Ադրբեջանցի զինծառայողների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է՝ Շուշիից․ Տեսանյութ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրա ներկայացմամբ, Ջոնիկ Թևոսյանը չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են մեր աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում:

«Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:

Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ և հետևողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում», -նշել է Բեգլարյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/artak.beglaryan/videos/3730458263659050