Ֆրեյզերի ինստիտուտի կողմից հրապարակվել է «Աշխարհի տնտեսական ազատության 2022թ.-ի տարեկան զեկույց»-ը, որում Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչն ինստիտուտի կողմից Հայաստանին երբևէ տրված ամենաբարձր արդյունքն է: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84 միավոր:
Զեկույցը հիմնված է 2020թ.-ի տարեկան ցուցանիշների վրա և ընդգրկում է աշխարհի 165 երկիր: Տնտեսական ազատության ինդեքսը չափում է երկրների տնտեսական ազատության աստիճանը՝ վերլուծելով մի շարք ցուցանիշներ և ներառելով 5 հիմնական ուղղություններ, ինչպիսիք են՝ Կառավարության որոշումների կայացման տնտեսական հենքերը, իրավական համակարգը և սեփականության իրավունքները, ազգային արժույթի հուսալիությունը և ինֆլյացիայի նկատմամբ դիմադրողականությունը, միջազգային առևտրում ազատության մակարդակը, աշխատանքի և բիզնեսի կարգավորման հետ կապված հարցերը։
2022թ.-ի տարեկան զեկույցի համաձայն՝ տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրներ են համարվում Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան՝ համապատասխանաբար 8.59, 8.48 և 8.37 միավորներով: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ, պայմանավորված 2020թ.-ին համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումներով, աշխարհի երկրների ցուցանիշները նվազել են: