ՔԿ վարչության պետը հանդիպել է մի շարք տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՔԿ վարչության պետը հանդիպել է մի շարք տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՔԿ վարչության պետը հանդիպել է մի շարք տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվետ» և «Երևան մոլ»  ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ նշված ընկերություններին պատկանող «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոններում գործող մի շարք  տնտեսվարող և անվտանգությունն  ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ: 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը: Հանդիպումը պայմանավորված է ավելի վաղ հիշյալ անձանց կողմից Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հասցեագրված դիմումով, որով խնդրում էին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընկերություններից հափշտակություն կատարած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական ներգործության միջոցներ կիրառելու համար: Քննչական կոմիտե նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:

ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոնների բացման օրվանից նշված ընկերություններում գործող տնտեսավարող սուբյեկտներից կատարված հափշտակության դեպքերի առթիվ քննված քրեական գործերը, վերլուծվել արձանագրված հանցավորության կառուցվածքն ու շարժընթացը՝առևտրի կենտրոններում կատարված հանցագործությունների նախականխման, հնարավոր հանցավոր խմբերի բացահայտման, ինչպես նաև՝  առավել կոշտ դատավարական արձագանքման համար, անհրաժեշտության դեպքում՝ նաև  օրենսդրական նախաձեռնությամբ պայմանավորված իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակման համար:

Հանդիպման ընթացքում  Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը  ներկայացրեց ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված աշխատանքների արդյունքները և մասնակիցներին առաջարկեց նախաձեռնված աշխատանքների կապակցությամբ ներկայացնել առաջարկություններ կամ մասնակցել Կոմիտեում շարունակվող ուսումնասիրություններին:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին