«Օրենքը տեղով մեկ փորձանք է». ինչո՞ւ չի գործում սրճարաններում ծխելն արգելելու մասին օրենքը

Հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա մարտի կեսերից, և որի թերությունների մասին փորձագիտական հանրությունը բարձրաձայնում էր, պարզվում է՝ չի գործում: Այդ փաստը արձանագրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հայտարարել էր.

«Պիտի ցավով արձանագրեմ՝ ծխելու արգելքը սրճարաններում բավարար չափով և բավարար ձևով չի գործում։ Եթե որևէ մեկը կարծում է, որ ես դրա մասին չգիտեմ, սխալվում է, ես գիտեմ և ոստիկանության առջև խնդիր եմ դրել, որ այդ հարցում պետք է հետևողական լինել»:

«Սպասելի էր, որովհետև Կառավարությունը գրել, Ազգային ժողովն էլ ընդունել է մի օրենք, որը տեղով մեկ փորձանք է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ օրենքի հեղինակները երկար չեն մտածել այն մշակելիս, քննարկումների ժամանակ անտեսել են փորձագիտական համայնքի կարծիքը և որոշել են միանգամից ամեն ինչ արգելել:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ օրենքի խախտման համար սահմանվեց տուգանք՝ 50 հազար դրամ՝ ծխող ֆիզիկական անձի և 150-200 հազար դրամ՝ տնտեսվարողի նկատմամբ: Ստացվում է՝ հանրային սննդի օբյեկտում ծխողը տուգանվում է 50 հազար դրամով, իսկ օբյեկտի տնօրենը՝ չկանխելու կամ իրավապահ մարմիններին չահազանգելու համար՝ 150-200 հազար դրամով։ Երեք ամսվա ընթացքում դեպքը կրկնվելու պարագայում տնտեսվարողի համար նախատեսված տուգանքը կրկնապատկվում է:

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն): Օրենքի ջատագովը առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն էր:

Օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը, և ոստիկանության ծառայողները պետք է շրջեն սրճարան առ սրճարան՝ պարզելու՝ արդյոք այնտեղ ծխո՞ւմ են, թե՞ ոչ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի սկզբի դրությամբ ծխելու արգելքը խախտելու համար կազմվել է շուրջ 2500 արձանագրություն, որի մեծ մասը բաժին է ընկնում Երևանին։ Վարչական պատասխանատվության է ենթարկվել 1515 անձ:

Պիպոյանն ասում է՝ օրենքն այնքան թերի է, որ տնտեսվարողների համար պարզ չէ՝ հատկապես որտեղ, որ տարածքում ծխելու համար է նշանակվում տուգանք: «Օրինակ՝ նշվում է, որ հյուրանոցի ամբողջ տարածքում ծխելն արգելվում է, ընդ որում՝ հյուրանոց ոչ թե փակ շենքը նկատի ունի, այլ դարպասներից ներս, նաև բացօթյա բակում ծխել չի կարելի, այսինքն՝ պետք է դարպասից դուրս գա, նոր ծխի: Անհեթեթություն է, ու դրանք շատ են»,- ասում է Պիպոյանը:

Առաջատար եվրոպական երկրները, որոնք տնտեսապես հզոր են նաև տուրիզմի շնորհիվ, ըստ Պիպոյանի, նման օրենքը, որը կարգելի բացօթյա սրճարաններում ծխելը, չկա, չի գործում:

«Աշխարհի ոչ մի երկրում նման ծայրահեղական օրենք չկա: Թղթի վրա ունենալու ենք հերթական օրենքը, որը ոչ մի բան չի փոխելու: Մենք այս մասին ասում էինք դեռ նախագծի քննարկումների ժամանակ, բայց ոչ մեկը չլսեց: Աշխարհի միակ երկիրն ենք, որը արգելում է ծխելը որոշ տարածքներում, բայց երկիր ներմուծվող ծխախոտային արտադրատեսակի որակի վերահսկողություն չի իրականացնում: Աղբ է ներկրվում, գիտե՞ն այդ մասին»,- ասում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am