներ, որ Հայաստանին պետք է նման օրենսդրություն՝ նմանատիպ գործերի արդար քննության ու մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
– Տիկի՛ն Հովհաննիսյան, ՄԻԵԴ-ում ունե՞ք էլի դիմումներ, թե՞ սա միակն էր։
– Այս գործով այս մեկ դիմումն էր, ուրիշ գործերով այլևս չունենք, որովհետև կանայք մինչև վերջ չեն անցել ներպետական բոլոր ատյանները։ Սա շատ կարևոր է, որ կանայք պայքարի հոգեբանության մեջ լինեն ու գնան մինչև վերջ, որովհետև որևէ մեկը չի կարող անցնել բոլոր ատյանները, եթե կինը որևէ դիրքում ընկրկում է ու մինչև վերջ չի գնում։ Օրինակ՝ շատերն ասում են՝ հո պետությունը չի խոշտանգել, ամուսինն է արել, բայց մոռանում են, որ այդ խոշտանգման դեպքերի վերաբերյալ պետությունը իրազեկված է եղել ու որևէ կերպ չի կատարել մարդու իրավունքի պաշտպանություն, որն իր պարտավորությունն է։ Ու այսօր մենք արդեն ունենք այլ կանանց ևս հզորացնող նախադեպ, որ տարիների պայքարը արդյունքի է հասել ու պետք է չընկրկել ու մինչև վերջ առաջ գնալ։ Սա եզակի պայքարող կնոջ դեպք է, որը հասավ իր տրամաբանական հանգուցալուծման։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















