Տեր-Պետրոսյանի հայտարարությունը երրորդ հանրապետության լուծարման մասին էր. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարության նպատակը ո՞րն էր: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը որոշեց հանդես գալ նման հայտարարությամբ:

– Բացահայտվեց այն, որ տեղի են ունեցել բանակցություններ՝ ուժերը կոնսոլիդացնելու հարցի շուրջ, քանի որ այն հաջողության չհասավ, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային դարձրեց հանրությանը հայտնի հանդիպման անհայտ բովանդակությունը: 

Ամեն բան ուղիղ ասված էր, որևէ տողատակ ես չեմ տեսել: Ինչ վերաբերում է նպատակին, ըստ էության, ՀԱԿ-ի համագումարից առաջ հարկավոր էր հստակություն մտցնել, որպեսզի նաև ՀԱԿ-ի համախոհները անորոշության մեջ չլինեն:

– Այդ հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև հանրության շրջանում: Ինչո՞ւ թե երկու նախկին նախագահները և թե հանրության մի հատվածը չընդունեցին Տեր-Պետրոսյանի առաջարկը:

– Ակնհայտ էր, որ նման կոնսոլիդացիա հնարավոր չէ, որովհետև և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու մտադրություն չէին կարող ունենալ, քանի որ նրանց թվում է, թե իրենց դիրքերն ավելի ամուր կլինեն առանց առաջին նախագահի հետ համագործակցելու: 

Ըստ էության, այս հայտարարությամբ խոսվում էր երրորդ հանրապետության լուծարման մասին, որովհետև այդ առաջարկը նշանակում էր, որ թե՛ այդ հին ուժերը, թե՛ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը պետք է զերծ մնան Հայաստանում պետական կառավարման մասնակցությունից: 

Այս մասով սա շարունակությունն էր այն հայտարարության, որով Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Փաշինյանը չպետք է մասնակցի գալիք ընտրություններին: 

Հայաստանում մեծամասնությունը չի կարող ողջունել Քոչարյանի կամ Սարգսյանի հետ որևէ համագործակցության ձև: Այն քննադատությունը, որը տեսանելի է սոցցանցերում, տրամաբանական է, մարդիկ նման բաներին թերահավատորեն են մոտենում, շատ քչերը հավատացին, որ նախկին երեք նախագահները այսպիսով պատրաստ էին հրաժարվել երկրի պետական կառավարման վրա ազդելուց: 

Ակնհայտ էր, որ նման առաջարկն ի սկզբանե դատապարտված էր բացասական արձագանքի մեծամասնության կողմից, Տեր-Պետրոսյանը, բնականաբար, հաշվի է առել այս հանգամանքը և թերևս գիտակցաբար է հրապարակել այդ որոշումը:

– Քաղաքական ի՞նչ զարգացումների փուլում ենք այժմ, պարո՛ն Ղուկասյան, և ի՞նչ սպասել նախընտրական գործընթացներից:

– Կարելի է ասել, որ ոչ մի փոփոխություն չկա, Նիկոլ Փաշինյանը գնում է իր ընտրած ճանապարհով, Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ փոխել իր ընտրած ռազմավարությունը և գնում է առճակատման: 

Այդ մարդիկ առհասարակ հանրության, ազգի մասին չեն մտածում, շարժվում են բացարձակապես անձնական շահերով՝ փորձելով դա փաթաթել ողջ հանրության վզին: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա իսկապես կարող էր դառնալ կենտրոն, որի շուրջը կարող էին համախմբվել ժողովրդավարական ուժերը, ինչը հիմա անհնար է, և, հավանաբար, ՀԱԿ-ն այս ընտրություններին կմասնակցի իր սեփական ուժերին ապավինելով՝ որպես առանձին միավոր:

– Իսկ գուցե չմասնակցի՞, թե՞ հնարավոր չեք համարում:

– Արդեն էական չէ, որովհետև մինչ այս Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հնարավորություն ուներ Հայաստանում համախմբելու բոլոր ժողովրդավարական ուժերին: Կարծում եմ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նրա հետ հանդիպելուց հետո այդ մեսիջն էր ուղարկում հանրությանը, երբ հրապարակում էր Տեր-Պետրոսյանի լուսանկարը և մեկնաբանում, որ այդ ձեռքերն են կերտել Հայաստանի անկախությունը:

Այսօր տեսնում ենք, որ այդ հնարավորությունը առաջին նախագահը չօգտագործեց, գնաց այլ ճանապարհով: Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց համախմբվել ոչ թե ժողովրդավարական ուժերի, այլ ռեսուրս ունեցող, բայց հակաժողովրդավարական ուժերի հետ: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբումն այլևս անհնար է, երրորդ բևեռը ձևավորվելու է այդ համակարգից դուրս:

Քրիստինե Աղաբեկյան

Medialab.am