ԱՄՆ-ն և Ուկրաինան խիստ դրական են գնահատել պատերազմի դադարեցման հարցով ժնևյան բանակցությունները

The American and Ukrainian flags wave in the wind outside of the Capitol on Tuesday, April 23, 2024, in Washington. The Senate is moving ahead with $95 billion in war aid to Ukraine, Israel and Taiwan. (AP Photo/Mariam Zuhaib)

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, որ առաջընթաց են գրանցել Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած բարձր մակարդակի բանակցություններում, որտեղ քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ 

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնավորապես քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ծրագիրը, որը մտահոգություններ էր առաջացրել եվրոպական մի շարք երկրներում, քանի որ համարել էին, որ այն ավելի ձեռնտու է ռուսական կողմին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը Ժնևում, նշել է, որ բանակցությունները «շատ արժեքավոր» էին և ամենաարդյունավետը «շատ երկար ժամանակի ընթացքում»։

«Ես շատ լավատես եմ, որ մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել», – նշել է Ռուբիոն։

Այնուամենայնիվ, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը մանրամասներ չի ներկայացրել, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը ուկրաինական կողմի հետ բանակցություններում։ Նա նշել է միայն, որ ամենայն հավանականությամբ քննարկումներին առաջիկայում կմիանան ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Անդրադառնալով Թրամփի ներկայացրած վերջնաժամկետին, համաձայն որի ԱՄՆ նախագահը ցանկանում է իր առաջարկների հետ կապված մինչև նոյեմբերի 27-ը պատասխան ստանալ Ուկրաինայից՝ Ռուբիոն նշել է՝ իրենց ցանկությունն է, որ ռազմական ​​գործողություններն ավարտվեն հնարավորինս շուտ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ևս դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ հանդիպումը՝ նշելով․ «Շատ արդյունավետ հանդիպում ամերիկյան պատվիրակության հետ»։ X-ում արած գրառման մեջ նա հայտնել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա «շատ շուտով»։ 

ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետից բաղկացած ծրագիրը, որով առաջարկվում է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, տագնապ է առաջացրել Կիևում և եվրոպական մայրաքաղաքներում։