«Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը դատապարտելի են»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը, եթե իրավապաշտպանն իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել, դատապարտելի են։

Իրավապաշտպանները միշտ էլ հայտնվել ու հայտնվում են զարգացումների կիզակետում։ Սա բնական է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել։

Կարող ենք հիշել եւ 2003-2004 թ․, եւ 2008-ը եւ սրանց նախորդած ու հաջորդած բոլոր դեպքերը։ Բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին եւ իրավապաշտպաններին թիրախավորելը դատապարտելի է»։