Այսօրվա պատսպարումը յուրահատուկ էր և առաձնահատուկ երևի մեր վերջին 30 տարվա պատմության մեջ․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր երեկոյան տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզի առանձին բնակավայրերի քաղաքացիներին՝ կոչին հետևելու և ապաստարաններում պատսպարվելու համար։

Նրա խոսքով, քաղաքացիական պաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել, ինչի շնորհիվ մինչև օրվա երկրորդ կես մարդիկ կարողացել են պատսպարվել։

«Ցավոք, օրվա երկրորդ կեսին ունեցանք վիրավոր Չինարի գյուղում։ Բնակչի վիրավորումից հետո  ԱԻՆ տրանսպորտային միջոցը մոտեցել է համապատասխան աջակցություն ցուցաբերելու, թիրախավորվել է նաև ԱԻՆ ավտոմեքենան։ Ռմբակոծումն իրականացվել են անօդաչու թռչող սարքերից։ Այսօրվա առանձնահատկությունն այն է, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր և առաձնահատուկ երևի մեր վերջին 30 տարվա պատմության ընթացքում. պատսպարման գործողությունները և քաղպաշտպանությունը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա։ Նորություն էր մեզ համար»,- նշեց մարզպետը։

Չոբանյանի խոսքով, հակառակորդի կողմից թիրախավորված է եղել ողջ տարածաշրջանը և կարողացել են ապահովել գրեթե տոտալ պատսպարում նկուղներում, ապաստարաններում, փակ տարածքներում ոչ միայն մարդկանց, նաև տրանսպոտային միջոցները։

Ինչ վերաբերում է հարձակումների հետևանքով առաջացած վնասներին, մարզպետը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը ենթակառուցվածքների, 4-ը տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների և 41-ը շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն, Չոբանյանի խոսքով, ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության։

«Այսօր Բերդ համայնքում ուսումնասիրել ենք շինարարական ռեսուրսները, այդ թվում հաշվառել ենք այն անձանց, որոնք վերադարձել էին հայրենիք և համավարակով պայմանավորված չէին կարողացել մեկնել արտերկիր և արտերկրում զբաղված են եղել շինարարական աշխատանքներով։ Այս ներուժը պիտի օգտագործենք, որ առաջիկայում հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք իրականացնել վթարված շենքերի վերանորոգումը կամ նոր շենքերի կառուցումը», -ներկայացրեց մարզպետը։