Հայ-իրանական առևտուրը մարզային փոքրիկ Կապան քաղաքում մարմնավաճառության ծաղկման պատճառ է դառնում` հավաստում են կապանցիները, թեպետ պաշտոնական աղբյուրները լռում են դրա մասին:
Անցած տարվա ամռանը խնդրին անուղղակիորեն անդրադարձել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` անընդունելի համարելով հայ աղջիկների` այլազգիներին վաճառվելու հանգամանքը:
«Երբ ուրիշ տեղ տեսնում ենք [մարմնավաճառներին]` նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ, տարբեր ազգությունների, ես` որպես հայ մարդ, ցավում եմ»,- ընդգծել էր ոստիկանապետը:
Մարմնավաճառությունը զարգանալու պոտենցիալ ունի տարանցիկ Կապան քաղաքում, որը մայրաքաղաքից հեռու է 320 կմ ու մոտ է հայ-իրանական սահմանին: Այստեղ մեծ պահանջարկ են ապահովում ու դրանով նպաստում մարմնավաճառության տարածմանը հիմնականում իրանցի բեռնատարների վարորդները:
45.000 բնակիչ ունեցող փոքրիկ այս քաղաքում մարմնավաճառությունը մեծ քաղաքների սկզբունքներով չի կատարվում, այստեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար, ուստի դժվար է քաղաքի ինչ-որ տեղում մշտապես իր ծառայություններն առաջարկող մարմնավաճառ տեսնելը:
Կապանում մարմնավաճառ գտնելու դասական եղանակը հեռախոսահամար փոխանակելն է, ինչպես և վարվում են մայր ու դուստր Սարգսյանները:
Մանե (մայրը) և Գայանե Սարգսյանների (տվյալները փոխված են) գործելաոճը հետևյալն է. նրանք շրջում են քաղաքում, տղամարդկանց փոխանցում իրենց հեռախոսահամարներն ու սպասում զանգի:
Գայանե Սարգսյանը մարմնավաճառությամբ գումար վաստակելու պատճառ է համարում սոցիալական պայմանները:
«Մեկը ես` կրթություն չունեմ, 17 տարեկանում ամուսնացել եմ, այժմ 20 տարեկան եմ, ամուսնալուծված: Սկզբում ես ու մայրս բարում հավաքարար էինք աշխատում, այնտեղ էլ իմացանք, որ կարող ենք ավելի շատ գումար վաստակել, և ամեն ինչ սկսվեց»,- ասում է Գայանեն` հավելելով, որ մարմնավաճառները սոցիալական պայմաններից ելնելով են դիմում այդ միջոցին:
Նրանք, սակայն, գործ չեն ունենում իրանցի վարորդների հետ, քանի որ վերջիններս իրենց համար մարմնավաճառ գտնում են` զանգելով Կապանում հայտնի «Մամա Ռոզա» (կավատ) Աղունին:
Հաճախորդներն ասում են` տիկին Աղունը միշտ ընտրում է լավագույններին` նրա մոտ ամենաթանկ մարմնավաճառներն են` 15-25.000 դրամի սահմաններում: Սակագներն ավելի բարձր են միայն իրանցիների համար` 30.000 դրամ և ավելի:
Կապանի բնակիչ Արա Ազարյանը պատմում է մի կնոջ` Կարինե Սարգսյանի մասին, ով տարիներ շարունակ փողի դիմաց հարաբերվել է Իրանի մի քաղաքացու հետ, իսկ երբ դուստրը չափահաս է դարձել, նրան ամուսնացրել է իրանցու հետ և ուղարկել Իրան:
«Ոչ ոք բարձրաձայն չի ասում, որ գիտեր, որ մայրն իրեն նախկինում վաճառում էր աղջկա ներկայիս ամուսնուն, հիմա էլ չեն ասում, բայց բոլորը գիտեն: Այս դեպքից հետո ես որոշեցի մի օր գիշերը շրջայց անել ու հասկանալ̀ ինչ է կատարվում իմ քաղաքում»,- ասում է Ազարյանը:
Նա պատմում է, որ իրանցի վարորդները Կապանում գիշերում են հատկապես ամռան ու ձմռան ամիսներին. «Անցած տարի հունիսն էր, գնացի «Լեռնագործ» հյուրանոցի մոտ ու տեսա, թե քանի աղջիկ է մտնում հյուրանոց, բոլորն էլ գեղեցիկ, բոլորին էլ գրեթե ճանաչում էի: Հետո խոսացի Մամա Ռոզայի հետ, ասաց, որ իրանցիներին հատուկ աղջիկներ են սպասարկում, և նրանցից շատերը միայն իրանցիների ժամանելուն են սպասում, այսինքն` հայերի համար չեն վաճառվում: Ես ցնցված էի ու շատ տխրեցի»:
«Մեդիալաբի» թղթակիցը փորձել էր կապ հաստատել կավատ Աղունի հետ. նա, կարծելով, թե մարմնավաճառությամբ զբաղվել ցանկացող մեկն է իրեն զանգել, տարիքն ու նրա կողմից պահանջվող գինն էր հարցրել: Սակայն երբ թղթակիցը ներկայացել էր, Աղունը դադարեցրել էր հեռախոսային խոսակցությունը:
Թեպետ մարզային աղքատ քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք կարողանում են որոշակի գումար վաստակել, նրանք հաճախ վտանգում են իրենց առողջությունը, քանի որ չեն կարողանում խուսափել սեռավարակներից:
Կապանի բժշկական կենտրոնի բժիշկ, մաշկաբան-վեներոլոգ Վահիկ Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ ինքը գրեթե անգործ է, քանի որ անկախության տարիներին սեռավարակների համար ստուգումները պարտադիր էին, հիմա կամավոր են, ու քչերն են դիմում.
«Մարմնավաճառների դեպքում էլ` սեռավարակներ գրեթե չկան կամ գուցե կան, բայց քանի որ չեն դիմում, գրանցված որևէ թիվ չկա: 1-1,5 տարի առաջ վերջին անգամ ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ մեզ մոտ բերվեց մի մարմնավաճառ, ով համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս է գրվել»:
Բժշկի խոսքով` փոքր քաղաքում մարդիկ ամաչում են դիմել սեռաբանի` հոգալով հեղինակության մասին:
«Հիմնականում հարևանը հարևանին է բուժում, ամոթ են համարում բժշկի դիմեն ու ոչ կոմպետենտ մարդկանց կողմից բուժում են ստանում, հետագայում, երբ կանգնում են ավելի լուրջ խնդիրների առաջ, զարմանում են, թե այդ ոնց ստացվեց»,- նշում է Հովհաննիսյանը:
Կապանի կանանց ռեսուրսային կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինա Սաղաթելյանը «Մեդիալաբին» ասում է, որ մարմնավաճառության խնդրին երբևէ չեն առնչվել, քանի որ մարմնավաճառությունը հիմնականում քողարկված է, կանանց նկատմամբ բռնությունների շարքում ևս չկան դեպքեր, երբ բռնություն է կիրառվել, օրինակ` որևէ մարմնավաճառի նկատմամբ:
Կապանի քաղաքապետարանում էլ չեն առնչվել մարմնավաճառության խնդրին: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղար Սվետլանա Արզումանյանը «Մեդիալաբին» ասել է, որ իրենց մոտ մարմնավաճառության ընդամենը մի դեպք է գրանցվել, այն էլ` 2008-ի դեկտեմբերին.
«Մարմնավաճառությունը վերահսկելը մեր լիազորությունների մեջ չի մտնում: Քաղաքապետարանը պատասխանատու է միայն հասարակական կարգի պահպանման համար, և ամեն շաբաթ ոստիկանությունը կարգի խախտման բոլոր տվյալները փոխանցում է քաղաքապետարան»:
«Քանի որ 2008-ից այս խնդրի վերաբերյալ որևէ նյութ չենք ստացել, անգամ վարչական հանձնաժողովը, որը տույժեր է սահմանում և գանձում այդ ոլորտում, ըստ էության չի էլ գործում»:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Մեդիալաբին» ասում է, որ ոստիկանության պարտականությունների մեջ չի մտնում մարմնավաճառների թիվը ներկայացնելը, դա քաղաքապետարանների գործն է.
«Եթե քաղաքապետարանի վարչատուգանքային հանձնաժողովից զլանում են թիվ ասել, դա արդեն իրենց խնդիրն է: Ոստիկանները միայն ստուգայցեր են կատարում, հավաքում մարմնավաճառներին, ներկայացնում քաղաքապետարան, որտեղ էլ կազմվում են արձանագրություններ»:
Մալխասյանն ասում է` պետք է ստուգել և համապատասխան գործողությունների միջոցով պարզել, թե քաղաքապետարանից ինչո՞ւ են միայն մեկ մարմնավաճառի տուգանել:
Կապանի փոխոստիկանապետ Արմեն Մաթևոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ մարմնավաճառների թվային տվյալները գաղտնի են պահվում, իրենք իրավասու չեն թիվ ներկայացնել, ինչպես նաև նշել, թե տվյալ մարմնավաճառը հայի՞, թե՞ այլազգի ներկայացուցչի է վաճառվել:
Սակայն, ոստիկանության աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշում է, որ այդ թիվն ավելի մեծ է.
«Նրանք փողոցում չեն կանգնում, դրա համար էլ մենք չենք կարող որևէ բան ապացուցել: Եթե անգամ տեսնում ենք, որ հեռախոսահամար են փոխանակում, ու հաստատ գիտենք, որ հանդիպելու են, չենք կարողանում որևէ բան անել»,- ասում է ոստիկանը:
Իսկ կապանցիները շարունակում են ամեն օր ականատես լինել հայ-իրանական այս յուրահատուկ առևտրին:
«Օրական ամենաքիչը 15 պարսկական մեքենա ա անցնում Կապանի սահմանով, դրանից մեկը-երկուսը թող հայ վարորդներ լինեն, մի երկուսն էլ թող չգիշերեն Կապանում, բայց դե էն 10-ը որ հաստատ կգիշերեն, որովհետև ամռան շոգին ու ձմռան ցրտին գիշերով ոչ մեկ ճանապարհ չի գնում»,- ասում է 27 տարվա վարորդ 52-ամյա Վոլոդյա Հակոբյանը:
«Վատն էն ա, որ իմ տարիքի մարդիկ են, դե, թող ինձնից ջահել էլ լինեն, բայց գալի ու իմ աղջկա թայ էրեխեքի հետ են քնում: Տենց չի կարելի, իսկ որ ասում եմ` խի եք տենց անում, ասում են` Վալոդ ջան, մենք դուրս ենք գալիս քաղաք ման գալու, իրանք մեզ ուզում են, կարո՞ղ ա մերժենք: Մանավանդ մեր մոտերը տեսել ես աղջիկները ոնց են հագնվում, դրանց կպնել չի լինի, իսկ ստեղ հնարավորություն ա, աչքներս բացվում ա: Չգիտես էլ` ո՞ւմ մեղադրես` շոֆերի՞ն, թե՞ մարմնավաճառին»,- զայրանում է վարորդը:
Կապանի բժշկական քոլեջի տնօրեն, սեքսապաթոլոգ Ռոման Սարգսյանը մինչեւ 2009-ը համակարգել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում թմրամիջոցների ներերակային օգտագործողների ու մարմնավաճառների շրջանում ծրագիրը, որի շրջանակներում անվճար պահպանակներ էին բաժանում մարմնավաճառներին.
«Ծրագրի շրջանակում մոտ 70-80 մարմնավաճառի էինք օրական պահպանակ բաժանում: Այսօր ևս խնդիրը շատ լուրջ է, և եթե թվեր չեն արձանագրվում, ապա նրանից է, որ պարզապես չենք ուզում տեսնել, դրա համար ենք խոսում միայն մեկ դեպքի մասին»:
«Նախկինում քաղաքի բնակիչները ջուր էին լցնում մարմնավաճառների վրա, տարբեր ուտելիքներ էին թափում նրանց գլխին, և այդ իսկ պատճառով իրանցիների հետ էին գաղտնի կենակցում, հեշտ էր իրանցիների մեքենաների մեջ մարմնավաճառությամբ զբաղվելը, հիմա այդ տաբուն կարծես վերացել է, մարդիկ կարծես սովորել են, արդեն չեն էլ խոսում մարմնավաճառների վրա, ուստի այսօր կարելի է ասել իրանցիների հետ հավասար նաև տեղացիներն են օգտվում մարմնավաճառների ծառայություններից»,- ամփոփում է Սարգսյանը:
Փառանձեմ Հովհաննիսյան
© Medialab.am