Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ ԿՄԽԿ-ի աջակցության քաղաքականացումից

Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել: 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։

Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»,- ասված է հայտարարության մեջ: