Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

 «Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը:

«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: