«Հստակությունները քիչ են, անորոշությունները՝ շատ». ի՞նչ է ենթադրում քաղաքացիների եկամուտների հայտարարագրումը

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մասին Կառավարության նախաձեռնությունը ինքնանպատակ քայլ է համարում:

«Այս նախաձեռնությունը հավանաբար նրա համար է, որ ասեն՝ խոստացել ենք նման համակարգ, ներդնում ենք: Նախագծից պարզ չէ՝ ի՛նչն է այս նախաձեռնության նպատակը»,- «Մեդիալաբին» ասում է Թադևոսյանը:

Նկատենք՝ խոսքը նոյեմբերի 17-ին Կառավարության նիստին հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» փաթեթի մասին է: Այս փաստաթղթով Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարել էր անհետաձգելի, ինչը ենթադրում է, որ Ազգային ժողովը պետք է շատ արագ ընդունի այն: Բայց մինչ այդ, նոյեմբերի 25-ին խորհրդարանում այս թեմայով քննարկում է տեղի ունենալու:

Այս համակարգի ներդրումը Փաշինյանի նախընտրական խոստումներից էր, իսկ առաջարկը ՀՀ ֆինանսների նախարարությանն է:

Ֆինանսական գերատեսչությունն առաջարկում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում, ներդնել Հայաստանի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Ըստ նախագծի՝ հարկային մարմինները կնախալրացնեն հայտարարագրերը՝ եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, և էլեկտրոնային եղանակով կպատրաստեն հայտարարատուի ծանոթացման համար։ Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու նույնականացված տվյալներով մուտք կգործի հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, կստուգի տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կկատարի և հայտարարագրի վերջնական տարբերակը կհաստատի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը։ Եթե քաղաքացին չհաստատի իր հայտարարագիրը, ապա կտուգանվի 20-300 հազար դրամով՝ նայած, թե որ կատեգորիայի հայտարարատու է համարվում:

«Ինչի մասին է այս համակարգը. Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Ընդ որում, չպետք է այս ձևակերպումից վախենալ, առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, եթե սխալ բան կա, ուղղի, բարձրաձայնի դա ուղղելու մասին»,- խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համակարգի ներդրմանը զուգահեռ կներդրվեն խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով: Ինչպես ներկայացրել էր ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորութուն կստանան իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված, հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված, առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշ գումարներ։ Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը կսահմանվեն Կառավարության որոշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում։

Փայլակ Թադևոսյանին, օրինակ՝ հետաքրքրում է՝ ապահովագրական վճարը կարո՞ղ է համարվել առողջապահական ծախս, և արդյո՞ք դրա դիմաց քաղաքացին կրեդիտներ կստանա:

«Բացի այդ, ի՞նչ չափով է վերադարձվելու, ոչինչ հայտնի չէ, դետալացված ներկայացված չէ, հստակությունները քիչ են, անորոշությունները՝ շատ: Պարզ չէ՝ ոնց կաշխատի»,- նշում է կազմակերպության ղեկավարը:

Պաշտոնական շրջանակներից հնչում էին հայտարարություններ, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը նաև պետության համար տեսանելի է դարձնում բոլոր այն ֆինանսական հոսքերը, որոնք մարդիկ ստանում են որպես եկամուտ, բայց չեն հարկվում։ Այսինքն՝ փորձ է արվում նվազեցնել ստվերային գումարների շարժը:

«Ախր ի՞նչ կապ ունեն ստվերն ու հայտարարագիրը, ի՞նչ կապ ունեն դրանք իրար հետ: Օրինակ՝ եթե արհեստավորն աշխատում է, իր հայտարարագիրը տվեց ու որոշ եկամուտ չհայտարարագրեց, ո՞նց են իմանալու ստացած, բայց չհայտարարագրած եկամտի մասին: Ո՞նց դուրս եկավ ստվերից: Ի՞նչ գործիքակազմ են կիրառելու, որ գնան ստուգեն՝ ստվերում է, թե չէ»,- արձագանքում է Փայլակ Թադևոսյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասում է՝ այս նախաձեռնության ներդրման հարցում կարևորը մշակույթն է, երբ քաղաքացին պետության հետ ազնիվ է, տեղեկատվություն է տալիս իր հարկային պարտավորությունների կատարման մասին:

Այս հարցում Փայլակ Թադևոսյանը թերահավատ է՝ հերթական «փնթի նախաձեռնությունն է». «Դե, հենա անկանխիկի մշակույթը ներդրեցին, տեսանք՝ ինչ եղավ: Փնթի ձևով է ներդրվել այդ համակարգը, շատ փնթի, մինչև հիմա POS համակարգերը շատերին դեռ չեն տվել»:

Թադևոսյանը հիշում է՝ 2006-ին ընդունել էին ֆիզիկական անձանց եկամուտների և գույքի հայտարարագրման մասին, որն անփառունակ ավարտ ունեցավ. «Այն ժամանակ ես աշխատում էի ֆինանսների նախարարությունում ու դեմ էի այդ նախագծին, որովհետև ասում էի՝ այդ ծավալով տվյալներ չեք կարող մշակել: Տարան օրենքն ընդունեցին, լիքը մարդ հայտարարագրեր ներկայացրեց, հարկայինի հատակներին կամ ինչ-որ արկղերում գցած էին դրանք: Ոչինչ պետք չեղավ, ու այդ օրենքը չեղարկվեց»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am