«Տղաներին վերադարձնում են բանտ». «Սասնա ծռերի» գործով դատապարտվածները բերման են ենթարկվել

«Սասնա ծռերի» գործով ազատազրկման դատապարտվածներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը, Գագիկ Եղիազարյանը բերման են ենթարկվել:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին բերման ենթարկելու մասին: Նա հայտարարություն է տարածել՝ նշելով. «Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ»:

Մեկ այլ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:

Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաև Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:

Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:

Հիշեցնենք՝ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանը 2021-ի փետրվարին վճռել էր՝

Պավլիկ Մանուկյանը դատապարտել 7 տարի ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝  7 տարի 4 ամիս։ Վերաքննիչ դատարանը այդ վճիռը թողել էր անփոփոխ: