120 հոգանոց հարսանիք կազմակերպելու համար ռեստորանի գործունեությունը կասեցվել է

Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում. Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ:

Արդյունքում՝ նաև ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատախանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչև 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է 48 ժամով:

Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող ՍԱՏՄ վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում այժմ առավել թիրախային է. այսօր խախտումներ են արձանագրվել Երևանում դիտարկված սննդի շղթայի օբյեկտներից մեկում: Թերացումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ: Գրեթե բոլոր տեղերում ոչ պատշաճ են վարել ախտահանման կամ ջերմաչափման գրանցմատյանը, մի քանիսում բացակայել է փակ աղբամանը դիմակների համար, եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակները ոչ պատշաճ կրելու դեպքեր:

ՍԱՏՄ տեսուչները արձանագրել են բոլոր խախտումները, որոնք կներկայացվեն պարետատուն:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը: Տեսուչները կշարունակեն խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետևել կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանմանը: