Զելենսկի՝ Երևանում, Ալիև՝ առցանց․ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

Կարմիր գորգ, գրկախառնություններ, ողջույններ։ Այսօր՝ մայիսի 4-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Տեղում ընթանում է պաշտոնական դիմավորման արարողությունը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ողջունում է Հայաստան ժամանած շուրջ հինգ տասնյակ առաջնորդների։

Երևանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի և Լեհաստանի վարչապետերը, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Առաջին անգամ այս ձևաչափով հանդիպմանը մասնակցում է նաև Կանադայի վարչապետը։

Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի մասնակցում գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Չնայած հրավերին՝ Երևան չի ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ Անկարան ներկայացված է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մակարդակով, որը 2008 թվականից հետո Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովին կմիանա հեռավար՝ տեսակապի միջոցով։ Միաժամանակ, առաջին անգամ Հայաստանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։