Կամ պետությունը վեր է ամեն ինչից, կամ պետություն չկա

Արեգ Քոչինյանը

44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությունը փոխեց ոչ միայն ուժերի հարաբերակցությունն Արցախում և ի հետևանք Արցախի ապագան, այլ նաև Հայաստանը։ Փոխվել են Հայաստանի անվտանգային լանդշաֆտն ու ճարտարապետությունը, որակապես նոր մակարդակի են բարձրացել հին ռիսկերը, առաջացել են նորերը, նվազել է Հայաստանի դերն ու նշանակությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում, էականորեն նվազել են Հայաստանի ինքնապաշտպանական կարողությունները։

Այս ամենի հետևանքով փլվել են մի քանի մտավոր կոնստրուկտներ, և մարդկանց մեջ հարցեր են առաջացել՝ կապված պատերազմի ու խաղաղության, ինքնիշխան պետության անհրաժեշտության ու, ընդհանրապես, առաջնահերթությունների հետ։

Պատերազմի ու խաղաղությանը հարցը շարունակում է վերարտադրել քաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամն այդ պարբերաբար խորացվում է զոհերի արյան ու դժբախտության վրա ձեռքերը տաքացնել ցանկացողների ու Կասկադում էսպրեսոյի հոտը վառոդի հոտի հետ շփոթող ռևանշ ու հողերի վերադարձ քարոզող երիտասարդ վայ ստրատեգների կողմից։ 

Հայաստանը սպառել է էմոցիոնալ լինելու, իռացիոնալ լինելու, հաշվարկով չառաջնորդվելու, հոլիվուդյան մարտաֆիլմերից ուժեղ և հոգին վեհացնող տողերով առաջնորդվելու բոլոր հնարավորությունները։ 44-օրյա պատերազմի զոհերը և կրած ծանրագույն պարտությունը նաև հենց կինոյի հերոսի՝ Ռեմբոյի բարդույթի հետևանք էին։ 

Խնդիրն այստեղ բացարձակապես խաղաղասիրությունն ու կռվարարությունը չեն, թեպետ, վստահեցնում եմ՝ ռևանշ քարոզողները 100 կմ-ից մոտ ապագա ճակատին մոտ չեն գնալու՝ համարելով, որ իրենք պետք են որպես «քաղաքական մտքի» կրող։ 

Խնդիրը ռացիոնալն ու իռացիոնալն է, խնդիրն այն է, որ անիմաստ է մտնել կռվի մեջ, երբ ակնհայտ է, որ պարտվելու ես։ Ռևանշ քարոզողները թող գոնե երեք ուղղություն ներկայացնեն, որոնցում մենք առաջանցիկ ենք մեր հակառակորդներից կամ գոնե կարող ենք դառնալ առաջանցիկ առաջիկա երեք տարիների ընթացքում։ Երեք ուղղություն, բայց շատ կոնկրետ, եթե կարելի է՝ նյութական, հաշվելի ու շոշափելի, այլ ոչ ոգեղեն, գենետիկ կամ մշակութային։

Սակայն Հայաստանում առկա է ոչ միայն քաղաքական, այլ նաև որոշ չափով ինքնության ճգնաժամ։

Ինքնության ճգնաժամի մասով հարկավոր է սահմանել, թե ո՛րն է մեր առաջնահերթությունը՝ արդարությունը, Հայ դատը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը, թե՞ ինքնիշխան պետականության պահպանությունը։ Այս հարցին պատասխանելուց առաջ առաջարկում եմ մտապահել ու մեկընդմիշտ հիշել, որ վերջինի կորստի պարագայում մնացածի պահպանությունը կամ կորուստը այլևս քո որոշելիքը չէ։ 

Քաղաքական մտքի բացարձակ բացակայության ցուցիչ է Հայաստանի Հանրապետությունը դիտարկել իբրև արցախյան հիմնահարցի կամ Հայ դատի ածանցյալ, դրանց սպասարկող գործիք։ Ո՛չ և նորից ո՛չ՝ Հայաստանի Հանրապետությունը ածանցյալը չէ որևէ այլ գործընթացի, այլ հիմնական միջոցն է առաջին հերթին իր բնակչության՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, առողջությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու համար։ 

Ինքնիշխան պետականության ու անվտանգության միջև անվտանգությունը ընտրողները զրկվելու են երկուսից էլ, քանի որ առանց առաջինի չկա սուբյեկտայնություն, չկա որոշելու հնարավորություն, կա միայն օտարի քմահաճույք։ Ինքնիշխան պետականությունն է հայ ժողովրդի մեծագույն արժեքը, դա պետք է լինի մեր առաջնահերթությունը։ 

Հայաստանի Հանրապետությունն ապրում է ծանր օրեր, գուցե իր արդի պատմության ամենածանր օրերը, այն չի կարողանում ապահովել իր բնակչության համար կենսական կարիքներից շատերը, բայց այդ բոլոր հարցերը առնվազն տեսականորեն լուծելի են, քանի դեռ կան ինքնիշխան պետության առնվազն վերջին տարրերը։

Ուրեմն պետք է հստակորեն, գոնե ամենքս մեր մտքում ունենանք վերոնշյալ առաջնահերթությունների սանդղակը կամ ունենանք հետևյալ հարցի պատասխանը՝ ի՛նչը պետք է փրկել, եթե փրկելու ենթակա կմնա միայն մեկ բան։

Արեգ Քոչինյան

MediaLab.am