Թրամփը երկրորդ անգամ ենթարկվեց իմփիչմենթի

Հեղինակ MediaLab

«Ամերիկայի ձայնը» գրում է

Հունվարի 13-ին, իր պաշտոնավարման ավարտից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի կողմից ձայների 232-ը 197-ի հարաբերակցությամբ ենթարկվեց իմփիչմենթի: Այսպիսով, Թրամփն ԱՄՆ-ի անցած պատմության ընթացքում դարձավ երկու անգամ իմփիչմենթի ենթարկված առաջին նախագահը:

Հունվարի 6-ին իր աջակիցների կողմից Կոնգրեսի շենքը գրոհի ենթարկվելու եւ սկսված բռնությունները դատապարտելու փոխարեն, Թրամփը քննադատում էր դեմոկրատներին, իր դեմ իմփիչմենթի երկրորդ գործընթացը սկսելու համար:

‘’Ես կարծում եմ, որ դեմոկրատների ղեկավարները դրանով իսկ հսկայական վտանգ են առաջ բերում մեր երկրի համար ու` հսկայական զայրույթ’’, ասել է նա:

Փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի օրը հանդիպում էր ունեցել Թրամփի հետ, եւ չէր թվում, որ նա կընդուներ Սահմանադրության 25-րդ հավելումն ուժի մեջ մտցնելու դեմոկրատների կոչը: Հիշեցնենք, որ այդ կետը Փենսին թույլ է տալիս Թրամփին նախագահի պաշտոնում ճանաչել անգործունակ ու նրան հեռացնել պաշտոնից: Այդ պատճառով էլ դեմոկրատները գնում են իմփիչմենթի ճանապարհով:

Չնայած հանրապետականների մեծամասնությունը պաշտպանում է Թրամփին, Ներկայացուցիչների պալատում եղան Թրամփի կուսակիցներ, որոնք միացան նրան անվստահության քվե հայտնելու դեմոկրատների արշավին:

Իմփիչմենթի հարցն այժմ տեղափոխվելու է Սենատ, որտեղ արդեն դատավարության գործընթացը կարող է ավարտվել Թրամփի նախագահության ժամկետի լրանալուց ավելի ուշ: Սակայն այստեղ կարեւորը ժամանակը չէ, այլ փաստը, ասում են դեմոկրատները: Չէ որ իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփն այլեւս երբեք չի կարող դառնալ նախագահի թեկնածու:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփի երկրորդ իմփիչմենթը մի մեծ ստվեր է նետում Հանրապետական կուսակցության վրա, ինչը պիտի ստիպի այս կուսակցությանը մեծ հոգատարությամբ ուսումնասիրել ու փոփոխության ենթարկել այն ուղղությունը, որով կուսակցությունը գնում էր անցած վերջին տարիներին: