Սեռական կողմնորոշումից մինչև անչափահասների միջև սեքս. ինչ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում Լանսարոտեի կոնվենցիայի մասին․ Fip.am

Ազգային ժողովը մայիսի 11-ին վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Լանսարոտեում ընդունված կոնվենցիան վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել օնլայն հարթակներում և լրատվամիջոցներում: 

Մի շարք լրատվամիջոցներ՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, Yerkir.amIravunk.com կայքերը, աչքի ընկան ընդդեմ կոնվենցիայի թողարկումների շարքով:

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է կոնվենցիայի մասին կարևորագույն փաստերը, ինչպես նաև փորձել անդրադառնալ թեմայի շուրջ շրջանառվող կեղծ և մանիպուլյատիվ պնդումներին:

Կոնվենցիայի պատմությունը

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականին Լանսարոտեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա): 

Ներկայում կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրից 46-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Չեխիան, Լատվիան, Վրաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: 

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում կոնվենցիան առկա է մի քանի լեզվով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: 

Հայաստանը ստորագրել էր կոնվենցիան դեռևս 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Ադրբեջանը կոնվենցիան վավերացրել է 2019 թվականի դեկտեմբերին: Կոնվենցիան չի վավերացրել միայն Իռլանդիան: Ի դեպ, վերջինս առաջիններից մեկն էր, որ ստորագրել է կոնվենցիան, սակայն դեռևս չի վավերացրել «Երեխաների առցանց սեռական շահագործման մասին» ազգային օրենքի և կոնվենցիայի անհամապատասխանության պատճառով:  

Կոնվենցիայի նպատակները

Ըստ կոնվենցիայի հեղինակների՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր նպատակը երեխաների իրավունքների պաշտպանությունն է և նախատեսում է մանկական մարմնավաճառության  և պոռնոգրաֆիայի քրեականացում, ինչպես նաև բռնարարների մշտադիտարկում:

Բացատրական զեկույցում նշվում է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի 2 միլիոն երեխա ներգրավվում է սեքս-ինդուստրիայում. «Համացանցում առկա է սեռական բռնության ենթարկված 10-20 հազար երեխաների ավելի քան մեկ միլիոն պատկեր: Այդ 10-20 հազարից միայն մի քանի հարյուրն է նույնականացվում: Մնացածը մնում են անհայտ և ենթադրաբար շարունակում են ենթարկվել բռնության»:  

Արդեն բուն կոնվենցիայում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայում հանցագործները լայնորեն օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները, անհրաժեշտ է զարգացնել միջազգային համագործակցությունը:

Կոնվենցիայով նախատեսվում է նաև երեխայի պաշտպանություն ընտանիքի ներսում: 14-րդ հոդվածի համաձայն՝ եթե երեխայի ծնողները կամ նրա խնամքը իրականացնող անձինք ներգրավված են նրա նկատմամբ սեռական շահագործման կամ սեռական բռնության մեջ, տուժածին իր ընտանեկան միջավայրից մեկուսացման հնարավորություն պետք է նախատեսել, սակայն  շեշտվում է՝ մեկուսացման պայմանները և տևողությունը պետք է որոշվեն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:

Fip.am-ի հետ զրույցում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ ներկայում որևէ լծակ չկա ժամանակավորապես երեխային հեռացնելու կամ ծնողական իրավունքը սահմանափակելու, եթե բռնությունը տեղի է ունեցել ծնողի իմացությամբ կամ նա կարող էր ռիսկը գնահատել, բայց ոչինչ չի ձեռնարկել. «Այս կոնվենցիան հնարավորություն է տալիս ոչ միայն լուրջ մոտեցում ցուցաբերել հարցին, այլև ապաստարան տրամադրել, որպեսզի մինչև հասկանալը, թե ծնողը ռիսկ է հանդիսանում երեխայի համար, թե՝ ոչ, գտնվի նրանից հեռու»:

Որպես օրինակ՝ Աղաբեկյանը բերում է մի դեպք, երբ 13 տարեկան երեխայի ամուսնացրել էին, ու գործը փակվել էր այն հիմքով, որ տղան չգիտեր աղջկա տարիքը: Մեկ այլ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 15 տարեկան աղջկա հետ, երբ ընտանիքները հաշտվել էին և գործը փակվել էր նույն հիմքով: Ըստ Աղաբեկյանի՝ կոնվենցիան հնարավորություն կտա, որ սեռական բռնության ենթարկված երեխայի կյանքով հետաքրքրվող, զբաղվողներ հայտնվեն, իսկ ներկայում Քրեական օրենսգիրքը ոչ մի դրույթ չի նախատեսում այդ անձանց հասարակությունում վերաինտեգրելու համար: «Քրեական օրենսգրքով կարգավորվում է միայն տվյալ հանցատեսակի պատժի հարցը, և ոչինչ չի նախատեսվում կանխարգելման, պաշտպանության, ոչ էլ, առավել ևս, սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման համար՝ հետագայում հենց նույն երեխայի վերականգնման նպատակով: Չունենք սոցիալական աջակցության ծրագիր: Չկա մի կառույց, որտեղ երեխան կարող է ժամանակավորապես գտնվել և ստանալ այն մասնագիտական աջակցությունը, որի կարիքն ունի բռնության ենթարկվելուց հետո»,- ասում է Աղաբեկյանը:

 Սեռական շահագործման և սեռական բռնության մասին կրթությունը

Կոնվենցիայի վերաբերյալ ամենից շատ քննարկված թեմաներից մեկը կրթությունն է: 

Մասնավորապես, քննադատական կարծիքներ են հնչում սեռական բռնության մասին դպրոցում դասավանդելու վերաբերյալ:

Կոնվենցիայում կրթության մասին անդրադարձ կա երկրորդ գլխում, որը վերաբերում է սեռական բռնության և կանխման միջոցներին: Յոթ  հոդվածներում խոսվում է ոչ միայն երեխաների, այլև նրանց հետ աշխատող մասնագետների (ուսուցիչ, հոգեբան, սոցիալական աշխատող և այլն) կրթության մասին:
5-րդ հոդվածում նշվում է, որ պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, որպեսզի երեխաների հետ անմիջականորեն աշխատող անձինք ունենան բավարար գիտելիքներ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բռնության դրսևորման վերաբերյալ, կարողանան բացահայտել նման իրավախախտումները՝ դրա կասկածներն ունենալու դեպքում իրավապահներին հայտնելու նպատակով: 

6-րդ հոդվածում նշվում է, որ կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնարկի միջոցառումներ` ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների:

Շեշտվում է, որ ուսուցման ձևերը կարող են համաձայնեցվել ծնողների հետ.  «Նման տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»,- գրված է կոնվենցիայում: 

Հատկանշական է, որ դեռևս որևէ միջոցառում, ձեռնարկ, մեթոդաբանություն այս նպատակով մշակված չէ:

Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ սեռական բռնության թեմայի մասին իրազեկելու համար երեխային չեն պատմում սեռական բռնության տեսակների մասին. երեխային սովորեցնում են մարմնի սահմանների մասին: Նրա խոսքով՝ հանրապետությունում սեռական հարաբերությունների տարիքը կտրուկ իջել է, այդ պարագայում երեխան ավելի շատ գիտելիքների կարիք ունի և չի կարող սահմանափակվել միայն այն զգուշացմամբ, որ սեռական հարաբերության հետևանքը կարող են լինել հղիությունը և սեռավարակները: Այս դեպքում անհրաժեշտ է նաև ուսուցանել հոգեբանական պատրաստվածության մասին:

«Ըստ կոնվենցիայի՝ Հայաստանը, հաշվի առնելով մշակութային, երեխաների տարիքային առանձնահատկությունները, պետք է իրազեկի երեխաներին: Պետք է ձեռնարկներ մշակվեն: Ուսուցիչները պետք է վերապատրաստվեն: Պարզ է, որ եթե իմ 6 տարեկան երեխայի դասարան մտնի մեկը ու ասի բռնաբարության նման բան կա, ես էլ դեմ կլինեմ: Սակայն դեռևս չկա ձեռնարկ, ոչ մի մեխանիզմ չի մշակվել ու այս փուլում վատաբանելը կառուցողական քննադատություն չէ»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:

Սեռական կողմնորոշում տերմինը 

Բավականին մեծ շահարկումների առիթ դարձավ այն հանգամանքը, որ կոնվենցիայում հանդիպում է «սեռական կողմնորոշում» եզրույթը:

Իրականում եզրույթը կոնվենցիայի ողջ տեքստում հանդիպում է միայն մեկ անգամ, այն էլ՝ տուժածներին հավասար օգնություն տրամադրելու համատեքստում: Այդպես, երկրորդ հոդվածում նշվում է, որ պետությունները պարտավորվում են իրականացնել տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն առանց խտրականության՝ «անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»:

Խտրականության բացառման սկզբունքը հանդիպում է մի շարք այլ իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, որը 2016 թվականին վավերացրել է նաև Հայաստանը:

Փաստացի, պնդումները, որ Լանսարոտեի կոնվենցիայով ՀՀ իրավական նորմերում առաջին անգամ ներմուծվեց «սեռական կողմնորոշում» եզրույթը, սխալ է:

Տարիքային տարբերությամբ անչափահասների սեռական հարաբերության մասին

Մեծ քննարկման առարկա դարձավ նաև անչափահասների միջև սեռական հարաբերությունների թեման, որին անդրադարձ է կատարվում կոնվենցիայում:

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, մասնավորապես, Ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ կոնվենցիայի հենքով նախորդ տարիներին Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, և արդյունքում 16 տարին չլրացած անձինք փոխադարձ համաձայնությամբ կարող են սեռական հարաբերություն ունենալ.

«Հիշյալ կոնվենցիայի դրույթների հենքով (18-րդ հոդված) օրենսգրքում կատարվեցին մի շարք «հեռանկարային» փոփոխություններ, որոնցից արտառոցը, թերևս, այն էր, որ դրանով արդեն հանվեց պատասխանատվությունն այն անձանց համար, որոնց 18 տարին դեռ չի լրացել, թեպետ՝ 16 տարեկան անձն արդեն քրեական պատասխանատվության սուբյեկտ է։ Ասել կուզի` օրինակ, 17-ից մինչև 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասը արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուկ 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում, սեռն էլ նշանակություն չունի), և իր արարքը չի համարվի անգամ զանցանք», — գրել է նախկին նախարարը:

Իրականում, սակայն, կոնվենցիան հիմք չի տալիս ներպետական օրենսդրությունում նման փոփոխություններ անելու համար: 

18-րդ հոդվածի «1ա» մասով պետությունները պարտավորվում են քրեական պատասխանատվության սահմանել սեռական բնույթի գործողություններով երեխայի հետ զբաղվելու համար, որը դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի՝ նման գործողություններով զբաղվելու համար: Ու թեև 3-րդ մասում ասվում է, որ դրույթը չի տարածվում անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ կատարվող սեռական բնույթի գործողությունների վրա, 2-րդ մասում նշվում  է, որ յուրաքանչյուր պետություն պետք է սահմանի այն տարիքը, մինչև որը արգելվում է երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելը: 

Նշենք նաև, որ մինչև այժմ այս հիմքով Քրեական օրենսգրքում փոփոխություններ չեն կատարվել: 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը պատժելի արարք է համարվում օրենսգրքի 141-րդ հոդվածով։ Սեռական հարաբերությունների տարիքային շեմի առումով հոդվածն անփոփոխ է մնացել ընդունման տարեթվից ի վեր (2003 թվական):

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ազգային ժողովի կողմից վավերացրած Լանսարոտեի կոնվենցիայի շուրջ տարածվում են կեղծ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ։ Հատկանշական է, որ կոնվենցիայի վավերացմանը դեմ խոսող և դրանում վտանգներ տեսնող Գևորգ Դանիելյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, լինելով նախարարներ, ժամանակին նպատակահարմար էին համարել դրա ստորագրումը՝ չհայտնելով որևէ մտահոգություն։ Ավելի մանրամասն՝ «Փաստերի ստուգման հարթակի» այս հոդվածում։

Լուսինե Ոսկանյան

Fip.am