Բաքվի հայերի ջարդերն ականատեսների աչքերով. ԽՍՀՄ քաղաքական և ռազմական գործիչների վկայությունները

Արմենպրես. Բաքվում հայերի վերջին կազմակերպված ջարդերից անցել է ուղիղ 30 տարի։ 1990 թ. հունվարի սկզբին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվող ցույցերն ուղեկցվում էին «Մահ հայերին», «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կոչերով և դարերով այդ քաղաքում բնակվող հայերի հանդեպ ատելության քարոզով։ «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր շարժման կազմակերպած ցույցերից հետո ադրբեջանցիները, իրենց ձեռքում ունենալով հայերի բնակարանների տեղանշումով քարտեզներ, խմբերով հարձակվում էին՝ սպանելով և խոշտանգելով հայկական համայնքի վերջին ներկայացուցիչներին՝ հաշվի չառնելով զոհերի տարիքը և սեռը:

Բաքվի հայերի ջարդերի ընթացքում անմարդկային արարքների, բռնությունների, դաժանությունների, սպանությունների մասին են վկայում այդ օրերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ. Գորբաչովի կարգադրությամբ Բաքու գործուղված ԽՍՀՄ ԳԽ ներկայացուցիչ, կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու Եվգենի Պրիմակովը, ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինը, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերի 106-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Լեբեդը, որը ևս ականատես է եղել հայերի ջարդերին: 

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 12-րդ գումարման 3-րդ նստաշրջանի փակ նիստերի ընթացքում [Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ներում առկա իրավիճակի մասին թեման քննարկվել է փետրվարի 19-ի նիստին] Վ. Բակատինի ելույթը պարզ կերպով ի ցույց է դնում հայերի ջարդերի կազմակերպվածությունը.

«… զանգվածային ջարդերն սկսվել են հունվարի 13-ին և 14-ին: Դրանք ծագեցին անսպասելիորեն, բայց շատ լավ կազմակերպված էին: Նախօրոք տրվել էին [ադրբեջանական ամբոխին] հայերի հասցեները. 5 հազարանոց ադրբեջանական ամբոխը շարժվեց հայերի տների ուղղությամբ՝ սպանելու և թալանելու քաղաքի հայ բնակչությանը։ Այդ իրավիճակում դժվար էր ինչ-որ բան ձեռնարկել, հատկապես եթե հաշվի առնենք  այն փաստը, որ ներքին զորքերի գործողություններն ամեն կերպ արգելափակվում էին նրանով, որ ավազակները որպես կենդանի վահան օգտագործում էին կանանց և երեխաներին»։

ԽՍՀՄ ԳԽ նույն փակ նիստերի ընթացքում Ե. Պրիմակովի ելույթը նույնպես բացահայտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների բնույթը.«Մենք ականատեսն էինք այն բանի, թե ինչպես ստեղծված իրավիճակում, երբ սկսված վայրի հակահայկական ջարդերը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ հանդիսացան,  հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր իրենց տներից զրկվելով արտաքսվեցին հանրապետությունից»:

Քաջատեղյակ լինելով Բաքվում իրականացվող հայերի ջարդերից, այնուամենայնիվ ջարդերի ակտիվ փուլի ընթացքում՝ հունվարի 13-ից մինչև հունվարի 19-ը, երբ հայերին օրը ցերեկով փողոցներում սպանում և խոշտանգում էին,  ԽՍՀՄ ղեկավարությունը դեռևս չէր շտապում միջամտել, չնայած Բաքվում էին գտնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը և կային բավարար թվով զինվորական ստորաբաժանումներ, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել:

Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր Մ. Ս. Գորբաչովը ստորագրել է միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել էր խորհրդային իշխանությունը:

1990թ. հայկական ջարդերը առաջինը չէին և պարզ կերպով ցույց տվեցին, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի առաջին զանգվածային և կազմակերպված ջարդերն իրականացվել էին դեռևս 115 տարի առաջ՝ 1905 թ., որին զոհ էին գնացել հարյուրավոր հայեր, ավերվել էին հայերին պատկանող տներն ու գործարանները: Ջարդերն իրենց շարունակությունն էին գտել 1918 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որին զոհ է գնացել ավելի քան 20 հազար հայ:

20-րդ դարասկզբին և դարավերջին իրականացված ջարդերն ունեն գրեթե նույն ձեռագիրը՝ մարդկանց սպանում էին միայն նրա համար, որ հայ են։ Ռուս գեներալ-մայոր Ալեքսանդր Լեբեդը «За державу обидно» գրքում գրում է, որ «հայերին բռնում և մահացու հարվածներով ծեծում էին, միաժամանակ  [ծեծում էին նաև] հրեաներին, օսերին, վրացիներին, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով նման էին հայերին: Ծեծում էին, ինչպես ասում են, նայելով ոչ թե անձնագրին, այլ դեմքին: Թալանում և ավիրում էին բնակարաններն ու խանութները, հնարավոր բոլոր մանր կրպակները, որոնք պատկանում էին հայերին»[2]։ Նույնը նաև կատարվում էր 1918թ. ջարդերի ժամանակ։ Այդ ընթացքում թուրքական բանակի «Արևելք» խմբի շտաբի պետ, գերմանացի փոխգնդապետ Պարակենը 26.09.1918թ. գեներալ-լեյտենանտ ֆոն Զեեքթիին ուղղված զեկույցում, արտահայտելով իր անհանգստությունը հայերի ջարդերի մասին, նշում է, որ «Այլ վկաների ներկայությամբ մի գերմանացի պատմեց ինձ, որ Նուրի փաշայի համհարզի հետ մի տուն է մտել, որտեղ (առանց սեռի կամ տարիքի խտրության) սպանված, ընկած էին տասներեք վրացի։ Երբ նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վրացիներ են, այսինքն, գերմանացիների հովանավորության տակ գտնվող անձինք, Նուրիի համհարզը ուսերը թոթվելով ասել է. «Նրանց պարզապես հայերի տեղ են դրել» ։ Ոչինչ չէր փոխվել և հունվարյան ջարդերի օրերին. մարդկանց սպանում էին հայ լինելու կամ այս կամ այն չափով հայերին նման լինելու համար։

Հայատյացությունը և ռասիստական քաղաքականությունն այդ երկրում մեկ դար անց էլ օրակարգում է, ինչի ապացույցն են 2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Արցախի Թալիշ գյուղում սպանված և խոշտանգված տարեց բնակիչները, հայկական ազգանվամբ անձանց նկատմամբ պետականորեն իրականացվող ակնհայտ խտրական քաղաքականությունը և այլ նմանատիպ քայլերը: