ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԸ ԾՆԵԼՈՒ Է ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ
Այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամ Հայկ Ստեփանյանի կողմից իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով ՀՀ Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Լուսավոր Հայաստան Կուսակցության և դրա Կառավարման խորհրդի ղեկավար և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցնելու համար։
Միաժամանակ հարցում եմ ուղարկել Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում նախորդ հաղորդումս, որը կցել էին այդ խմբի կողմից քաղաքացուն ինքնադատաստանի ենթարկելու փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին։
Եվս մեկ անգամ նշեմ․ իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի և եթե իրավապահ մարմինները բավարար լուրջ մոտեցում չցուցաբերեն այս երևույթի նկատմամբ և դրա պատասխանատուները չպատժվեն, ապա հավատացած եղեք, որ դա հանգեցնելու է հասարակության, ինչպես նաև պետության ներքին անվտանգության լուրջ սպառնալիքի»։