Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը՝ ՔՊ ցուցակում․ ՀԺ

Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ, գրում է Հայկական ժամանակը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու:

Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինիս մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ որ հստակություն լինի՝ հայտարարություն կանեն:

Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով, արդեն համարն է որոշված՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ եւ տեղեկությունը ճշտել:

Մեր տեղեկություններով, ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

Արսենյանը մեր զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը:  

Ինչպես հայտնի է՝ մայիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակների տրամադրման վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին դրանք տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել: