«Երեկվա ելույթից հետո վարչապետի անվտանգության խնդիրը եռակի ավելի է կարևորվում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Երեկվա ելույթից հետո վարչապետի անվտանգության խնդիրը եռակի ավելի է կարևորվում». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Երեկվա ելույթից հետո վարչապետի անվտանգության խնդիրը եռակի ավելի է կարևորվում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հանրահավաքը և հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը։

– Կարևոր է, որ Փաշինյանն արձագանքեց հանրային պահանջին և հայտարարեց ճանապարհային քարտեզի մասին, որով հեղափոխվելու են դատական և օրենսդիր իշխանությունները: Այդ հեղափոխումները, իհարկե, դարձյալ հեղափոխական մեթոդներով չեն լինելու, որը նոր մեծ բարդություններ է ստեղծելու հենց իր՝ Փաշինյանի համար, բայց կարևոր է վերջնակետը: Եթե ռիսկերն ու բարդությունները ըստ պլանավորվածի հաղթահարվեն, դա է լինելու միակ հանգամանքը, որը կարևորություն է ունենալու:

– Ի՞նչ ծրագրային բացեր կային Նիկոլ Փաշինյանի ելույթում: Ի՞նչ պիտի անի հիմա կառավարությունը հնարավոր վտանգները կանխելու համար:

– Ծրագրային հստակ ձևակերպումներ չտրվեցին, բայց դրա վրա չէի ուզենա կենտրոնանալ: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա դրանք նախևառաջ ֆիզիկական են: Երեկվա ելույթից հետո վարչապետի անվտանգության խնդիրը կրկնակի, եռակի ավելի է կարևորվում: Այն ուժերն ու անձինք, որոնք դեռևս հակահեղափոխության հույս ունեին, հիմա արդեն հասկացան, որ իրենց պլանները դատապարտված են վերջնական ձախողման, իսկ իրենցից շատերին սպասում են բանտային մահճակալները: Եվ դա մեծ ռիսկեր է պարունակում: Եթե իշխանությունն արագ և շատ կտրուկ չգործի, կսկսի աշխատել Ռոբեսպիերի սինդրոմը: Ինչպես գիտեք, հեղափոխության առաջնորդին գիլիոտին բարձրացրեցին, որովհետև մի պահ հապաղեց և եզակի սայթաքում թույլ տվեց: Այդ սցենարը Հայաստանում ուղղակի պետք է բացառել: Վարչապետի՝ հեղափոխությունն ամբողջացնելու կարողությունից է կախված ընդհանրապես Հայաստանի ապագան:

– Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: «Էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

– Դա թերևս նշանակում է, որ առնվազն երկու նախկին նախագահները բանտ են գնալու: Եվ ոչ միայն նրանք: Շատ մեկնաբանելու բան չկա այստեղ: Հայտարարությունն արդեն իսկ խոսուն է:

– Քոչարյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Որքանո՞վ նա կարող է հաջողել: Կա՞ն արդյոք ռեալ վտանգներ: Եվ ինչպե՞ս պետք է Փաշինյանը դիմակայի դրանց:

– Ինչ-որ առումով նա արդեն վերադարձել է քաղաքականություն: Դիմակայել կարելի է ձերբակալությամբ, նոր մեղադրանքներով և դատապարտմամբ: Այլ ճանապարհ չկա:

– Պարո՛ն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մտադիր է ստեղծել անցումային արդարադատության մարմիններ, որի առաջարկությամբ նախօրեին հանդես էր եկել Հայ ազգային կոնգրեսը: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, որքանո՞վ այս մարմինների ձևավորումը արդյունավետ կարող է լինել մեր երկրի համար:

– Դա արդարադատություն հաստատելու միակ ճանապարհն է: Եվ այդ առաջարկը ՀԱԿ-ինը չէ: ՀԱԿ-ից առաջ այդ մասին արդեն շաբաթներ է, ինչ մենք թմբկահարում ենք: Բայց դրա անհրաժեշտությունն ինքը՝ իշխանությունն ու վարչապետը, առանց մեզ էլ հրաշալի հասկանում են: Առավել ևս՝ ՀԱԿ-ի կարծիքին սպասելու կարիք կառավարությունը չուներ և չունի: ՀԱԿ-ն ընդհանրապես ոչ մի հարցում չի կարող որևէ ողջամիտ պատասխան ունենալ: Հայաստանի ողբերգության ակունքում այդ մարդիկ և իրենց պարագլուխն են կանգնած: Նրանցից եկող յուրաքանչյուր լուծում տրոյական ձիու ենթատեքստ է ունենալու: Ձևավորվեց հանրային պահանջ՝ ցրելու դատական համակարգը, որին վարչապետն արձագանքեց և հայտարարեց իր մտադրության մասին՝ իրականացնելու այն, ինչի մասին, վստահ եմ, վաղուց էր մտորում:

– Պարո՛ն Մարտիրոսյան, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը առաջացնո՞ւմ է արդյոք լուրջ վտանգներ։

– Ոչ թե լուրջ, այլ՝ լրջագույն: Հուսով եմ, որ Քոչարյանի արշավն արագ կկասեցվի: Նրան բանտ հետ ուղարկելը կարող է կանխել հնարավոր մեծ անկայունությունը, որը, իր հերթին, կարող է տանել երկրի կործանման: Թերևս չի բացառվում, որ առաջիկայում Քոչարյանը դարձյալ կձերբակալվի: Դրանից հետո իրավիճակը կսկսի շտկվել:

Մանե Հարությունյան

MediaLab.am